Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ…. ԱՊԱ

Նոյեմբեր 13,2008 00:00

\"\"Այսպես են պատգամավորները պատասխանում Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ հարցերին՝ ձեռնպահ մնալով միանշանակ գնահատականներից:

Հոկտեմբերի 31-ին «ՍԻԼ Գրուպ» կոնցեռնը հանդես եկավ հայտարարությամբ՝ իր ողջ կոլեկտիվի, ինչպես նաեւ իր կազմում գտնվող ու համագործակցող կազմակերպությունների անունից դատապարտելով իշխանություններին՝ Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ քաղաքական վրեժխնդրություն դրսեւորելու համար. «Որպես երկար տարիների փորձ ունեցող կազմակերպություն, մեզ համար դատապարտելի են այն բոլոր մեթոդները, միջոցները եւ մեխանիզմները, որոնք ուղղված են գործող ձեռնարկությունները ոչնչացնելուն: Այս մոտեցմամբ գործող իշխանությունը մի բան է ապացուցել, որ այն գործարարները, որոնք կհանդգնեն չառաջնորդվել իրենց խաղի կանոններով, կպատժվեն կամայականության գործիքներով ամենայն խստությամբ: Բոլոր գործարարներին կոչ ենք անում միանալ մեր նախաձեռնությանը եւ պաշտպանել մեր գործընկեր Սուքիասյանների ընտանիքին՝ դրանով իսկ պաշտպանելով բոլոր ձեռնարկատերերին հնարավոր կամայականություններից»: Այս կոչին արձագանքեցին արտերկրի գործարարները, իսկ Սուքիասյանի տեղական գործընկերներն այս առիթով կա՛մ լռում են, կա՛մ տալիս խուսափողական պատասխաններ: Ո՞րն է նման պահվածքի պատճառը՝ հետաքրքրվեցինք նրանցից մի քանիսից:

«Մաքս-Գրուպ» կոնցեռնի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանն ասաց. «Ամեն ինչ որոշվում է իր ժամանակի ու հարթության մեջ: Ով ինչ կարծիք է հայտնում կամ չի հայտնում՝ դրանով ընդամենն իր մասին է տեղեկություն տալիս: Ես երբեք չեմ խուսափել կարծիք հայտնելուց՝ նույն Սուքիասյանների գործի մասին»: Հարցին, թե համաձա՞յն է, որ «ՍԻԼ»-ի նկատմամբ հետապնդումները պայմանավորված են Խաչատուր Սուքիասյանի քաղաքական դիրքորոշմամբ՝ պրն Մանուկյանը պատասխանեց. «Ես մասնակից չեմ եղել քննարկումներին եւ այդ մոտեցումներին, թե ինչ խնդիրներ կան Սուքիասյանների վերաբերյալ: Ու չգիտեմ՝ դա նրանց գործունեությա՞ն հետ կապված խնդիր է, թե՞ այլ: Եթե ցանկություն ունենամ տեղյակ լինել՝ երեւի դրա համար պիտի աշխատանք տարվի»:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր Մանվել Բադեյանն ասաց. «Ես բացարձա՛կ խուսափողական պատասխաններ չեմ տալիս այս հարցին: Այն սահմաններում, որքան տիրապետում եմ տեղեկատվությանը (իսկ ես տեղեկատվությանը չեմ տիրապետում)՝ ասում եմ. երկու տեսակ կարծիք կա՝ մեկը, որ Սուքիասյանի նկատմամբ հետապնդումներն ունեն քաղաքական հիմք, մյուսը, որ ոչ մի կապ չունի քաղաքական հիմքի հետ: Քանի որ հետապնդողը ես չեմ՝ չեմ կարող իմանալ, թե դա իրոք ի՞նչ դրդապատճառով է: Դատապարտելի եմ համարում, եթե հետապնդումը քաղաքական հիմքով է, եւ բնականոն եմ համարում ստուգումները, եթե իրոք այնտեղ խախտումներ են եղել եւ այս տեսակ հետեւանքներ կան»: Մեր հարցին՝ մի՞թե անցած ամիսները բավարար չէին տեղեկանալու համար, թե իր նշած երկու կարծիքներից ո՞ր մեկն է ճշմարտացի, պրն Բադեյանը պատասխանեց. «Իհարկե, ո՛չ: Քանի որ Սուքիասյանին հետապնդելու որոշում կայացնողը ես չեմ, ոչ էլ որոշում կայացնողն ինձ կամ հրապարակավ ասել է, թե նրան քաղաքական հայացքների համար են հետապնդում: Եվ որեւէ մեկն էլ չի ասել, որ դրա համար չեն հետապնդում: Ես չգիտեմ: Ու չեմ էլ կարող իմանալ»:

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր՝ շշերի արտադրությամբ զբաղվող «Սարանիստ» ընկերության հիմնադիր Մելիք Մանուկյանն ասաց. «Ես նախ եւ առաջ՝ պաշտպանում եմ մարդու սեփականության իրավունքը, եւ երկրորդը՝ եթե հարկային դաշտում չունեն խախտումներ, ուրեմն, համարում եմ սխալ: Եվ այս դեպքի վերաբերյալ իմ դիրքորոշումն արտահայտել եմ քվեարկությամբ»: Հիշեցնենք, որ Մելիք Մանուկյանը հոկտեմբերի 20-ին կողմ էր քվեարկել «Ժառանգության» նախաձեռնությանը, որով պիտի քննարկվեր Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու թույլտվություն տալու ԱԺ որոշումը ուժը կորցրած ճանաչելու հարցը:

Կառավարության հետ ԱԺ երեկվա հարցուպատասխանի ժամանակ էլ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց, թե ինչպե՞ս է լինում, որ տարիներ շարունակ լավ համբավ ունեցող գործարարը, որը «չի ունեցել որեւէ խախտում աշխատանքի ընթացքում՝ հանկարծ պետության նկատմամբ կուտակում է միլիոնավոր պարտքեր ու դրա հետեւանքով՝ կորցնում իր սեփականությունը: Ինչպե՞ս ստացվեց, որ «Բջնի» գործարանի նկատմամբ կիրառվեցին այդպիսի սանկցիաներ, որ այսօր այն գտնվում է աճուրդի կենտրոնում: Այլ գործարաններ՝ «Արզնին», «Ջերմուկը», «Դիլիջանը» նույն ձեւով են աշխատում՝ ինչո՞ւ է այսօր մեր կառավարությունը կիրառել նման խտրական մոտեցում»: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պատասխանն էր. «Կառավարությունն այս խնդրով չի զբաղվել: Ուղղակի բնապահպանական տեսանկյունից հաշվարկել ենք այն թողունակությամբ, որը «Բջնիի» թույլտվություններով տրված է եղել: Այդ բնավճարները ներկայացվել են հարկային տեսչություն, որը հաշվարկներ է արել: Դատարանը բավարարել է հայցը: Հետագա գործողությունները կիրառվել են իրենց պարտավորությունները չկատարելու կապակցությամբ»: Հետո ակնհայտ սուտ ասաց, թե «Բջնին» երեւի բոլորն էլ տեսնում են ե՛ւ շուկայում, ե՛ւ մանրածախ, ե՛ւ մեծածախ»: Մինչդեռ ո՛չ խանութներում, ո՛չ սրճարաններում ու ռեստորաններում «Բջնի» վաղուց չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել