Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐՆ ԻՄՈՒՆԻՏԵ՞Տ ՈՒՆԵՆ

Նոյեմբեր 12,2008 00:00

\"\"Որոշ բանկերի պաշտոնյաներ հավաստիացնում են, որ միջազգային ֆինանսական ճգնաժամը մեր բանկերի վրա չի անդրադառնում, ավելին, իրենց գործերն ավելի լավ են, քան առաջ:

Վերջին 1-2 ամիսներին հայաստանյան որոշ բանկեր զսպել կամ ընդհանրապես դադարեցրել են վարկերի տրամադրումը: Եթե նախկինում ցանկացած չափահաս քաղաքացի աշխատանքի վայրից տեղեկանք ունենալու դեպքում կարող էր առանց որեւէ խնդրի, ասենք, սպառողական վարկ ստանալ, ապա այսօր բանկերը աշխատում են բավարարել հիմնականում իրենց հին հաճախորդների պահանջարկը: Մի քանի տոկոսով բարձրացվել են նաեւ տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Ավանդատուներին շահագրգռելու նպատակով, մի շարք բանկեր ներդրած գումարի դիմաց առավելագույն 9%-ի փոխարեն այսօր արդեն տարեկան մինչեւ 11% են առաջարկում: Մի քանի բանկերի պաշտոնյաներից «Առավոտը» փորձեց պարզել, թե որքանով է ստեղծված իրավիճակն առնչվում համաշխարհային տնտեսական ճգնաժամին եւ ինչ բացասական հետեւանքներ կունենա այն սպառողի համար:

«Հայէկոնոմբանկի» նախագահ Դավիթ Սուքիասյանի ներկայացմամբ, մոտ 3%-ով բարձրացել են դրսից ներգրավվող գումարների տոկոսադրույքները: Նրա խոսքերով. «Մենք բարձրացրել ենք վարկավորման տոկոսադրույքները բոլոր տեսակի վարկերի համար: Հիպոթեքային վարկը բնակարանի գնման համար 14%-ից դարձել է 16%: Նրանց համար, ովքեր առաջին անգամ են դիմում բանկ, նախկին 18%-ի փոխարեն բիզնես-վարկերը տրամադրվում են տարեկան 22%-ով, իսկ մեր հին հաճախորդներին նախկին 16%-ի փոխարեն տրամադրում ենք 18%-ով: Դա կապում ենք այն բանի հետ, որ միջազգային կառույցների ներգրավվածությունը «Հայէկոնոմբանկում» ավելի շատ է, քան Հայաստանի ներքին շուկայինը, իսկ քանի որ դրսից տրամադրվող գումարների տոկոսադրույքները բարձրացել են, բնականաբար՝ դա անդրադարձել է նաեւ մեզ վրա»: Մեզ հետ զրույցում Դ. Սուքիասյանը հավաստիացրեց, որ այսօր բանկն իրականացնում է ցանկացած տեսակի վարկավորում, սակայն սպառողական վարկերի հանդեպ տարվում է զսպողական քաղաքականություն. «Դա կապված է այն բանի հետ, որ մեր հիմնական միջոցները, որոնք ներգրավվում են դրսից, նպատակաուղղված են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Այսինքն՝ մենք այդ բալանսը պետք է պահենք: Չենք կարող այդ գումարները տեղաբաշխել, ասենք, սպառողական կամ ավտովարկավորման համար»: Ըստ Դ. Սուքիասյանի, ներկայումս ֆինանսական ճգնաժամը Հայաստանի վրա չի կարող ազդել. «Ճգնաժամը առաջացավ նրանից, որ ամերիկյան շուկայում իջան անշարժ գույքի գները եւ դրա հետ կապված՝ բանկերը սկսեցին հետ չստանալ իրենց վարկերն ու, բնականաբար, չէին կարող նաեւ վերադարձնել ավանդները: Իսկ Հայաստանի վրա այն ներկա պահին չի կարող ազդել, քանի որ անշարժ գույքի գների նման անկում մենք չունենք, բայց եթե նույնիսկ 30-40%-ով գների անկում լինի, մեր բանկերն էլի խնդիր չեն ունենա, քանի որ վարկը տրամադրվում է անշարժ գույքի արժեքի ոչ թե 90, այլ 50-70%-ի չափով»:

«Արարատ» բանկի գործադիր տնօրենի խորհրդական Արայիկ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում եւս հավաստիացրեց, որ թեեւ տոկոսադրույքների առումով միջազգային շուկայի ֆինանսական իրավիճակն ազդել է բանկի վրա, սակայն, ընդհանուր առմամբ, բանկը վարկավորման հետ կապված խնդիրներ չունի: Նրա խոսքերով. «Մեր բանկի վարկավորման տոկոսադրույքները համարյա բոլոր վարկատեսակների մասով բարձրացել են 2%-ով: Դա արդեն ռիսկերի գնահատման մեթոդոլոգիա է եւ բնական է, որ կապված է ֆինանսական շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ: Ինչ վերաբերում է վարկավորման դադարեցմանը, ապա այդպիսի բան չկա, ընդհակառակը, մենք հիմա նոր ներդրող ունենք՝ ի դեմս Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի»: Ցույց տալու համար, որ բանկն այսօր ֆինանսական խնդիրներ չունի եւ ամսեամիս գործարքների աճ է արձանագրում, Ա. Մանուկյանն «Առավոտին» մի քանի թվային տվյալներ ներկայացրեց. «2008-ի 3-րդ եռամսյակում մեր բանկի ակտիվներն աճել են 2,67 միլիոն դրամով կամ 10,5%-ով: Նույն ժամանակահատվածում 8,7%-ով աճել են նաեւ վարկային ներդրումները»: Ըստ պարոն Մանուկյանի, հասարակության մեջ շրջանառվող այն խոսակցությունները, որ իբր բանկերը հիպոթեքային վարկեր չեն տրամադրում, հետեւանք է այն բանի, որ պարզապես անշարժ գույքի գործակալություններում գործարքների պակաս է նկատվում:

Ի տարբերություն Դ. Սուքիասյանի եւ Ա. Մանուկյանի՝ «Ինեկոբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանը վստահ է, որ տոկոսադրույքների բարձրացումը միջազգային ֆինանսական շուկայի հետ ոչ մի կապ չունի, իսկ իրենց բանկի գործերը նույնիսկ շատ ավելի լավ են, քան, ասենք, տարեսկզբին. «2008-ի 10 ամիսներին բանկի վարկային ներդրումների ծավալն աճել է շուրջ 45%-ով կամ 9 մլրդ դրամով: Վարկավորման պահանջարկը վերջին մի քանի տարվա ընթացքում կտրուկ աճել է: Օրինակ, մեր բանկի կողմից տրամադրվող ապառիկ առեւտրի վարկավորումը, որն ամենամասսայական պրոդուկտներից մեկն է, տարեցտարի կրկնապատկում է իր ծավալները: Եթե 2007-ին միայն Երեւանում կնքել ենք շուրջ 42 հազար նման պայմանագիր՝ 6 միլիարդ 300 միլիոն դրամ ընդհանուր ծավալով, ապա 2008-ի 10 ամիսներին արդեն կնքել ենք ավելի քան 47,2 հազար պայմանագիր՝ շուրջ 7 միլիարդ 500 միլիոն դրամ ծավալով: Կտրուկ աճել են բանկի վարկավորման ծավալները՝ ոչ միայն սպառողական, այլ նաեւ մնացած վարկատեսակների գծով»:

«Ինեկոբանկը» եւս բարձրացրել է սպառողական վարկերի տոկոսադրույքները, սակայն, ըստ Ա. Բալոյանի, դա ճգնաժամի հետ ոչ մի կապ չունի. «Տոկոսադրույքների առավելագույն չափը սահմանափակվում է Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսադրույքի կրկնապատիկով: Հաշվի առնելով ապառիկ առեւտրի վարկավորման պրոդուկտի ծախսատարությունը եւ աշխատատարությունը, մենք միշտ սահմանել ենք մաքսիմալ տոկոսադրույք, որը վերջին 1 տարվա ընթացքում տատանվել է 22-24%»: Ըստ Ա. Բալոյանի, բանկային տոկոսադրույքի բարձրացումից ապառիկի հաճախորդը շատ քիչ կտուժի. «Եթե նկատի ունենանք, որ միջին վարկավորման գումարը շուրջ 200 հազար դրամ է, ապա տոկոսադրույքի 2 տոկոսային կետով փոփոխվելու դեպքում՝ վարկի ամսական վճարումների գումարը կավելանա շուրջ 190 դրամով: Ասենք, 1 միջին արժեքի հեռուստացույց կամ լվացքի մեքենա գնելու դեպքում ապրանքի վերջնական արժեքը կավելանա ոչ ավելի, քան 1500 դրամով»:

Մեզ հետ զրույցում Ա. Բալոյանն ասաց, որ բանկն այսօր խնդիրներ չունի նաեւ արտերկրից միջոցներ ներգրավելու հարցում. «Օտարերկրյա աղբյուրներից մենք այս տարի ներգրավել ենք 20 միլիոն դոլարի կարգի վարկային միջոցներ, եւ մինչեւ տարեվերջ սպասում ենք եւս այդքան: Անցյալ տարվա համեմատ՝ դրսից ներգրավվող գումարները բացարձակապես չեն կրճատվել»:

Նշենք նաեւ, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց. «Եվրոպական վարկային բանկերը միջազգային տնտեսական ճգնաժամային պայմաններում փնտրում են խաղաղ նավահանգիստներ, որն էլ Հայաստանի ֆինանսական համակարգն է»: Ա. Ջավադյանն ասաց նաեւ, որ կապված միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ, բանկերը վերանայում են վարկավորման պայմանները եւ հաշվի առնելով ռիսկերը՝ ավելի մեծ ուշադրություն են դարձնում դրանց եկամտաբերության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել