Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդատանը ծնվելը վտանգավոր է

Նոյեմբեր 12,2008 00:00

Վանաձորի ծննդատանը երեխա լույս աշխարհ բերելու համար չկան ամենատարրական պայմանները:

Շուրջ 10 տարի առաջ տնակային պայմաններում գործող Վանաձորի թիվ 1 հիվանդանոցին պետբյուջեի պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ է հատկացվել՝ հիմնանորոգելու համար: Հիվանդանոցը վերակառուցելու նախաձեռնությունը ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանինն էր: Պատգամավորի ներկայացմամբ, Վանաձոր այցելած նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը զարմացել է, երբ տեսել է, որ գլխավոր հիվանդանոցը գտնվում է փայտաշեն միհարկանի տնակում: Հիվանդանոցը վերակառուցվեց իր նախկին տեղում՝ քաղաքի կենտրոնում, սակայն, ինչպես նշում է Վիկտոր Դալլաքյանը, մանկաբարձական ստացիոնար բաժանմունքը (ծննդատունը) մինչ օրս էլ «խայտառակ» վիճակում է: Վերջին տարիներին տեղի ունեցած օպտիմալացման արդյունքում ծննդատանը հատկացվեց ուրոլոգիական բաժանմունքի շենքը, որն, ըստ մասնագետների, ընդհանրապես չի համապատասխանում չափանիշներին:

«Առավոտի» հետ զրույցում Վանաձորի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ Արամ Ավալյանն ասաց, որ որքան էլ վերանորոգվի ծննդատան շենքը, այն չի բավարարում ծննդատուն լինելու պահանջներին: Նրա խոսքերով. «Իհարկե, անհրաժեշտություն է վերանորոգումը, սակայն անհրաժեշտ են նոր տարածքներ եւ ծննդատանը հարիր շենքային պայմաններ»: Ծննդատան պայմաններն այնքան անմխիթար են, որ, պարոն Ավալյանի ներկայացմամբ, հնարավոր չէ պահպանել հիվանդների մուտքը «մաքուր» եւ «կեղտոտ» հոսքերի սկզբունքով, չկա մշտական ջրամատակարարում, անհաս նորածիններին պահելու ակվարիումները խորհրդային տարիներից են պահպանված եւ դրանց մեծ մասն արդեն արխիվում է: Նշենք, որ անցյալ տարի առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչությունը՝ Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մանկաբարձական ստացիոնարում իրականացրած ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ է հայտնաբերել: Մասնավորապես՝ շենքային անհամապատասխան պայմանների պատճառով հնարավոր չէ մեկ մահճակալին 7քմ մակերես հատկացնել՝ ինչպես պահանջվում է սանիտարական նորմերով:

Տեղեկացանք, որ այս տարի Վիկտոր Դալլաքյանը կրկին դիմել է կառավարությանը՝ ծննդատունը հիմնանորոգելու եւ նոր մասնաշենք կառուցելու համար: Վ. Դալլաքյանի խոսքերով, այս տարվա հոկտեմբերի 8-ին կառավարության նիստում ընդունվել է որոշում, որով պահուստային ֆոնդից կրկին 100 միլիոն դրամ պետք է հատկացվեր ծննդատան մասնաշենքին՝ այն հիմնովին նորոգելու համար: Սակայն մինչ օրս նշյալ գումարն այդպես էլ չի հատկացվել: Վ. Դալլաքյանի խոսքերով. «Նոր մասնաշենքի կառուցման խնդիրը, ըստ էության, կարող է լուծվել «Կարեն եւ Սամվել Կարապետյաններ» բարեգործական հիմնադրամի միջոցներով (Կարեն Կարապետյանը նախագահի աշխատակազմի ղեկավարն է, իսկ նրա եղբայրը՝ Սամվել Կարապետյանը, գործարար՝ Մոսկվայում- Ա. Ք.): Ես զրույցներ եմ ունեցել Կարեն Կարապետյանի հետ այս թեմայի շուրջ: Այս հարցի հետ կապված՝ ինձ խոստացել է աջակցել նաեւ ՀՀ նախագահը»:

Վ. Դալլաքյանը հույս ունի, որ Կարապետյան եղբայրների հետ ծրագիրն իրագործելու դեպքում՝ նոր մասնաշենքը կհամալրվի նաեւ նոր տեխնիկական միջոցներով: Իսկ հիվանդանոցի մշտական ջրամատակարարման հարցն առայժմ անլուծելի է: Վ. Դալլաքյանի խոսքերով, այդ խնդիրը ողջ Վանաձորում է առկա. «Ինչ խոսք, ծննդատանը մշտական ջուր է անհրաժեշտ, իսկ ես գիտեմ, որ այնտեղ եղել են դեպքեր, երբ 2 օր շարունակ ջուր չի եղել»:

Հ. Գ. Ծննդատան շենքի վերանորոգման աշխատանքները կսկսվեն 2010 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել