Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստահավաք խումբը կղեկավարի Օմբուդսմենի ներկայացուցիչը

Նոյեմբեր 12,2008 00:00

«Մարտի 1»-ի գործին ծանոթանալու վերջնաժամկետն էլի սպառվեց

Երեկ լրացավ «Մարտի 1»-ի գործով կալանավորված յոթ անձանց՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, ինչպես նաեւ՝ Գրիգոր Ոսկերչյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Սուրեն Սիրունյանի եւ Շանթ Հարությունյանի վերաբերյալ քրգործի նյութերին ծանոթանալու համար նրանց պաշտպաններին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված վերջնաժամկետը: «Յոթի» գործում ներգրավված փաստաբանները դեռ անցյալ շաբաթ էին հայտարարել, որ այդ ժամանակը ողջամիտ եւ բավարար չէ գործի նյութերին ծանոթանալու եւ դրանք վերլուծելու ու համադրելու եւ, ի վերջո, նաեւ համապատասխան միջնորդություններ անելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունն, արձագանքելով պաշտպանների ներկայացրած գրավոր բողոքին, եւս 10 օրով, այսինքն՝ մինչեւ նոյեմբերի 10-ը երկարացրել էր գործի նյութերին ծանոթանալու վերջնաժամկետը, բայց պաշտպաններին դա եւս չէր գոհացրել:

«Առավոտի» տեղեկություններով, երեկ Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն է դիմել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով դատախազ Կորյուն Փիլոյանի վերը նշված որոշումը: Ու թեեւ նոյեմբերի 10-ին այդ վերջնաժամկետն էլ է լրացել, բայց որոշ պաշտպաններ, այնուամենայնիվ, երեկ եւս հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու քրգործի նյութերը: Միաժամանակ ՀՔԾ-ն երեկ հրավիրել էր «Յոթի» գործով պաշտպաններին՝ գործի նյութերի հետ ծանոթացման ժամկետի սահմանափակման որոշումը ներկայացնելու համար:

Ամենայն հավանականությամբ, այսօր, կախված այն բանից, թե գլխավոր դատախազությունը կամ ընդհանուր իրավասության դատարանը ինչ որոշում կկայացնեն գործի նյութերին ծանոթանալու համար տրված ժամկետի հարցում, «Յոթի» պաշտպանները հանդես կգան հայտարարությամբ: Իսկ մինչ այդ, դարձյալ երեկ քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը եւ «Յոթի» գործով անցնող ամբաստանյալների պաշտպանները՝ ի դեմս Հովիկ Արսենյանի, Վարդուհի Էլբակյանի, Ստեփան Ոսկանյանի, հանդիպել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: «Առավոտի» տեղեկություններով, հանդիպման ընթացքում պաշտպանները ներկայացրել են ոչ միայն քրգործի նյութերում առկա քրեադատավարական օրենսդրության կոպիտ խախտումների, քննչական խմբի կողմից թույլ տրված ապօրինությունների փաստերը, այլեւ խոսել են ամբաստանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքների, առավել եւս` նրանց կալանավորման համար բավարար եւ հիմնավոր ապացույցների բացակայության մասին: Ի դեպ, պաշտպանների ներկայացրած առարկությունների հետ, մեր աղբյուրների ասելով, համաձայնել է նաեւ ՀՀ Օմբուդսմենը:

«Մարտի 1»-ի գործով կամ դրան սերտորեն առնչվող հարցով երեկ եւս մեկ իրադարձություն է եղել: ՀՀ նախագահի հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ ձեւավորված «Փորձագետների փաստահավաք խումբը» երեկ իր անդրանիկ նիստն է անցկացրել ՀՀ ԱԺ-ում, եւ ինչպես կարգադրությամբ է սահմանված՝ պարզ մեծամասնությամբ իր կազմից ընտրել է խմբի ղեկավար՝ ի դեմս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջադրված Վահե Ստեփանյանի, թեեւ առաջադրված է եղել նաեւ այլ թեկնածու:

Ասել է թե՝ այսօրվանից այլեւս փաստահավաք խումբը աշխատելու է «ամենօրյա նիստերի» եւ լրատվամիջոցների համար «դռնփակ» ռեժիմով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել