Լրահոս
Օրվա լրահոսը

«Գավառականություն է գրված «Հ1»-ի դրոշին»

Նոյեմբեր 12,2008 00:00

Հայտարարում է ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ ԱԺ պատգամավոր, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, որոնք խոսեցին այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Հանրային հեռուստաընկերությունը:

Ա. Ադիբեկյանի խոսքերով, «Հ1»-ը համահունչ չէ երկրորդ սերնդի բարեփոխումներին, որոնք նախաձեռնել են ՀՀ նոր նախագահն ու վարչակազմը: «Այնտեղ ինչ-որ մեկն իր նստած տեղից որոշում է՝ այս հարցազրույցը եթեր տա՞, թե՞ ոչ, կամ դրա ո՞ր մասը տա, իսկ այս ամենը հակասում է այն կարգավիճակին, որը պետք է ունենա Հանրային հեռուստատեսությունը: Այսքան ժամանակ երբեք չենք տեսել, որ որեւէ թերթով կամ հեռուստատեսությամբ «Հ1»-ի պրոդյուսերի, ծրագրի ղեկավարի կամ քաղաքական մեկնաբանի մրցույթ լինի: Բոլոր պետական ծառայողները մրցույթով են անցնում, իսկ այնտեղ թե ո՞նց են անցնում, ո՞վ է անցնում՝ մեզ համար պարզ չէ: Վարչապետի, նախագահի պահանջներն են՝ լինել պարզ եւ թափանցիկ կառավարման համակարգ, բայց չգիտես ինչու՝ շեշտը դրեցին ինտերնետային կայքեր ունենալու վրա, չնայած հեռուստատեսությունն ավելի մատչելի է բնակչությանը: Ո՞վ է իրավունք տվել «Հ1»-ին՝ ունենալ քաղաքական մեկնաբան, որը գնահատական է տալիս, ո՞ւմ տեսակետն է նա պաշտպանում, ո՞ր դիրքից է նա: Եթե լիներ կուսակցական մարմին՝ հասկանալի կլիներ: «Հ1»-ը պիտի պարտադիր ժանրային պահանջները պահպանի, ռեպորտաժը դա ռեպորտաժ է ու նա գնահատական տալու իրավունք չունի: Քանի որ պետությունը հատուկ միջոցներ է տրամադրում այս կազմակերպությանը, ապա դա նշանակում է՝ նա կոմերցիայից պիտի հեռու մնա, չաշխատի հանուն գումարի եւ ունենա ռեյտինգային հաղորդումներ, իսկ գովազդն էլ չպետք է լինի գերնպատակ: Ամենատխուրը վստահության վարկանիշն է. «Հ1»-ն ունենալով ամենամեծ լսարանը, որը քաղաքական ինֆորմացիայի սպառման առումով հասնում է 60%-ի, ունի ընդամենը 30% վստահություն: Մեր ընտրողների 60%-ն իշխանամետ է ու թվում է՝ նրանք պետք է ավելի շատ վստահեն «Հ1»-ին, բայց պարզվում է՝ միայն կեսն է վստահում»,- կարծիք հայտնեց սոցիոլոգը:

Լ. Ալավերդյանն էլ նշեց. «Հանրային հեռուստատեսությունն իր կոչումով եւ պետության կայացման առումով պետք է կարեւոր նշանակություն ունենա՝ ի տարբերություն մնացած հեռուստաալիքների: Վերջիններս կարող են ավելի ազատ լինել իրենց քաղաքականության ընտրության մեջ, մինչդեռ Հանրայինը պարտավոր է ենթարկվել գոյություն ունեցող օրենսդրական նորմերին: «Հ1»-ը ստեղծման օրից չի գործում օրինական ձեւով՝ ամեն օր, ամեն ժամ խախտում է օրենքը»: Ըստ Լ. Ալավերդյանի. «Ներկայումս քաղաքական առումով «Հ1»-ը մի խումբ մարդկանց կամ մեկ անձի սպասարկող է, իսկ մշակութային կամ այլ ծրագրերի առումով էլ գավառականություն է գրված նրա դրոշին: Ես բարձր կարծիքի եմ Ալեքսան Հարությունյանի անձնական ճաշակի մասին, բայց տեսնում եմ, որ այդ ճաշակին հակառակ է «Հ1»-ն աշխատում, ու տվյալ դեպքում ամենամեծ թերությունը կամակատար լինելն է: Այսօր «Հ1»-ը կառավարվում է ռաբիս ձեւով»: Դառնալով խորհրդարանում «Հ1»-ի վերաբերյալ քննարկումներից ստացած իր տպավորությանը, տիկին Ալավերդյանը հայտնեց. «Կա՛մ հաշված օրեր են մնացել «Հ1»-ի ղեկավարությանը, կա՛մ նրանք կարծում են՝ իրենց դեմ խաղ չկա»:

Ա. Ադիբեկյանն էլ հավելեց. «Երբ ԱԺ-ում Հանրայինի վերաբերյալ քննարկումներ էին ընթանում, պարոն Ալեքսան Հարությունյանը ոչ միայն 50 րոպե ուշացումով ներկայացավ, այլեւ ասաց՝ դուք գնահատական տվեք, իսկ ով պետք է իմ վերաբերյալ որոշում կայացնի՝ նա այստեղ չէ: Խնդիրն այն է, որ պարոն Հարությունյանին նշանակում է երկրի նախագահը, դրա համար էլ ոչ մի քննադատություն նրա վրա չի ազդում, որովհետեւ միայն նախագահը կարող է նրան հանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել