Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

Նոյեմբեր 13,2008 00:00

\"\"Կարծում է ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, նկատի առնելով, որ չունենալով ժողովրդի աջակցությունը՝ նա գնում է ԼՂՀ հարցի լուծմանը:

– Գերմանական թերթերից մեկին օրերս տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը»: Նախագահը պնդել է, որ հակամարտության կարգավորման մնացյալ հարցերը ածանցվելու են այս հիմնական խնդրին, մինչդեռ, մայենդորֆյան Հռչակագրի ստորագրումից ի վեր, ընդդիմությունը շարունակում է «բացասական» եւ «ոչ հայանպաստ» գնահատել զարգացումները:

– Խնդիրն այն է, որ լրացել է հակամարտության կարգավորումը ձգձգելու կամ խուսանավելու ռեսուրսը, որը կարողացավ անցած տարիների ընթացքում պահել Ռոբերտ Քոչարյանը: Բայց դա չէր նշանակում, որ հարցը չլուծելով՝ Քոչարյանը ջանում էր ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել ապագայի համար: Այս տարիների ընթացքում Հայաստանը եւ Ղարաբաղը հայաթափվեցին, դարձան կոռումպացված, քաղաքական համակարգերից ու ժողովրդավարական ինստիտուտներից զուրկ: Քոչարյանից Սերժ Սարգսյանի ստացած ժառանգությունն այլեւս տակտիկական մանեւրների հնարավորություն չի տալիս: Դա հաստատում է նաեւ մոսկովյան Հռչակագիրը, որով, փաստորեն, Մինսկի խմբի անդամ Ռուսաստանը դրեց հարցի կարգավորման սկիզբը: Ինչ վերաբերում է այդ հարցազրույցում Սերժ Սարգսյանի ասածներին՝ դրանք բավականին բարի ցանկություններ են եւ էականորեն տարբերվում են Սերժ Սարգսյանի ստորագրած փաստաթղթից՝ մոսկովյան Հռչակագրից, որում հստակ ֆիքսվում է, որ Հայաստանն ընդունում է «Մադրիդյան» սկզբունքների շրջանակներում ԼՂՀ խնդրի կարգավորումը: Հայաստանն ընդունում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն միջազգային կազմակերպությունների կողմից ամրագրված միջազգային կոնվենցիաները: Նման կոնվենցիաներ ընդունվեցին ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵՄ-ի կողմից, եւ դրանք բացարձակ կապ չունեն ազգերի ինքնորոշման իրավունքի հետ, եւ այսօր առաջարկվող լուծումներն իրենց մեջ չեն պարունակում ազգերի ինքնորոշման տարրեր: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ասածների եւ արածների տարբերությունն էական է:

Ղարաբաղն ուղղակիորեն դուրս էր մնացել բանակցային գործընթացից, եւ Մոսկվայում դա ֆիքսվեց: Եթե 1994թ. ԵԱՀԿ-ն ընդունեց, որ Ղարաբաղը կողմ է, ապա 14 տարի անց Մոսկվայում ամրագրվեց, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը վերածվել է հայ-ադրբեջանական տարածքային կոնֆլիկտի:

Այն գինը, որ տվել էր հայ ժողովուրդն այս տարիների ընթացքում, պարզվեց՝ ոչ թե ղարաբաղյան հարցի հայանպաստ կարգավորման համար էր, այլ ընդամենը նրա, որ մի խումբ մարդիկ շատ հարստանան, երկիրը դարձնեն կիսատոտալիտար եւ ընտրություններն էլ ուղեկցվեն մարդասպանություններով:

– Դուք այն գործիչներից եք, որոնք կարեւորում են ԼՂՀ հարցի օր առաջ կարգավորումը: Սերժ Սարգսյանը հիմա դա է փորձում անել. ի՞նչ վատ բան կա դրանում:

– Ես դեմ չեմ: Հիմա խաղաքարտերը Սերժ Սարգսյանի ձեռքում են, եւ կարծում եմ, որ նա իր վրա մեծ պատասխանատվություն է վերցրել, շատ բարդ խնդիր է: Այնուամենայնիվ, նա քաղաքական համարձակություն է ցուցաբերում եւ փորձում է գնալ լուծումների: Մենք պետք է հասկանանք, որ մինչեւ այդ հարցը չլուծվի՝ ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը ապագա եւ հեռանկար չունեն: Մշտապես կունենանք ներկայիս իրականության ավելի վատ վիճակը: Բայց կա խնդիր՝ հարցի լուծման գինը, եւ այստեղ է, որ Սերժ Սարգսյանը պետք է անկեղծ լինի հասարակության հետ: Երբ Սերժ Սարգսյանը «մարտի 1»-ի գնով իշխանության էր գալիս, պետք է հասկանար, որ ղարաբաղյան հարցի լուծումը դամոկլյան սրի պես կախված է իր գլխին: Կա հարցի լուծման երկու տարբերակ՝ պարտադրման եւ ֆունկցիոնալ կատարման: Մենք գնում ենք առաջին տարբերակով:

– Ընդդիմությունը, փաստորեն, հնարավորություն է ընձեռում իշխանություններին պարտադրման ճանապարհով հարցը լուծելու. ի՞նչ եք պատասխանելու հասարակությանը:

– Ընդդիմությունը ժամանակավորապես դադարեցրել է իր քաղաքական պայքարի էլեմենտներից մեկը, որովհետեւ երկրում ստեղծվել է բավականին ծանր քաղաքական եւ հոգեբանական վիճակ, ամեն մի հանրահավաքը կարող էր բերել անցանկալի իրավիճակների: Այս «քաղաքական անդորր» վիճակում իշխանությանը հնարավորություն է տրվում լուծումների գնալ, բայց դա չի նշանակում, որ մենք կհամաձայնենք այն բոլոր լուծումներին, որոնք կլինեն ոչ հայանպաստ: Ընդդիմությունը պատասխանատու չէ իշխանության գործողությունների համար: Ընդդիմությունը պատասխանատու է հասարակության եւ ժողովրդի առջեւ. մենք գնահատում ենք մեր պատասխանատվությունը եւ պատրաստ ենք մինչեւ վերջ կրել այն:

– Ո՞րը կլինի այն բարոյական քայլը, որ հիմա պետք է անի Սերժ Սարգսյանը:

– Որեւէ մեկին, առավել եւս Սերժ Սարգսյանին բարոյականության դասեր տալու ցանկություն չունեմ: Դա յուրաքանչյուր մարդու ներքին էությունն է:

Կան հարցի լուծման քաղաքակիրթ ճանապարհներ, եւ դա իշխանությունները պետք է հասկանան. կա՛մ նախագահի հրաժարականի արդյունքում պետք է ձեւավորվի նոր, ժողովրդավարական իշխանություն, կա՛մ ԱԺ-ի լուծարման եւ նորմալ ընտրություններով ձեւավորված խորհրդարանի ու կոալիցիոն կառավարության հետ աշխատելով՝ փորձ արվի աշխարհին ստիպել, որպեսզի Հայաստանի հետ նորից հաշվի նստեն, կա՛մ այս իրավիճակով գնում ենք փակուղի, որը ոչ մի լավ բանի չի բերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել