Լրահոս
Օրվա լրահոսը

Թթուն, բիբարն ու այծի պանիրը՝ բրե՞նդ

Նոյեմբեր 13,2008 00:00

ՀՀ նախագահն ուզում է մեր երկրի համար նոր «բրենդեր» ստեղծել

«8 տարի է՝ այս ցուցահանդեսին մասնակցում ենք, բայց ոչ մի դրական բան չի տալիս: Սա այն տարբերակն է, որ մասնակցում ենք հենց այնպես, բայց որ չմասնակցենք էլ՝ լավ չի լինի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արմպրոդէքսպո-2008» ցուցահանդեսի մասնակից գործարարներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ՝ «գլխի գալիքն» իմանալով: Գործարարի խոսքերով՝ ցուցահանդեսը մի տեսակ ձեւական բնույթ է կրում, քանի որ չկան արտերկրից հյուրեր, որոնք կհետաքրքրվեն իրենց արտադրանքով, իսկ տեղական շուկայում իրենք իրենց ուժերով էլ կարողանում են սեփական արտադրանքն իրացնել: Մի քանի տասնյակից ավելի տեղական արտադրողներ իրենց ապրանքը ցուցադրում էին կառավարության նիստերի դահլիճում: Երեւանի շամպայն-գինիների գործարանի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ շամպայնի իրացման գործում իրենք ոչ մի խնդիր եւ մրցակից չունեն, իսկ գինիների եւ օղու իրացման գործը մի քիչ բարդ է. «Մեզ մոտ դրսի ապրանքներն ավելի շատ են հավանում, բայց տեղականներն էլ վատը չեն: Այդ շուկան մի քիչ լճացած է: Ապրանքն իրացնելու համար ահագին գործ կա անելու՝ գովազդ եւ այլն, բայց այդպես ծախսերը շատ են, ասենք՝ օղին ինքնարժեքով էլ չենք կարող վաճառել»:

Ցուցահանդեսին մասնակցում էին նաեւ արտերկրի մի քանի ընկերություններ: Օրինակ, գերմանական «Bucher Engineering» ընկերությունը արտադրում է սարքավորումներ, որով վերամշակվում են մրգեր եւ հյութեր են պատրաստվում: Ընկերության մոսկովյան ներկայացուցչի խոսքերով՝ շատ գործարարներ հետաքրքրված են իրենց արտադրանքով, սակայն այն բավականին թանկ արժե, եւ ամեն մեկը չի կարող ձեռք բերել:

Բելառուսի Կլինեմանիչի օղու եւ լիկյորի գործարանն էլ իր արտադրանքն էր ներկայացնում: Մեզ հետ զրույցում գործարանի ներկայացուցիչն ասաց, որ իրենք կարող են «գլուխ գովել», քանի որ ցուցահանդեսին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համտեսել է իրենց արտադրանքը եւ շատ է հավանել:

Սերժ Սարգսյանը համտեսում էր սնունդ ցուցադրող գրեթե բոլոր տաղավարների արտադրատեսակները: Նախագահի հանգիստ համտեսն ապահովում էր նրա թիկնազորը, որն այնքան ուժ եւ եռանդ էր ներդրել, որ այցելուները 2 մետր հեռու լինեին նախագահից:

Ընդհանուր առմամբ, ցուցահանդես այցելողներից շատերն անվճար կերուխումի էին եկել: Օղի կամ գինի էին համտեսում, ապա մոտենում էին հարեւանությամբ գտնվող «Արտֆուդի» տաղավարին եւ բադրիջանի խավիարով «զակուսկի» անում: Այցելուներից մեկն անգամ խավիարի հետ հաց խնդրեց, ինչին ի պատասխան՝ «Արտֆուդի» ներկայացուցիչն ասաց. «Սա հո ձեզ համար ռեստորան կամ ճաշարան չէ՞, որ հաց եք ուզում, պիտի կշտանա՞ք»: Սերժ Սարգսյանն իր տպավորությունները կիսելով լրագրողների հետ՝ նշեց. «Մենք պետք է կարողանանք նոր «բրենդ» ստեղծել: Ողջ աշխարհում ճանաչում են հայկական կոնյակը, ծիրանը, պետք է ճանաչեն նաեւ հայկական թթուն, հայկական բիբարը, այծի եւ ոչխարի հայկական պանիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել