Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՍՈՒՄՆԵՐ՝ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Նոյեմբեր 12,2008 00:00

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ Էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու նպատակով: Խմբին մաս են կազմելու՝ բացի պատգամավորներից, մեկական փորձագետներ ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակներից, նաեւ «Ինտերնյուս», Երեւանի մամուլի ակումբ եւ Ժուռնալիստների միություն կազմակերպությունների մեկական փորձագետները: Նրանք պիտի բարեփոխումներ անեն խմբի այլ անդամների՝ արդարադատության, կապի եւ տրանսպորտի ու էկոնոմիկայի նախարարության փորձագետների ու նաեւ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ներկայացուցիչների հետ միասին:

Մեզ հայտնի դարձավ, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում մի շարք պատգամավորների առաջարկած փոփոխությունների վերաբերյալ, որոնց կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն՝ ԵԽ Վենետիկի հանձնաժողովն ուղարկել է իր եզրակացությունը:

Հանձնաժողովը երեկ նաեւ որոշել է դեկտեմբերի 12-ին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «Հեռուստաեթերի բովանդակության եւ հեռուստագովազդի օրենսդրական կարգավորման շուրջ» թեմայով:

Ի դեպ, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հոկտեմբերի 7-ին պատասխանելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի սեպտեմբերի 26-ի նամակին՝ հայտնել էր, թե ՀՌԱՀ-ը ընտրանքային եղանակով է իրականացնում հեռուստառադիոընկերությունների հաղորդումների մոնիտորինգ, եւ «վերջին 3 տարվա ընթացքում ՀՌԱՀ-ը իրավախախտումներ չի արձանագրել եւ վարչական տույժեր չի կիրառել»: Իսկ Արմեն Աշոտյանը հետաքրքրվել էր, թե հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդն իր ծավալով եւ ռեժիմով որքանո՞վ է համապատասխանում «Գովազդի մասին» օրենքին, թե սոցիալական գովազդի հեռարձակման ծավալները նախորդ 3 տարիների ընթացքում արդյոք համապատասխանե՞լ են օրենքին եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել