Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՇԻ ՊՈՉ, ՈՉ ԹԵ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Նոյեմբեր 13,2008 00:00

Անցած 2 օրերի ընթացքում ո՛չ ՀՀ նախագահի խոսնակը, ո՛չ էլ ԱԳՆ մամուլի քարտուղարն այդպես էլ չարձագանքեցին մեր հարցադրմանը, մինչդեռ խնդրել էինք ընդամենը հերքել կամ հաստատել՝ արդյոք «Առավոտում» նոյեմբերի 11-ին հրապարակված փաստաթղթում շարադրվածը Մադրիդյան սկզբունքնե՞րն են: Ինքներս արդեն պարզել ենք, որ այդ փաստաթուղթը Միջազգային ճգնաժամային խմբի 2007 թվականի նոյեմբերի 14-ի «Risking War» զեկույցի երաշխավորությունների բաժինն է: Սակայն քանի որ դրանից ընդամենն օրեր անց՝ 2007-ի նոյեմբերի 29-ին են Մադրիդում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին պաշտոնապես հանձնվել այդ «սկզբունքները»՝ գուցե նաեւ Միջազգային ճգնաժամային խմբի առաջարկնե՞րն են հիմք ծառայել դրանց համար: Այս ենթադրությունը ծնվել է՝ հաշվի առնելով այն, որ Մադրիդյան առաջարկի այն 10 կետերը, որոնք հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ վերոհիշյալ երաշխավորությունների հետ գրեթե նույնական են: Սակայն խոսնակները նախընտրում են չխոսել:

Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «մադրիդյան սկզբունքները» պարզելու մի փորձ էլ արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ հիշեցնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասածը, թե «այդտեղ որեւէ գաղտնիք չկա»: Երկու անգամ հարցը կրկնելուց հետո՝ ահա թե այս կապակցությամբ հստակ ինչ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Երբ որ մենք հասնենք այն փուլին, որ ինչ-որ մի բան արդեն համաձայնեցված լինի՝ միանշանակ է, որ այդ առաջարկները հանրության քննարկման առարկան կլինեն: Եվ առանց Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կողմից ըմբռնման ու աջակցության՝ Հայաստանի որեւէ իշխանություն դժվար թե գնա այդպիսի պայմանավորվածությունների ստորագրման: Երբ որ մենք հասնենք այդ փուլին՝ այդ ժամանակ դա կհրապարակվի: Իսկ այսօր որեւէ փաստաթուղթ, որը կողմերի համաձայնությամբ կարելի է հրապարակել,… մենք չունենք: Գիտեք, ժամանակի ընթացքում, տարիներ շարունակ բազմաթիվ առաջարկներ են արվել: Եթե ամեն առաջարկը հրապարակվի, եւ հանրության կողմից քննարկվեն այդ առաջարկների ամբողջ փաթեթներն ու տարբեր տեսակի ինչ-որ գաղափարները՝ մենք երբեւէ որեւէ բանի չենք հասնի: Այդպիսի անեկդոտ կա՝ եթե ամբողջ գյուղով գնում են էշի պոչը կտրելու, էշի պոչը չեն կտրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել