Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԴԱՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄԱՑ՝ ՇԱՀՈՒՄՅԱՆԸ

Նոյեմբեր 12,2008 00:00

«Մեզ ավելի պետք է Շահումյանը»,- այդ առաջարկն այսպես է հիմնավորում «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Եթե Հայաստանի Հանրապետությունն ունենա իսկապես իր ժողովուրդը ներկայացնող օրինավոր, լեգիտիմ իշխանություն, եւ նա կարողանա որպես հավասարը հավասարի նստել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ՝ ոչ որպես միջնորդավորված առաքելություն, այլ հարցերը դեմ առ դեմ դնելու առումով, ես կարծում եմ, որ կարելի է դիտարկել այդ եռակողմ ձեւաչափը: Եթե, իհարկե, հավասարը հավասարին՝ յուրաքանչյուր կողմ դնի իր հարցերը թե՛ պատմական ժառանգության հետ կապված, թե՛ Ցեղասպանության ճանաչման, թե՛ նաեւ բռնազավթված եւ օկուպացված տարածքների հետ կապված: Թող ամեն մեկն իր հարցը դնի եւ միասին՝ համալիր լուծումներ գտնենք»,- «Առավոտին» նախօրեին ասել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այս նախապայմանների դեպքում հնարավոր համարելով Թուրքիայի միջնորդությունը ԼՂ հարցում:

Իսկ երեկ «Ժառանգության» վարչությունը հայտարարություն տարածեց Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 2-ին ստորագրած հռչակագրի վերաբերյալ, որը կուսակցությունը գնահատում է «խիստ վտանգավոր թե՛ խաղաղության պահպանման եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի ապագաղութացման գործընթացն ավարտին հասցնելու ու նրա անկախության միջազգային ճանաչման հեռանկարի համատեքստում»: Հայտարարության մեջ ընդգծված է, որ «մադրիդյան սկզբունքներին» շարունակում են անիրազեկ մնալ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հասարակությունները, եւ «Ժառանգությունը» լուրջ մտավախություն ունի, որ դրանցում ամրագրված սկզբունքները չեն ապահովում ղարաբաղյան հակամարտության արդար լուծումը. «Մադրիդյան սկզբունքները», որոնց մենք ծանոթ ենք ոչ պաշտոնական խողովակներից, ընդունելի չեն «Ժառանգության» համար, եւ Հայաստանի որեւէ իշխանություն չպետք է դրանք բանակցություններ ծավալելու հիմնաքար ընդունի»: Հայտարարության մեջ խստորեն դատապարտելով այդ սկզբունքներն ընդունելու ՀՀ իշխանությունների գործելաոճը՝ «Ժառանգություն» կուսակցությունը «զգուշացնում է, որ այն կարող է հանգեցնել անշրջելի եւ Հայաստանի Հանրապետության ու ԼՂՀ-ի շահերի տեսանկյունից անընդունելի գործընթացների»: Նաեւ նշված է, թե «Ժառանգությունը» չի կարող ողջունել ոչ միայն Մայենդորֆյան հռչակագիրը, «այլեւ վստահություն տածել հռչակագրում «Հարավային Կովկասում իրավիճակի առողջացման եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովում», «վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծում» սեթեւեթանքների, ինչպեսեւ՝ հռչակագրի կնքահայր դարձած պաշտոնական Մոսկվայի ու այն ողջունած պաշտոնական Բրյուսելի, Վաշինգթոնի ու Փարիզի իրական եւ առաջնահերթ մտադրությունների նկատմամբ»:

«Ժառանգությունը» կոչ է անում Հայաստանի իշխանություններին, որ խնդրի քննարկումն ու լուծումը վերադարձնեն օրինական ձեւաչափ՝ «Մինսկի խումբ եւ իրավական հարթություն, ապահովել բանակցային գործընթացում հակամարտության իրական սուբյեկտների մասնակցությունը, գաղտնազերծել Մադրիդյան սկզբունքները եւ դրանք դնել հասարակական լայն քննարկման»:

Երեկ «Հայացք» ակումբում կայացած ասուլիսում ներկայացնելով այս հայտարարությունը՝ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նաեւ տարածքների խնդրի մի յուրօրինակ լուծում է առաջարկել՝ փոխանակում, ու մասնավորապես առաջարկել է Աղդամը փոխանակել Շահումյանի հետ: Հովսեփ Խուրշուդյանն այսպես է հիմնավորել այդ առաջարկը. «Ղարաբաղի տարածքից զգալի հատվածներ Մարտակերտից եւ Մարտունիից այսօր գտնվում են ադրբեջանական զորքերի օկուպացիայի տակ: Շահումյանի շրջանը, ինչպես գիտեք, ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում ԽՍՀՄ-ի օրենքներով նույն կերպ, ինչպես Ղարաբաղը, ինքնորոշվել է: Այսինքն՝ այնտեղ էլ պատրաստ ենք փոխադարձ զիջումների. օրինակ, Աղդամը վերադարձնելու դիմաց ստանալ Շահումյանը եւ վերաբնակեցնել այնտեղ հայերին, Աղդամում՝ ադրբեջանցիներին: Այսինքն՝ «ոչ մի թիզ թշնամուն» սկզբունքը, որպես այդպիսին, կարծում եմ, որ շատ խիստ է եւ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար դժվար ընկալելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել