Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՀԱՐԶԱՆ՝ ՍԵՐԻԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Նոյեմբեր 13,2008 00:00

Հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող սերիալներն անգամ «տուն են քանդում»

Վերջին 2-3 տարիներին հայաստանյան մի շարք հեռուստաալիքներով հեռարձակվում են «հայկական արտադրության» քրեական բովանդակություն պարունակող սցենարով ֆիլմեր: Այդ բոլոր ֆիլմերում «գողական աշխարհի» ներկայացուցիչները հարցեր են լուծում գողական «ռազբորկաներով», որոնք ուղեկցվում են ժարգոնային բառապաշարով: Մասնագետների ներկայացմամբ, այդ ողջ բառապաշարը թափանցում է մեր կենցաղ, եւ բացի այն, որ այդ արտահայտությունները գործածում են չափահասները, դպրոցահասակ երեխաները ջանասիրաբար սերտում են եւ յուրացնում այդ գողական կերպարներն ու միմյանց հետ սկսում հենց այդ լեզվով շփվել:

Որոշ հոգեբանների կարծիքով, ոչ միայն այդ սերիալները, այլեւ հեռուստաեթերներում եղած մի շարք այլ հաղորդումներ կարող են լուրջ կողմնորոշիչ դեր ունենալ սերնդի դաստիարակման գործում: Եվ քանի որ չկա ազգային գաղափարախոսություն եւ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, ապա այդ բացը լրացնում են սերիալները եւ՝ ոչ լավագույն տարբերակով:

Բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի Խաչատուր Գասպարյանն «Առավոտի» հետ զրույցում մի դեպք պատմեց, երբ իր ուսանողներից մեկի դիպլոմային աշխատանքի թեմայի շուրջ աշխատելու ընթացքում պարզել է, որ մեր երիտասարդությունը չի ճանաչում իր ազգային հերոսներին: Դիպլոմային աշխատանքի հեղինակը հարցում է անցկացրել ամերիկյան, ֆրանսիական եւ բժշկական համալսարանների 2-րդ կուրսի 200 ուսանողների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ գիտեն Անդրանիկ զորավարի, Գարեգին Նժդեհի, Նելսոն Ստեփանյանի, մարշալ Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի եւ այլ հայտնի ազգային հերոսների մասին: Հարցման արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ են եղել. պարզվում է, մեր հայ երիտասարդը Գարեգին Նժդեհին գիտե որպես ընդամենը մետրոյի կայարանի անուն, իսկ, ասենք, Նելսոն Ստեփանյանին ընդհանրապես ծանոթ չեն եղել:

«Սա խոսում է այն մասին, որ հերոսի կերպարը նրանց մոտ բացակայում է: Մեր ազգային արժեքներ կրող հերոսները բացակայում են երիտասարդների արժեկողմնորոշիչ համակարգից: Դա է պատճառը, որ հաղորդումների եւ սերիալների հերոսներն են դրանց փոխարինում: Չկա գաղափարական դաստիարակություն, այս դաշտը բարձիթողի է եւ այդ գաղափարական վակուումը կարող է ամեն տեսակ ցանկալի եւ անցանկալի բաներով լցվել»,- մեզ հետ զրույցում նշեց Խ. Գասպարյանը: Ըստ հոգեբանի, դրա պատճառը տարբեր շերտերում են, պետությունից սկսած՝ մինչեւ ընտանիք, դպրոց. «Եթե այսօր մենք մեր հերոսներին այդպիսի վերաբերմունք ենք ցուցաբերում, որոնք իրենց կյանքն են տվել հանուն մեզ, ապա Աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում արդյո՞ք մեր սերունդը պատրաստ կլինի նույն ձեւով դիմագրավել ապագա հարվածներն ու վտանգը»:

Որոշ սերիալներ այն աստիճան են դարձել մարդկանց կենցաղի անբաժանելի մաս, որ անգամ հանուն սերիալի ամուսինները պատրաստ են բաժանվել: Հոգեբանի պատմելով, երբ ամուսինը որոշել է կնոջն ու երեխաներին տեղափոխել գյուղ, որտեղ եթեր չի հեռարձակվում այն հեռուստաալիքը, որով կինը պետք է իր սիրելի հայրենական արտադրության սերիալը դիտի, կինը որոշել է ապահարզան պահանջել, միայն թե իրեն չբաժանեն սիրելի սերիալից: Հոգեբանի խոսքերով, այս դեպքում, իհարկե, բաժանվելու պատճառն ավելի լուրջ բան է եղել, սակայն սերիալը շարժառիթ էր: Ըստ հոգեբանի, սերիալների մաֆիոզ կերպարներն այնքան են ֆետիշացվել, որ երիտասարդները շատ արագ կրկնօրինակում են. «Օրերս օպերայի մոտ տեսա մի քանի երիտասարդների, որոնք մատով ցույց էին տալիս «Որոգայթ» ֆիլմի աֆիշան, կողքին հայտնի երաժիշտ Արամ Ղարաբեկյանի նկարն էր, նրանք գոնե չհետաքրքրվեցին, թե ով է այդ մարդը: Քիչ այն կողմ՝ ամսագրերի էրոտիկ բնույթի նկարներ էին, այդ երիտասարդները միայն նմանատիպ բաներով էին հետաքրքրվում: Եթե նայենք, թե էկրաններից ինչ տիպարներ են մատուցվում եւ ովքեր են համարվում կայացած մարդիկ, ապա կտեսնենք, որ նրանք թանկարժեք մեքենաներ ունեցողներ են, անպայման՝ ծխող, խոսելու ընթացքում կոպիտ արտահայտություններ են անում եւ այլն: Մենք այդպիսի իմիջ ենք ստեղծել. ստացվում է, որ այսօրվա կայացած մարդը չպետք է գրական խոսի: «Հ1»-ով ինչ-որ բան էին ցուցադրում, դերային խաղ էր, աղջիկը տղային ասում է՝ «յան տուր», նույն օրը ինձ մոտ գալիս է մի կին, որը մասնագիտությամբ լեզվաբան է, ասում է՝ ես սարսափած եմ, երեխաս դպրոցից գալիս է տուն ու մեզ հետ խոսում է այդ լեզվով: Բալանսից ընկել ենք, եւ այն պահելու համար հեռուստաընկերությունները պետք է գոնե ալտերնատիվ բաների մասին էլ խոսեն: Ինչ մատուցվում է՝ մարդիկ այն էլ ընկալում են: Ասեմ նաեւ, որ այդ սերիալները մի տեսակ թերապեւտիկ ազդեցություն ունեն: Շատ մարդիկ այս երկրում իրենց ապագան հստակ չեն տեսնում եւ ապրում են այդ սերիալների հերոսների կյանքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել