Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Նոյեմբեր 12,2008 00:00

Չորս հոգի՝ քառորդ եզրափակիչում

Լիվերպուլում անցկացվող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, նախնական մենամարտերի ավարտից հետո, Հայաստանի ազգային հավաքականի ինն անդամներից պայքարը շարունակում են չորսը, որոնք արդեն մտել են քառորդ եզրափակիչ:

48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, որ վիճակահանությամբ մեկնարկային տուրում ազատ էր, պայքարի մեջ ներգրավվելու էր հենց 1/4 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը լինելու էր տանտերերից Դարրեն Լանգլին: Առաջնության պաշտոնական կայքի տվյալներից դատելով՝ նրանց մարտը պատք է կայանար երեկ:

64 կգ քաշային կարգում Էդուարդ Համբարձումյանն արդեն հասցրել է տանել երկու հաղթանակ: Սկզբում նա 9:5 հաշվով պայքարից դուրս է թողել ուկրաինացի Դենիս Լազարեւին, այնուհետեւ՝ լիտվացի Էգիդիուս Կավալյաուսկասին՝ 6:3 եւ այժմ քառորդ եզրափակիչում հանդիպելու է Գերմանիայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Կերբերի հետ:

Երկու հաղթանակ իր հաշվին գրանցել է նաեւ 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը. հույն Իլիաս Պավլիդիսի՝ 5:4 եւ Վիտալիուս Սուբացիուսի (Լիտվա)՝ 7:4, նկատմամբ: Երրորդ փուլում Ցոլակին սպասում է ուկրաինացի ուժեղ բռնցքամարտիկ Դենիս Պոյցիկան:

Իսկ ահա Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Հակոբյանը (75 կգ քաշային կարգ) առաջին փուլում ազատ էր մարտից: Եվ մեկնարկային հանդիպումը Սեկ Դարիուսի (Լեհաստան) հետ համառ պայքարում միավորների 5:4 տարբերությամբ շահելուց հետո՝ այժմ ուժերը չափելու է իռլանդացի Էմոն Օ Կանեի հետ:

Տեղեկացնենք, որ մեր մարզիկներից յուրաքանչյուրը, ով կհաղթահարի նաեւ քառորդ եզրափակիչի արգելքը, իր համար առնվազն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակրի կոչում կապահովի:

Կպահպանե՞ն օլիմպիական չեմպիոնի կոչումը

Այսօր Դրեզդենում կկայանա շախմատի համաշխարհային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ վաղը գործի կդրվեն առաջին տուրի ժամացույցները:

Մարզաձեւի ազգային ֆեդերացիաների՝ տղամարդկանց 149 եւ կանանց 112 հավաքականներ շվեյցարական մրցակարգով անցկացվելիք մրցաշարի 11 տուրերում կորոշեն օլիմպիական չեմպիոններին եւ մրցանակակիրներին: Հայաստանը, ինչպես տեղեկացրել ենք, մասնակցելու է թե տղամարդկանց, թե կանանց մրցաշարերին: Գործող օլիմպիական չեմպիոն տղամարդկանց ազգային հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը թիմի հիմնական կազմում ընդգրկել է Լեւոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, կյանքին անժամանակ հրաժեշտ տված միջազգային գրոսմայստեր Կարեն Ասրյանին փոխարինելու եկած երիտասարդ Տիգրան Պետրոսյանին, իսկ որպես պահեստային՝ Արտաշես Մինասյանին: Իսկ մեր կանանց ընտրանու մարզիչ Արսեն Եղիազարյանը հրավիրել է Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Նելլի Աղինյանին, Լիլիթ Գալոյանին եւ պահեստային Սիրանուշ Անդրիասյանին:

Շախմատի 2008 թվականի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական կայքում առայժմ մրցաշարի մեկնարկի հետ կապված մանրամասներ չկան: Սակայն հարկ է մարզաձեւի սիրահարներին տեղյակ պահել, թե ինչ նորամուծություններ են կատարվել նախորդների հետ համեմատած:

Եթե նախկինում տղամարդկանց հավաքականները հանդես էին գալիս 4+2, իսկ կանանցը՝ 3+1 ձեւաչափով, այսօր այդ տարբերությունը վերացված է. երկուսի համար էլ գործում է հավասար՝ 4+1 ձեւաչափը: Որովհետեւ, նախկինում տղամարդկանց 2 պահեստայինները փաստացի թիմի կեսն էին կազմում, հետեւաբար՝ մարզիչները ազատ կողմնորոշվելու անհամեմատ ավելի շատ տարբերակներ ունեին, իսկ կանայք զրկված էին այդպիսի հնարավորությունից:

Հաջորդ նորարարությունը միավորների հաշվարկն է: Դրեզդենում, որքան տեղյակ ենք, հաշվարկի հիմքը թիմային միավորներն են (հաղթանակը՝ 2, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր): Այսինքն՝ առանձին տախտակների առջեւ գրանցված հաշիվները նկատի չեն առնվելու: Սա, մեր կարծիքով, դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունի, քանի որ թիմային հաղթանակը, ի վերջո, թվային արտահայտություն ունի՝ 4:0, կամ 3,5:1,5: Եվ այս հաշիվներն անտեսելը, հնարավոր է, սխալ է:

Մեդալների հարուստ հավաքածու

Վրաստանի Ախմետա քաղաքում ավարտվեց ձյուդոյի միջազգային ավանդական պատանեկան մրցաշարը, որին մեր հանրապետությունից մասնակցում էին 26 մարզիկներ:

Հաղթողի կոչում նվաճեցին Գրիգոր Մխիթարյանը՝ 35 կգ քաշային կարգ, Էդգար Միքայելյանը՝ 60, երկրորդ մրցանակակիր դարձան 35 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, որը եզրափակիչում զիջեց իր թիմակցին, Հովհաննես Ալեքսանյանը՝ 40 կգ, Գարիկ Հարությունյանը՝ 50 կգ, իսկ 50 կգ քաշային Նարեկ Դավթյանը, Մհեր Հայրապետյանը՝ 73 եւ Արման Սողոմոնյանը՝ 81 կգ, բավարարվեցին երրորդ տեղով:

Ախմետայի մրցաշարին զուգահեռ, Սեւոստոպոլում անցկացվում էր մարզաձեւի մեկ այլ մրցաշար, որտեղ հանդես եկած մեր չորս ձյուդոիստները՝ Անուշ Հակոբյանը՝ 52 կգ, Գոռ Մկրտչյանը՝ 55, Փայլակ Վարդազարյանը՝ 66 եւ Ռոբերտ Վարդանյանը՝ 73, տարան միայն հաղթանակներ ու ճանաչվեցին մրցաշարի հաղթողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել