Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆՈՐ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ

Նոյեմբեր 12,2008 00:00

\"\"ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրուցը գերմանական «Frankfurter allgemaine Zeitung» թերթին

– Պարոն նախագահ, անցած շաբաթ Մոսկվայում Դուք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն եք ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հակամարտություն, որն այդքան երկար լարված է պահել երկու երկրների միջեւ հարաբերությունները: Ինչպե՞ս է այն այսօր զարգանալու:

– Մեզ համար կարեւոր էր այն փաստը, որ ստորագրվել է մի փաստաթուղթ, որը բացառում է հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով: Իհարկե, սա սոսկ հռչակագիր է, իսկ մենք շատ ուրախ կլինեինք այն հասցնել պայմանագրի: Ինչեւէ, ես չեմ ուզում թերագնահատել այդ փաստաթղթի կարեւորությունը: Նաեւ ուրախ եմ, որ Ադրբեջանը ստորագրել է մի փաստաթուղթ, որը հակամարտության լուծման համար ընդունում է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, այլ ոչ միայն տարածքային ամբողջականության սկզբունքը: Դրական եմ համարում նաեւ այն փաստը, որ, չնայած Մինսկի խմբի գործունեության արդյունավետության մասին վերջերս եղած սուր գնահատականներին, կարեւորվել է Մինսկի խմբի ձեւաչափը, համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դերը որպես միջնորդներ:

– Պատրա՞ստ եք, արդյոք, Ձեր զորքերը դուրս բերելու Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից, ինչպես պահանջվում է:

– Հակամարտության առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը: Այս հիմնական խնդրի լուծմանը կարող են հետեւել մնացած հարցերը: Տարածքների վերահսկումը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ՝ ուղղված է Ղարաբաղի անվտանգությանը: Այսօր մեզ անհրաժեշտ է բանակցել կարգավորման սկզբունքների շուրջ, որին արդեն կարող է հետեւել խաղաղության հիմնական պայմանագիրը: Մեր առջեւ դեռ երկար ճանապարհ կա:

– Դուք ինքներդ Ղարաբաղից եք: Կարո՞ղ է, արդյոք, Ղարաբաղը որպես ինքնավար մարզ մնալ Ադրբեջանի կազմում:

– Խոսքն այնպիսի պայմանների ստեղծման մասին է, որը հնարավորություն կտա անվտանգ պայմաններում ապահովելու բնակչության հետագա զարգացումը: Պատմությունը ցույց է տվել, որ դա Ադրբեջանի կազմում անհնար է: Մենք երբեք չենք մտածել, որ Ղարաբաղը որեւէ կարգավիճակով կարող է մնալ Ադրբեջանի կազմում:

– Դուք վերջերս եղել եք Բրյուսելում: Կարո՞ղ է, արդյոք, ԵՄ-ն օգտակար լինել հակամարտության լուծման գործում:

– Եվրոպան պետք է հստակ մատնացույց անի, եթե կողմերից մեկը շեղվում է ճանապարհից, խախտում է գործընթացի խաղաղ կարգավորման բնույթը: Բացի դրանից, եթե միջազգային որեւէ կազմակերպություն նշում է հակամարտության կարգավորման մեկ սկզբունքի կարեւորությունը, դրանով նա խրախուսում է այդ երկրի գործողություններն այդ ուղղությամբ եւ ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերում: Ամերիկան եւ եվրոպական մի քանի պետություններ Կոսովոյի պարագայում կիրառեցին ազգերի ինքնորոշման իրավունքը: Իսկ երբ նույնը կիրառեց Ռուսաստանը, այն մերժվեց ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից:

– Բայց չէ՞ որ Դուք էլ չեք ճանաչել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը:

– Իրավացի եք: Ինպես հայտնի է, Կոսովոյի անկախությունը նույնպես չենք ճանաչել: Մենք իրավունք չունենք ճանաչելու այդ երկրների անկախությունը, քանի դեռ չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մեր ժողովուրդն այդ քայլը չի հասկանա: Այժմ Դուք ինձ կհարցնեք, իսկ ինչո՞ւ այդ դեպքում չենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Մենք համարում ենք, որ անկախության ճանաչումը գործընթացի վերջին քայլն է: Մենք այնքան ուժեղ չենք՝ միակողմանիորեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը եւ դրանով իսկ ավարտված համարելու գործընթացը:

– Ինչպիսի՞ աշխարհաքաղաքական հետեւանքներ ունեցավ Վրաստանի պատերազմը Ձեզ համար:

– Իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչքան խոցելի է ամբողջ տարածաշրջանը: Վրաստանը չափազանց կարեւոր է մեզ համար, քանի որ մեր երկրի արտաքին առեւտրի 70%-ից ավելին անցնում է այդ երկրի տարածքով: Այնտեղ բնակվում են 350000 հայեր: Միաժամանակ՝ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք: Մեզ համար կարեւոր էր ներդաշնակեցնել այս երկու տարբեր պարտավորությունները, ինչը, կարծում եմ, մեզ հաջողվեց: Մենք Վրաստանի հետ տարբեր սկզբունքային խնդիրների վերաբերյալ ունենք տարբեր մոտեցումներ, սակայն, բնականաբար, խուսափել ենք այն ամենից, ինչը կարող էր որպես թշնամանք դիտվել: Եվ չնայած պատերազմի հետեւանքով տարածաշրջանում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխություններին, փառք Աստծո, կարող եմ ասել, որ հայ-վրացական եւ հայ-ռուսական հարաբերությունները դրանից չեն տուժել:

– Դուք նաեւ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրի անդամ եք: Նշանակո՞ւմ է, որ պատերազմից քաղված դասն այն է, որ Դաշինքը պետք է հեռու մնա Կովկասից:

– Ես չէի կիսի Ձեր բառընտրությունը: Այդ դեպքում հնարավոր չէր լինի ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացումը: Մենք համարում ենք, որ Դաշինքի հետ մեր համագործակցությունը մեր անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է: Մյուս կողմից մենք չենք ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցության: Նոր բաժանարար գծերի ստեղծումը մեր տարածաշրջանում խիստ վտանգավոր կարող է լինել: Սա է վրացական պատերազմից քաղած դասը:

– Ձեր հարեւանները պե՞տք է դադարեցնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումները:

– Ես ուրիշ երկրների անունից չեմ կարող խոսել: Վերջին 10 տարիներին մենք ձգտել ենք վարել այնպիսի հավասարակշռված քաղաքականություն, որը համատեղելի լինի Ամերիկայի, Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի շահերին: Այս ուժերի տարաձայնություններից օգուտ քաղելը կարող է գայթակղիչ լինել, բայց, միեւնույն ժամանակ, այն շատ վտանգավոր է:

– Վերջերս Թուրքիայի նախագահին հրավիրեցիք Հայաստան՝ դիտելու ֆուտբոլային խաղ: Ողջ աշխարհը ողջունեց Ձեր այդ քայլը: Այսօր թուրքերը առաջարկում են պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել՝ 1915թ. Հայկական ցեղասպանությունը հետազոտելու համար: Արդյո՞ք դա օգտակար կլիներ:

– Դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա: Մենք չենք կարծում, որ դրանով հնարավոր կլիներ որեւէ բանի հասնել: Մենք ցանկանում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ, բացել սահմանները, այնուհետեւ միջկառավարական գործընթացի մակարդակով կարող ենք քննարկել հարեւան երկրներին վերաբերող բոլոր հարցերը: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մենք նախապայման չենք համարում հարաբերությունների հաստատման համար: Մենք ցանկանում ենք վերջինս, բայց ոչ՝ ամեն գնով: Եվրոպական երկրները եւս ժամանակին պատմական հանձնաժողովներ չեն ստեղծել՝ նորմալ հարաբերություններ զարգացնելու համար: Նման քայլը կարող է նաեւ նշանակել փորձ՝ մոլորության մեջ գցելու միջազգային հանրությանը, հատկապես, երբ այն տարիների գործընթաց է:

– Կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը դեպի Եվրոպա էներգակիրների տարանցիկ ճանապարհ դառնալ՝ ինչպիսին այսօր Վրաստանն է:

– Ես չեմ կարծում, որ մենք պետք է ձգտենք փոխարինել որեւէ մեկին: Բայց որ նպատակ ունենք ունենալ զարգացած ենթակառուցվածքներ, ստեղծել մատակարարման այլընտրանքային ճանապարհներ՝ սա միանշանակ է: Մենք կցանկանայինք, որպեսզի վերաբացվեր մեր հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Մենք ցանկանում ենք նաեւ Հայաստանում հյուսիս-հարավ ուղղությամբ երկաթուղագիծ կառուցել, որը հետագայում Հայաստանը կարող է կապել Իրանին: Ինչքան զարգացած եւ բազմազան լինեն մեր ենթակառույցները՝ այնքան գրավիչ եւ անվտանգ կլինի Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել