Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՍՏՈՒՄԸ ԿՈՆԿՐԵՏ ԱՊՐԱՆՔՈՎ ՉԵՆՔ ՓՈԽՈՒՄ»

Նոյեմբեր 12,2008 00:00

\"\"Նկատի ունենալով, որ Ադրբեջանը միայն խոստումներ է տալիս եւ չի խոսում այն մասին, թե Ղարաբաղի հարցում ինքն ինչ զիջումներ է անելու, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

– Օրերս լուրջ մտահոգություններ էիք արտահայտել Ալիեւ-Սարգսյան համատեղ Հռչակագրի գրեթե բոլոր կետերի առնչությամբ։ Դատելով Ձեր մտահոգություններից եւ դաշնակցական այլ գործիչների կողմից հնչեցված մտքերից՝ տպավորություն է ստեղծվում, որ ՀՅԴ-ն դեմ է ամենին, ինչ այսօր իշխանություններն ասում են Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ: Կա՞ն սկզբունքային կետեր, որոնք կտրականապես չեք ընդունելու ԼՂ հարցում, եւ եթե դրանք հանկարծ հայտնվեն բանակցային սեղանին՝ որո՞նք են լինելու ՀՅԴ անելիքները:

– Մտահոգություններ իսկապես կան, եւ ես դրանց իմաստը կբացեմ: Բայց պետք չէ մոռանալ, որ ես, ընդհանուր առմամբ, ամբողջ Հռչակագիրը՝ որպես այդպիսին, դրական եմ գնահատել: Անդրադառնամ մտահոգություններին. օրինակ, մի պարզ մտավախություն, որը կարող է թվալ խմբագրական բնույթի: Առաջին իսկ հոդվածում ասված է՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնել հարցի լուծմանը, որը հնարավորություն կտա զարգացնել տնտեսական եւ այլ տիպի կապերը: Սա ալիեւական ձեւակերպում է, որովհետեւ Ադրբեջանն է ասում՝ սկզբից հարցը լուծենք, հետո միայն՝ հարաբերություններ եւ այլն: Իհարկե, Հռչակագրի վերջին հատվածն այս մտահոգությունը մի քիչ փարատում է, որովհետեւ այնտեղ խոսքը գնում է տարբեր ֆորմատներով հարաբերություններ զարգացնելու մասին: Այնտեղ կան նաեւ այլ լուրջ մտահոգություններ՝ Ղարաբաղը հիշատակված չէ, ընդհանրապես, որպես կողմ՝ հետքը չկա, այստեղ կարող ենք մեզ մխիթարել, որ խոսքը գնում է սկզբունքների հետագա զարգացման մասին, չի բացառվում, որ հետագայում Ղարաբաղը կարող է մասնակից լինել։ Պետք է նշել, որ 2000-ից սկսած, այսինքն՝ այս դարում, բոլոր բանակցություններում թեկուզ փոքրիկ, բայց միշտ ինչ-որ մի հաջողություն հայկական կողմի համար նշմարվում է: Որովհետեւ Մինսկի խմբի, որը ԼՂ հարցում այսօր ամենամասնագիտացած դիվանագիտական խումբն է, բոլոր առաջարկություններում ավելի ու ավելի են հաշվի առնվում հայոց շահերը: Բայց երբ հարցը մոտենում է հանգուցալուծման, հետադարձ հայացքով նայում ենք այդ 7-8 տարիներին, տեսնում ենք, որ ոչ մի անգամ հասկանալի ձեւով Ադրբեջանը չի ասել, թե որոնք են ի՛ր զիջումները: Քանի այդ բանը Ադրբեջանի կողմից չենք լսել, մենք համարում ենք, որ մեր կողմից զիջումները կոնկրետացնելը, շոշափելի դարձնելն անթույլատրելի է, որովհետեւ մենք խոսում ենք տարածքից, Ադրբեջանը խոսում է ապագայում օդում կախված խոստման մասին: Խոստումը կոնկրետ ապրանքով չեն փոխում, հողը կարող է ոչ կարեւոր դառնալ միայն այնպիսի միջավայրում, այնպիսի Հարավային Կովկասում, ուր վաղուց ջնջվել են սահմանները, մաքսակետերը, Եվրամիության տիպի ամբողջական ինտեգրացիա է տեղի ունեցել, եւ, այո, այսօր հունգարացիները թեեւ մի քիչ գլուխը քորում են, բայց շատ էլ մտահոգված չեն, որ իրենց հայրենի Տրանսիլվանիան Ռումինիայի կազմում է: Այս տեսակի միջավայրում կարելի է հասկանալ հողի կարեւորության անկումը, բայց ոչ՝ մեր միջավայրում, որտեղ ամեն քառակուսի մետրը Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության համար նշանակություն ունի: Այս նշանակության պրոդուկտը տալ խոստման դիմաց, ապագայի համար արձանագրված խոստման դիմաց՝ սա ենք համարում անթույլատրելի, եւ եթե հայկական կողմը գնա չպատճառաբանված, չհիմնավորված միակողմանի զիջումների, մենք դրան լինելու ենք դեմ, դրան ոչ միայն դեմ արտահայտվելու ենք, այլեւ պայքարելու ենք նման որոշման դեմ:

– Որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժ, ունե՞ք տեղեկություններ՝ ինչի՞ մասին են ընթանում բանակցությունները. ադրբեջանական լրատվամիջոցները շարունակ գրում են, թե հայերը հողերը տալիս են եւ այլն:

– Ես բառացիորեն 10 րոպե առաջ «Զաման» թերթում կարդացի, որ մեր ԱԳ նախարարն, իբր, արել է որոշակի հայտարարություններ: Հասկանալի է, որ «Զամանը» հասցրել են կարդալ Սփյուռքում, այլ տեղերում եւ մտահոգություններ են առաջացել: Դա էլ թուրքերի նպատակն է: 10 րոպե առաջ ես ԱԳ նախարարից տեղեկացա, որ դա հերյուրանք եւ սուտ է, ու այդ մասին կլինի համապատասխան հայտարարություն: Հիմա ես ինչի՞ց եզրակացնեմ, որ ադրբեջանական մամուլում հայտնված այլ տեղեկություններ նույն խմորից սարքված չեն: Այո, մենք որոշակի ինֆորմացիայի տիրապետում ենք եւ ոգեւորվելու ու մտահոգվելու պատճառներ ենք ունենում, բայց քանի դեռ մենք ինքներս նպաստում ենք պրոցեսի ճիշտ ուղղությամբ գնալուն եւ այդ գործի մեջ ենք, չենք անի որեւէ քայլ, որը բուն այդ պրոցեսում հայկական կողմի դիրքերին խանգարի անխոհեմ խոսքով, հայտարարությամբ եւ այլն:

– Այսօր որոշ վերլուծություններ են արվում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն, եւ իշխանական մեծամասնությունից, այդ թվում՝ Դաշնակցությունից շատերը պատրաստ են թեքվել դեպի նա, որովհետեւ նրա կոշտ բռունցքային քաղաքականությունն ավելի ձեր սրտովն է, քան այն, ինչ այսօր անում է Սերժ Սարգսյանը;

– Քաղաքականության մեջ կարեւորը նպատակադրումներն են, ոչ թե՝ մեթոդները: Կարող են լինել ավելի կոշտ մեթոդներ կամ ավելի ճկուն մեթոդներ, եթե նպատակադրման հետ համաձայն ես եւ պատրաստ ես գնալ այդ ճանապարհով դեպի այդ նպատակը, մեթոդների ընտրությունն արդեն տեխնիկայի հարց է: Այս իմաստով ես ընդհանրապես մտահոգվելու բան չեմ տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել