Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի կպաշտպանենք ԼՂ ժողովրդի իրավունքները

Նոյեմբեր 13,2008 00:00

ՀՀՇ վարչության նախագահը վստահ է, որ մեր հասարակությունը դրան պատրաստ է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հավաստիացրեց, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին դրված «մադրիդյան սկզբունքները» պետք է ներկայացվեն հայ հասարակությանը եւ դառնան լայն քննարկման առարկա: Բայց առայժմ հայ հասարակությունն ընդամենը կցկտուր տեղեկություններ ունի այդ սկզբունքների եւ դրանց տակ թաքնված կարգավորման ծրագրի բովանդակության մասին: Այդուհանդերձ, ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ իշխանական ճամբարը ներկայացնող ՀՅԴ-ն է ահազանգում այդ սկզբունքների հիման վրա ԼՂ հարցի լուծման վտանգավորության եւ ինչ-որ անընդունելի դրույթների մասին: ԼՂ իշխանություններն ու Ղարաբաղի ժողովուրդն ավելի զուսպ են կարգավորման այդ սկզբունքների շուրջ իրենց դիրքորոշումը հայտնելու մասով, սակայն ՀՀ-ում կան ուժեր՝ «Հայ կամավորականների համախմբումը», «Միացումը» եւ այլն, որոնք հույս ունեն, թե հնարավոր է կասեցնել իրադարձությունների՝ արագ տեմպերով զարգացումը, ԼՂ հիմնախնդրի ոչ հայանպաստ լուծման վտանգը, եւ ակնկալում են հասարակության լայն զանգվածների միջամտությունն այս հարցում: Ենթադրվում է, որ միջամտությունը պետք է դրսեւորվի բողոքի բազմահազարանոց ակցիաների տեսքով: Բայց շատերը կասկածում են, թե այսօր հնարավոր է 88-ի ղարաբաղյան շարժումը կրկնել:

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, որը 1988-ի արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից է, մեր հարցին ի պատասխան՝ ասաց, թե 88-ին հայ հասարակության մի ստվար հատված ոտքի էր կանգնել ինքնամոռաց պայքարելու Ղարաբաղի ազատության, Ղարաբաղում ապրող հայ մարդու իրավունքները պաշտպանելու համար: «Ինչ-որ մի պահի այդ շարժման սերուցքը կազմող մարդիկ մեկուսացվեցին նրանց կողմից, ովքեր կամ քիչ առնչություն ունեին, կամ ընդհանրապես չունեին այդ շարժման հետ: Այսօր ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը հասել է մի այնպիսի հանգրվանի, երբ ամեն օր վտանգ կա, որ Հայաստանն ինչ-որ բան կորցնելու է, մեզ ինչ-որ լուծում է առաջարկվելու, որը չի կարող բավարարել նորմալ հայ մարդուն: Ակնհայտ է, որ դրա պատասխանատուն ոչ միայն ներկայիս վարչախումբն է, այլեւ վերջին 10 տարիներին երկիրը ղեկավարած մարդիկ, որոնց գործողությունների հետեւանքով ԼՂ-ն դուրս մնաց բանակցություններից: Բայց ինձ շատ զարմացնում է դիրքորոշումը, որ որդեգրել են ԼՂ իշխանությունները: Նրանք շատ ավելի ակտիվ էին 10 տարի առաջ, երբ ԼՂ հարցի հետ կապված քննարկումներ էին ընթանում, լուծման ուղղությամբ որոշակի զարգացումներ կային: Այսօր նրանք լռում են կամ՝ գրեթե լռում են: Շատ զարմանում եմ, որ չեն խոսում զորիբալայանները եւ մի շարք այլ մարդիկ, ովքեր մինչեւ 98-ը առիթը բաց չէին թողնում՝ արտահայտելու իրենց տեսակետը, դատապարտելու այն ժամանակվա իշխանությանը՝ «պարտվողականության», Ղարաբաղը «ծախելու» մեջ»,- ասաց Ա. Զուրաբյանը: Այդուհանդերձ, նա կարծում է, որ միշտ էլ կլինեն մարդիկ, հասարակության ստվար հատված, որոնք անպայման ոտքի կկանգնեն եւ կպաշտպանեն ԼՂ ժողովրդի իրավունքները. «Այսօր հենց նրա՛նց իրավունքներն են ոտնահարված, եւ դրա պատճառն այն է, որ մեր հասարակությունը ինչ-որ պահ հանդուրժել է մի այնպիսի իշխանություն, որն իրեն չի ներկայացնում, եւ որի գործունեությունն ամբողջովին հակապետական է, հակազգային է: Ըստ իս, ցանկացած հայ մարդ դատապարտված է մտածել սրա մասին, գործել հանուն փոփոխության եւ անել ամեն ինչ, որ այդ փոփոխությունը հնարավորինս շուտ տեղի ունենա»:

Հ. Գ. Ա. Զուրաբյանի հետ հարցազրույցը՝ «Մարտի 1»-ի վերաբերյալ, կարդացեք մեր վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել