Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 12,2008 00:00

Միջազգային կինոդպրոց՝ Երեւանում

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ Երեւանում հիմնադրվել եւ արդեն սկսել է գործել Սեւծովյան ավազանի եւ Կովկասյան տարածաշրջանի համագործակցության երկրների բարձրագույն կինոդպրոցը: Նոյեմբերի 11-17-ը նորաբաց կինոդպրոցում իրանցի հայտնի կինոռեժիսոր Աբաս Քյառոստամին կղեկավարի առաջին դասընթացին մասնակցող 30 երիտասարդ ռեժիսորների կուրսը: Կինոդպրոցի կողմից իրականացվող դասընթացներին զուգահեռ՝ կանցկացվեն նաեւ գործնական կինոաշխատանքներ, որոնք կուրսի ավարտին կտան շոշափելի արդյունք՝ ֆիլմի տեսքով: Կինոդպրոցի համար հատկացված 100 քմ տարածքում, որը գտնվում է Պարարվեստի ուսումնարանի շենքում, սկզբնական շրջանում կգործի նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գրասենյակը: Ի դեպ, սա այն տարածքն է, որտեղ մի ժամանակ գործում էր մշակույթի նախարարության արխիվը: Նախնական ծրագրով դասընթացները կկազմակերպվեն ռեժիսորների, հետագայում՝ օպերատորների եւ կինոգետների համար:

Միջազգային այս բարձրագույն կինոդպրոցում ոլորտի վերաբերյալ դասախոսություններ ու վարպետության դասեր կանցկացնեն միջազգային ճանաչում ունեցող այնպիսի կինոռեժիսորներ եւ կինոգործիչներ, ինչպիսիք են Ատոմ Էգոյանը, Յոս Ստելլինգը, Գոդֆրի Ռեջոն, Քշիշտոֆ Զանուսին, Վիմ Վենդերսը եւ այլք: Կինոդպրոցի բացման եւ դասընթացի անցկացման համար Երեւան ժամանած իրանցի կինոռեժիսոր Աբաս Քյառոստամին շնորհավորեց կինոդպրոցի հիմնադրման կապկցությամբ եւ նշեց, որ իր համար չափազանց մեծ պատիվ է, որ հենց իրեն է վստահված առաջին դասընթացի անցկացման պատիվը: Նշենք, որ այս միջոցառմանը «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները «Առավոտին» չէին հրավիրել, այս էլ որերորդ դեպքն է՝ նրանք վրեժխնդիր են լինում «Ոսկե ծիրան-2008»-ը քննադատելու համար:

Ե. Հ.

Հոգեւորականների բախումը կազմակերպվա՞ծ էր

Կիրակի օրը Երուսաղեմի սուրբ Հարություն տաճարում հայ եւ հույն հոգեւորականների բախման մասին, ըստ panorama.am-ի, պարզաբանումներ տվեցին Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր Վարդան Դեւրիկյանը: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նշեց, որ հայ հոգեւորականները այդ օրը նշում էին Գյուտ խաչի տոնը, իսկ հույն հոգեւորականները, որոնք այդ պահին իրավունք չունեին տաճարում գտնվել, եկել եւ խանգարել են արարողությունը, դրա համար հայ եւ հույն հոգեւորականների միջեւ բախում է սկսվել: Նրա խոսքով, այդ տոնը նշելու ժամին հույները իրավունք չունեին ներկա գտնվել, քանի որ հայերի, հույների եւ լատինների համար սահմանված է ստատուս քվո:

Ըստ կանոնադրության, այդ երեք ազգերը այդ տաճարում տոները նշելու համար ունեն սահմանված ժամեր եւ ոչ մեկը իրավունք չունի այդ օրենքը խախտել: «Եթե հույները հարգանք ունենան այդ ստատուս քվոյի նկատմամբ, ապա նման խնդիրներ չի ծագի»,- հավելեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ըստ որի՝ այդ բախումը կազմակերպված էր, քանի որ, ընդհանրապես, այդ տոնը միշտ անշուք է անցել՝ միայն հայկական համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ, բայց այս անգամ, հետաքրքիր է, թե ինչպես աշխարհի բոլոր հայտնի հեռուստաընկերությունները եւ այդ երկրի ոստիկանական ջոկատները տաճարի կողքին էին: «Հույները շատ լավ գիտեին, որ եթե իրենք խանգարեն արարողությունը, ապա հայերն ինչպես պետք է՝ կհակազդեն»,- հավելեց նա:

Ո՞ւմն է բանասիրականի բակը

«Առավոտը» էլեկտրոնային հասցեով նամակներ է ստանում իր ընթերցողներից: Դրանցից մեկն այս անգամ վերաբերում էր ԵՊՀ-ին: «ԵՊՀ ռեկտորն իր գործունեության իմաստը տեսնում է համալսարանում ֆեոդալական շերտավորման ներմուծման մեջ: Պարոն Արամ Սիմոնյանը հիմա էլ զբաղված է համալսարանի աշխատողների ավտոկայանների «կարգավորմամբ»: Առաջին հերթին «կարգավորվում» է ԵՊՀ աշխատակազմի սուբորդինացիան: Օրինակ, այսուհետեւ բանասիրական ֆակուլտետի ընդարձակ բակում իրենց մեքենաները կանգնեցնելու իրավունք  ունեն միայն 9 գիտության դոկտորները, որոնց հատուկ անցագրեր են տրված՝ դարպասը հսկող պահակին ներկայացնելու ու մեքենայով բակ մտնելու համար»,- ասվում է նամակում, որտեղ նաեւ նշված է, թե այդ իրավունքից զրկված են գիտության թեկնածու ու գիտական կոչում չունեցող դասախոսներն ու ուսանողները:

Այս առիթով ԵՊՀ տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ Կարեն Գրիգորյանն «Առավոտին» հեռախոսով հայտնեց, որ բանասիրականի բակում իրենց մեքենաները կարող են կանգնեցնել բոլոր դասախոսներն՝ անկախ կոչումից ու աստիճանից: Նրա փոխանցմամբ, բոլոր ֆակուլտետները ներկայացրել են, թե իրենց քանի տեղ է հարկավոր, ինչի հիման վրա էլ անցագրեր են պատրաստվել, ինչ վերաբերում է ուսանողներին, նրանց մեքենաները, պարզվում է, իրոք տեղ չեն կարող «հավակնել» նշված տարածքում: «Ի վերջո, այդտեղ մեքենաների կայանատեղի չէ»,- ասաց Կ. Գրիգորյանն ու եզրակացրեց, որ բողոքողների թվում հավանաբար ժամավճարով աշխատող դասախոսներ կան, որոնք ամեն օր չեն հաճախում համալսարան եւ նրանց տրված չէ մեքենան կայանելու ԵՊՀ-ական փաստաթուղթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել