Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԴԻՄԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Նոյեմբեր 12,2008 00:00

\"\"Արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող 43-ամյա Արայիկ Աղաբաբյանն օրեր առաջ վիրահատության ենթարկվեց դատապարտյալների հիվանդանոցում: Նրան վիրահատեց պրոֆեսոր Պավել Անանիկյանը:

Ա. Աղաբաբյանը, մինչ «Էրեբունի» ՔԿՀ տեղափոխվելը, գտնվել է Աբովյանի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում, ապա արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում: Նա Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության համար, անչափահաս երեխայի ներգրավմամբ, իսկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից նրա պատժաչափը դարձել է 7 տարի: Ա. Աղաբաբյանը նախկինում եւս դատված է եղել (հիվանդանոցի դուռը կոտրելու, բժշկուհուն ապտակելու համար):

Դատապարտյալը, որը հրավիրել էր մեզ ՔԿՀ, հանդիպման ժամանակ ասաց, որ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված իր դատավճռի եւ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Նա ՀՀ կառավարությունից որպես փոխհատուցում է պահանջում 7մլն 470 հազար եվրո: Իսկ թե ինչո՞ւ է նա այդքան գումար պահանջում, բացատրեց այսպես. «Այն պայմանավորված է իմ ապօրինի ազատազրկման հետ: Իմ գործի նման կա նախադեպ. մի լեհ՝ ընդդեմ իր պետության»: Դատապարտյալն իր յուրաքանչյուր անազատ օրը գնահատում է 15000 եվրո: Հաշվարկը սկսվել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավճռից հետո. անցյալ տարվա հոկտեմբերից: Նա դատարանին տեղեկացրել է, որ իր դեմ մեղադրանք առաջադրող, նախաքննություն իրականացնող մարմինը դատախազությունն է եղել, ինչի իրավասությունն այս տարվա հունվարից նա չուներ: Իսկ ի՞նչ է գրել Ստրասբուրգի դատարանին դիմելով՝ «Առավոտի» հարցին դատապարտյալը նշեց. «Խախտվել է արդար դատաքննության իրավունքը: Առաջին ատյանի դատավարության ժամանակ դատավոր Գ. Հեբոյանի անձնական վիրավորանքին տվել եմ համարժեք պատասխան: Նա վիրավորել է իմ արժանապատվությունը, ծաղրել է ինձ, ինչի իրավունքը հաստատ չուներ: Ինձ դատապաշտպան չեն տրամադրել, անգամ հանրային պաշտպան չեմ ունեցել, հեռացրել են դատարանի դահլիճից: Հաջորդ դատական նիստին, առանց վերջին խոսքս լսելու, դատավարությունը համարել է ավարտված եւ դատավճիռս է հրապարակել: Ինձ դատարան էին տանում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից»:

Դատապարտյալը ՄԻԵԴ-ին տեղեկացրել էր նաեւ, որ իր դատավճիռը չի կարողացել բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարանում, քանի որ այնտեղ արտոնագրված փաստաբանը մերժել էր բողոք բերելը. «Նրա պատասխաններն ուղարկել եմ Ստրասբուրգ: Փաստաբանն ասել էր, որ հիմքեր չկան վճռաբեկ դիմելու»:

Հ. Գ. Ա. Աղաբաբյանն ասաց, որ փնտրում է Եվրոդատարանի երեւանյան գրասենյակի հեռախոսահամարը, քանի որ գործող հեռախոսահամարից ասում են, որ գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը: Նույն խնդրանքով մեզ մի քանի օր է, դիմում են նաեւ այլ քաղաքացիներ: Այդ խնդրին ավելի մանրամասն կանդրադառնանք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել