Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտափույթ լուծում չի լինելու

Նոյեմբեր 13,2008 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգ չունի. նրա յուրաքանչյուր քայլը ծառայում է մեկ նպատակի՝ պահպանել սեփական իշխանությունը: Այսպիսի տեսակետ է հայտնել «Պոլիտէկոնոմիա» քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը նոյեմբերի 12-ի ասուլիսում, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Ըստ Թեւանյանի, հենց իշխանության պահպանման խնդիրն է պատճառը, որ Ս. Սարգսյանը հակասական հայտարարություններ է անում. նախ համաձայնվում է պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը, հետո կտրականապես դեմ արտահայտվում դրան, մեկ ասում է՝ թող Ադրբեջանը ներդրումներ անի Ղարաբաղում, գուցե դրանից հետո ղարաբաղցիները ցանկանան ապրել Ադրբեջանի կազմում, ապա հայտարարում է, թե Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի լինելու: Իշխանությունը պահելուց բացի, ինչպես նշել է քաղաքագետը, Ս. Սարգսյանը խնդիր ունի ամեն գնով բացել հայ-թուրքական սահմանը: Դրանով նա, ըստ Ա. Թեւանյանի, հարված կհասցնի արմատական ընդդիմությանը, ում ծրագրում մեծ տեղ է հատկացված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Երեւան կատարած այցին՝ Ա. Թեւանյանը հայտարարել է, որ դրանից Հայաստանը ոչինչ չշահեց. շահեցին Թուրքիան եւ ՀՀ նախագահը, որը լեգիտիմության որոշակի էլեմենտներ ձեռք բերեց աշխարհի աչքում: «Այն քաղաքական ուժերը, ովքեր ակնկալում են ԼՂ խնդրի շուտափույթ լուծում, խորը հիասթափություն են ապրելու»,- ասել է Անդրանիկ Թեւանյանը: Նրա համոզմամբ, ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցությունների ակտիվ փուլը ավարտվել է, եւ մինչեւ տարեվերջ բանակցությունները չեն վերսկսվելու: ՀՀ իշխանությունները, ըստ բանախոսի, հակված են ձգձգել հակամարտության ռեալ կարգավորումը, կարծելով, որ եթե Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց 10 տարի ձգձգել խնդիրը, ապա իրենց էլ կհաջողվի: Քաղաքագետի խոսքերով՝ մոսկովյան Հռչակագրի ստորագրումից առաջ ՀՀ իշխանական մամուլը եւ «պալատական մտավորականները» հասարակությանը «զոնդաժ» էին անում՝ ասելով՝ «բա մեզ պե՞տք են այդ ազատագրված տարածքները, մեզ խաղաղություն է պետք»: Նրանք, ըստ քաղաքագետի, ուզում էին համոզել հասարակությանը, որ այդ տարածքների հանձնումն անհրաժեշտ քայլ է: «Սակայն, երբ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ուզում է նաեւ Ղարաբաղը, մերոնք ետ կանգնեցին հանձնելու գաղափարից եւ վազեցին ԼՂ՝ զորավարժությունների, ցույց տալու համար, որ մարտունակ բանակ ունենք»,- ասել է Ա. Թեւանյանը: Նա հայտարարել է, որ եթե անգամ մեկ գյուղ հանձնվի Ադրբեջանին, ձեռքից կգնան նաեւ մյուս բնակավայրերը, եւ այդպիսով ԼՂՀ-ն կկործանվի: Ըստ Ա. Թեւանյանի, տարակուսելի է, որ մի կողմից՝ հայերը հայտարարում են, թե հզոր բանակ ունեն, մյուս կողմից՝ ուրախանում են, թե իբր Հռչակագրով ամրագրվել է ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Իրականում, ինչպես ընդգծեց քաղաքագետը, Հռչակագրում բացակայում է «ուժ չկիրառել» արտահայտությունը. նրանում պարզապես ասված է, որ կողմերը պետք է գնան հարցի լուծման քաղաքական ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել