Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի ծննդի գումարը հասցեատիրոջը չի հասել

Նոյեմբեր 13,2008 00:00

Իսկ «Փարոսի» նպաստ ստանալու համար չորս երեխա ունեցող ընտանիքին խորհուրդ են տալիս ապրել աղբանոցում, որպեսզի ակնհայտ անապահովի կարգավիճակ ստանան:

Օրերս «Առավոտի» խմբագրություն էր դիմել Շենգավիթ համայնքի բնակիչ Լեւոն Ավագիմյանը: «2007-ի փետրվարի 5-ին ծնվեց իմ երրորդ երեխան, որի ծնունդով էլ դարձա «Փարոսի» անդամ եւ ստացա 35 հազար դրամ միանվագ գումար, սակայն երրորդ երեխայի ծննդի առիթով տրվող միանվագ 200 հազար դրամը մերժեցին ու չստացա: Փետրվար ամսից մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը երրորդ երեխայի համար ստացել եմ 23.500 դրամ նպաստ: 2008-ի օգոստոսի 8-ին ծնվեց չորրորդ երեխաս եւ հենց այդ ժամանակահատվածում էլ կտրեցին 23.500 դրամ վճարվող նպաստը: Չտվեցին նաեւ չորրորդ երեխայիս համար 300 հազար դրամն ու 35 հազար դրամ միանվագ գումարը, պատճառաբանելով, թե չորրորդ երեխայի ծնված ժամանակ հասցեափոխություն եմ արել եւ իրավունք չունեմ ստանալու պետության կողմից վճարվող օրինական եւ հասանելիք գումարը»,- մեզ հետ զրույցում ասաց Լ. Ավագիմյանը:

Նրա խոսքերով, իրականում իրավաբանորեն ոչ մի հասցեափոխություն էլ չի եղել, պարզապես Շարուրի փողոցի օժանդակ տնտեսության 32 բնակարանը խոնավ է եղել եւ 4 երեխաներին պահելու համար պայմանները ոչ բարենպաստ, այդ իսկ պատճառով ժամանակավորապես տեղափոխվել են ծնողների բնակարան, որտեղ ստիպված ապրում են բազմանդամ ընտանիքում՝ հոր, մոր, երկու քույրերի, եղբոր ընտանիքի եւ երկրորդ կարգի հաշմանդամ կրտսեր եղբոր հետ: «Բազմիցս դիմել եմ Շենգավիթ համայնքի «Փարոսի» տնօրեն Ռուզաննա Կռունկյանին եւ խնդրել վճարել իմ երեխաներին հասանելիք գումարը, սակայն ոչ միայն մերժվել եմ, այլեւ կնոջը ոչ հատուկ տոնով եւ պահվածքով նվաստացրել է արժանապատվությունս եւ խորհուրդ տվել 4 երեխաներիս հետ միասին ապրել աղբանոցում, որպեսզի ակնհայտ անապահովի կարգավիճակով իրավունք ունենամ ստանալ այդ գումարը… Լինելով այս պետության քաղաքացին՝ բարեխղճորեն կատարել եմ իմ բոլոր պարտականությունները եւ նաեւ հանուն ազգիս բարգավաճման, չնայած իմ երիտասարդ տարիքին, 4 երեխա եմ ունեցել: Հավատալով երկրի նախագահի եւ պետական մարմինների ընդունած որոշմանը, արդարացիորեն պահանջում եմ այն օրինական գումարը, որը պետության կողմից տրվում է յուրաքանչյուր երեխային եւ բազմազավակ ընտանիքին»,- ավելացրեց պարոն Ավագիմյանը:

Նա բաց նամակով դիմում է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանին, խնդրելով կարգավորել տիրող անարդարությունը. «քանի որ ոչ միայն ես եմ հայտնվել այս անելանելի իրավիճակում, այլեւ ինձ նման շատ հայորդիներ»: Նաեւ պահանջում է նախարարից՝ պատժել այն պաշտոնյաներին, ովքեր ոտնահարել են իրենց իրավունքները. «Ինձ դուրս են շպրտում իրենց աշխատասենյակից եւ հեգնանքով ցույց տալիս բողոքելու ճանապարհները, ասելով, թե ում ուզում եք՝ բողոքեք: «Փարոսից» սպառնում էին, թե եթե գան մեր տուն ու հանկարծ տեսնեն, որ հեռուստացույց ու կահույք ունենք՝ մեզ կհամարեն լրիվ ապահով»: Լ. Ավագիմյանի փոխանցմամբ՝ լինելով բազմազավակ ծնող, ոչ մի արտոնությունից չի օգտվում: 4 երեխաներն էլ անչափահաս են, իսկ 2 դպրոցահասակ երեխաներին մի կերպ են հասցնում հագուստով ու գրենական պիտույքներով ապահովել: Նշենք, որ այս 6 հոգանոց ընտանիքում ոչ մեկը չի աշխատում, նրանք ապրում են պետության տված նպաստով ու եթե հիմա պատկան մարմինների «սպառնալիքներն» իրականանան ու նրանց զրկեն անգամ հացի փողից, ապա դրանով կնպաստեն, որ իրականություն դառնա Ռ. Կռունկյանի տված խորհուրդը՝ աղբանոցից հաց կհավաքեն:

Այս խնդրի առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նպաստի բաժնի պետ Գրետա Գրիգորյանն «Առավոտին» փոխանցեց, որ Լեւոն Ավագիմյանից նույնաբովանդակ նամակ էլ նախարարությունն է ստացել: «2007-ին պարոն Ավագիմյանը չի ստացել միանվագ 200 հազար դրամը, քանի որ այն ժամանակ կարգն ուրիշ էր եւ նա մինչեւ երեխայի ծնունդը պետք է գրանցված լիներ «Փարոս» համակարգում, գրանցված չի եղել, այդ պատճառով զրկվել է գումարից: Այս տարի կարգն ավելի է պարզեցվել, պարզապես իրենց ընտանիքը հաշվառված է այլ հասցեում, բայց փաստացի այլ հասցեում է ապրում: Երեխայի ծնվելուց հետո իրենք 6 ամիս ժամանակ ունեն այդ գումարը ստանալու համար, պարզապես պետք է դիմեն այն մարմնին, որտեղ փաստացի ապրում են: Այստեղ խնդիր չկա եւ դիմելուց հետո իրենք միանվագ գումարները կստանան»: Մեր այն հարցին, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքացու մատնանշած պաշտոնյայի ոչ բարեկիրթ պահվածքի առնչությամբ, տիկին Գրիգորյանը փոխանցեց, որ այդ մարմինը պատկանում է Շենգավիթի թաղապետարանին, ոչ թե իրենց նախարարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել