Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 08,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ իններորդ

ԿԻՍՈՎԻ

– Էսօր քիչ էր մնում՝ Դարբինյանը Սեյրանին գործից հեռացներ,- ասաց Աշոտը:

– Վայ թե՝ էլի դու ես փրկել,- ասաց Վարոսը:

– Որոշ չափով,- ասաց Աշոտը:

– Էդքանից հետո՝ գոնե քեզնից շնորհակալ ըլնի,- ասաց Վարոսը:

– Ինձ իրա շնորհակալ ըլնելը պետք չի,- ասաց Աշոտը:

– Ինձ է՛լ պետք չի,- ասաց Վարոսն ու մի քիչ մտածեց, ավելացրեց.- բայց գոնե իրա շահը հասկանա:

– Ի՞նչ շահ,- հարցրեց Աշոտը:

– Որ ամեն օր վեցից հետո գալիս ա, կարամ չէ՞ չթողեմ՝ իրա լաբորատորիա ոտ դնի,- ասաց Վարոսը:

– Էդ իրա լաբորատորիան չի,- ասաց Աշոտը.- խմբագրությա՛ն լաբորատորիան ա:

– Որ ճիշտն ուզում ես իմանաս՝ խմբագրությանն է՛լ չի,- խորամանկ ժպտաց Վարոսն ու ավելացրեց.- էդ լաբորատորիան ինստիտուտի լաբորատորիան ա:

– Ճիշտ ես ասում,- ժպտաց Աշոտը:

– Ընենց որ՝ վեցից հետո հանգիստ կարամ էդ բեդովլաթին ներս չթողեմ,- ասաց Վարոսը:

– Էդ էլ ես ճիշտ ասում,- ծիծաղեց Աշոտը:

– Ես լրիվ լուրջ եմ ասում,- ասաց Վարոսը:

– Ես է՛լ եմ լրիվ լուրջ ասում,- ծիծաղեց Աշոտը:

– Որ լուրջ ես ասում, բա խի՞ ես ծիծաղում,- հարցրեց Վարոսը:

– Անիմաստ,- ծիծաղեց Աշոտը:

– Ո՞նց անիմաստ,- զարմացավ Վարոսը:

– Անիմաստ ծիծաղելու իրավունք չունե՞մ,- շարունակեց ծիծաղել Աշոտը:

– Եսիմ,- կմկմաց Վարոսը, հետո մի քիչ մտածեց ու Աշոտին հարցրեց.- անիմաստ ծիծաղելը ո՞րն ա:

– Հենց է՛ս,- ավելի ուժեղ ծիծաղեց Աշոտը, հետո Վարոսին հարցրեց.- իրավունք ունե՞մ, թե՞ չունեմ:

– Երեւի ունես,- մի քիչ մտածե լուց հետո տարակուսած ասաց Վարոսը:

– Երեւին ո՞րն ա,- շարունակեց ծիծաղել Աշոտը.- իրավունք ունե՞մ, թե՞ չունեմ:

– Ինչի՞ իրավունք,- խճճվեց Վարոսը:

– Անիմաստ ծիծաղելու,- ծիծաղեց Աշոտը:

– Էսքան շամպանսկի որ ես էլ խմեի, երեւի ավելի անիմաստ կծիծաղեի,- ծիծաղելով ասաց Վարոսը:

– Սեյրանի հաշվով ներողամիտ էղի,- միանգամից լրջանալով՝ Վարոսին ասաց Աշոտը:

– Ես սաղի՛ հանդեպ եմ ներողամիտ, Ավետիսյան ջան,- հերթական նրբերշիկը բաժակից հանելով ու կճպելով՝ ասաց Վարոսը:

– Դրա համար էլ հարգանք ես վայելում,- ժպտաց Աշոտը:

– Հասկացողն ա հարգում,- ասաց Վարոսը:

– Փառք Աստծո, հասկացողները շատ են,- ասաց Աշոտը:

– Ինքն էդ հասարակ բանը չի հասկանում,- ասաց Վարոսը:

– Ո՞վ չի հասկանում,- հարցրեց Աշոտը:

– Ձեր էդ Սեյրան կոչեցյալը,- ասաց Վարոսն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- չի հասկանում, որ իրան միշտ էլ կարամ վատություն անեմ:

– Բայց չես անի,- ասաց Աշոտը:

– Որ ուզենամ, միշտ էլ կարամ անեմ,- ասաց Վարոսը:

– Բայց չես ուզենա,- ասաց Աշոտը:

– Էդ սավսեմ ուրիշ հարց ա,- ասաց Վարոսը:

– Սեյրանին մոռացի՛,- ասաց Աշոտը:

– Ես արդեն մոռացել էի,- ասաց Վարոսը.- դո՛ւ հիշացրիր:

– Էսօր քիչ էր մնում՝ Դարբինյանն իրան աշխատանքից ազատեր,- ասաց Աշոտը:

– Իմ մե՞ղքը որն ա,- զարմացած հարցրեց Վարոսը:

– Դու ոչ մի մեղք չունես,- ասաց Աշոտը:

– Որ ուզենամ՝ միշտ էլ կարամ իրան վատություն անեմ,- ասաց Վարոսը:

– Վատություն անելուց հեշտ բան չկա,- ասաց Աշոտը:

– Որ արածդ լավությունը չի անցնում, ստիպված սկսում ես վատություն անել,- ասաց Վարոսը:

– Ինչքան կարաս՝ լավություն արա,- ասաց Աշոտը.- լավություն արա՝ գցի ջուրը:

– Մինչեւ հիմի ըտենց եմ արել,- ասաց Վարոսը:

– Ըտենց էլ շարունակի,- ասաց Աշոտը:

– Սրանից հետո որ վեցից ուշ գա՝ շենք չեմ թողելու,- ասաց Վարոսն ու ավելացրեց.- մեռնեմ աշխատանքային օրենսգրքին:

– Հիշաչարություն մի արա,- ասաց Աշոտը:

– Երեւի չեմ էլ անի,- մի քիչ մտածելուց հետո ասաց Վարոսը.- ըսենց խոսում եմ, բայց որ հենց հիմի էլ գա, երեւի թողեմ՝ շենք մտնի:

– Դրա համար էլ քեզ հարգում ենք,- ժպտաց Աշոտը:

– Հա,- ասաց Վարոսը:

– Բայց դո՛ւ մեզ չես հարգում,- ասաց Աշոտը:

– Ո՞նց չեմ հարգում,- զարմացավ Վարոսը:

– Որ հարգեիր, հետներս մի բաժակ բան կխմեիր,- ասաց Աշոտը:

– Դու լավ գիտես, որ աշխատանքային ժամերին մի կում էլ ա չեմ խմում, Ավետիսյան ջան,- ասաց Վարոսը:

– Մեռնեմ աշխատանքային օրենսգրքին,- ծիծաղեց Աշոտը:

– Ես էլ,- ժպտալով ու հերթական նրբերշիկը մերկացնելով՝ ասաց Վարոսը:

– Եթե մեր բոլոր քաղաքացիները քո կեսի չափ պարտաճանաչ ըլնեին, էս երկիրն իսկական դրախտ կդառնար,- ասաց Աշոտը:

– Ես ուրիշների հետ գործ չունեմ,- ասաց Վարոսը.- ես ի՛մ համար եմ պատասխանատու, Ավետիսյան ջան:

– Ամեն մեկս որ քո կեսի չափ պատասխանատվության զգացում ունենայինք, շուտվանից Ամերիկային անցած կըլնեիք,- ժպտաց Աշոտը:

– Չենք անցե՞լ,- զարմացած հարցրեց Վարոսը:

– Հասել ենք, բայց չենք անցել,- ժպտաց Աշոտը:

– Ինձ էլ թվում էր՝ արդեն անցել ենք,- ասաց Վարոսը:

– Անցնելու վրա ենք, բայց մի գլուխ բուքսավատ ենք անում,- ժպտաց Աշոտը:

– Ես քաղաքականության հետ գլուխ չունեմ,- ասաց Վարոսը.- ես ընդամենն իմ քաղաքացիական պարտականություններն եմ կատարում:

– Եթե բոլորս գոնե քո կեսի չափ պատասխանատվության զգացում ունենանք, էդ վախտ արդեն հաստատ Ամերիկայից կանցնենք,- ասաց Աշոտը:

– Բայց ես էլ անթերի չեմ, Ավետիսյան ջան,- ժպտաց Վարոսը.- ես էլ եմ ժամանակ առ ժամանակ աշխատանքիս մեջ թերանում:

– Ըտենց դեպք ինչ-որ չեմ հիշում,- ասաց Աշոտը:

– Ձեր էդ անշնորհքին, շատ ա պատահել, վեցից հետո շենք եմ թողել,- հերթական նրբերշիկը վարպետորեն մերկացնելով՝ ասաց Վարոսը:

– Սեյրանին նկատի ունե՞ս,- հարցրեց Աշոտը:

– Հա,- ասաց Վարոսը:

– Սեյրանին մոռացի՛,- ասաց Աշոտը:

– Որ դու ես ասում՝ կմոռանամ,- ժպ տաց Վարոսը:

– Որ ութից հետո էլ գա՝ ներս թող,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- ինքը շատ ա ծանրաբեռնված:

– Ձեր թերթի համար շաբաթական ընդամենը չորս հատ ֆոտո չի՞ հանում,- հարցրեց Վարոսը:

– Ուրիշ գործեր էլ ա անում,- ասաց Աշոտը:

– Այսինքն, լեւի գործեր ա՞ անում,- խորամանկ ժպտալով հարցրեց Վարոսն ու ավելացրեց.- ինքը որ գրդոն ա անում, ու մենք էլ աչքերս փակած ենք պահում, գոնե պիտի շնորհակալ ըլնի:

– Իրա հետ գործ չունես,- ասաց Աշոտը.- խեղճը մի կերպ ընտանիք ա պահում:

– Խեղճը մի կերպ ավտո ա առնում,- քմծիծաղ տվեց Վարոսը:

– Աստված տա՝ մի օր էլ ես ու դու առնենք,- ասաց Աշոտը:

– Ավետիսյան ջան, դու շատ լավ գիտես, որ ես ուրիշի հացին վայիս ըլնող չեմ,- ասաց Վարոսն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- բայց որ ամեն ավտո առնող վրեքս վերեւից նայի՝ ո՞ւր կհասնի:

– Վերեւից չի նայել,- ասաց Աշոտը.- ուղղակի՝ սիրտը մի քիչ նեղված ա էղել:

– Գոնե մաղարիչ արե՞լ ա,- հարցրեց Վարոսը:

– Ի՞նչ մաղարիչ,- հարցրեց Աշոտը:

– Իրա էդ ավտոյի իմաստով,- ասաց Վարոսը:

– Էս որ ուտում ու խմում ենք, իրա ավտոյի մաղարիչն ա,- բացատրեց Աշոտը:

– Էս սասիսկիները քո առածը չի՞,- զարմացավ Վարոսը:

– Սասիսկիներն իմ առածն ա, բայց շամպայններն ու շոկոլադն ինքն ա առել:

– Լավ ա, որ շամպանսկուն ու շոկոլադին ձեռ չեմ տվել,- ասաց Վարոսը, հետո նայեց ինձ ու Աշոտին ասաց.- բա ասում էիր՝ էս ջահելն ա մաղարիչ անում:

– Իրար հետ արին,- բացատրեց Աշոտը:

– Կիսովի՞,- հարցրեց Վարոսը:

– Հա,- ասաց Աշոտը:

– Կյանքումս առաջին անգամ եմ տենում, որ մարդ իրա ավտոյի մաղարիչը կիսովի անի,- քմծիծաղ տվեց Վարոսը:

– Ըտենց ստացվեց,- ասաց Աշոտը:

– Մենակ իրա հետ կարա ըտենց բան ստացվի,- փռթկացրեց Վարոսը:

– Իմ հետ է՛լ ա ստացվել,- ծիծաղելով ասացի ես:

– Դու էլ է՞ս ավտոյիդ մաղարիչը կիսովի արել,- զարմացավ Վարոսը:

– Գործի ընդունվելուս մաղարիչն եմ կիսովի անում,- ժպտացի ես:

– Դու կարայիր վաբշե մաղարիչ չանեիր,- ասաց Վարոսն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- իննսուն մանեթով են չէ՞ հրամանդ տվել:

– Դո՞ւ որտեղից գիտես,- զարմացավ Աշոտը:

– Ես մենակ իմ մեռնելու օրը չգիտեմ,- ինքնագոհ ժպտաց Վարոսը:

– Դու վայ թե էդ էլ գիտես,- ծիծաղեց Աշոտը:

– Էդ մեկը հաստատ չգիտեմ,- ժպտաց Վարոսը, հետո նայեց ափսեի մեջ մնացած մի քանի նրբերշիկներին, տեղից վեր կացավ ու Աշոտին ասաց.- ես գնամ, Ավետիսյան ջան:

– Հետներս մի բաժակ բան չխմեցիր,- ասաց Աշոտը:

– Մի ուրիշ անգամ, Ավետիսյան ջան,- ասաց Աշոտը.- հիմի գործերի մեջ խրված եմ:

– Մի բաժակը չէր խանգարի,- ասաց Աշոտը:

– Լավ էր, որ էդ Սեյրան կոչեցյալի առած շամպանսկուն մատով չկպա,- ասաց Վարոսը:

– Արմոյի հետ կիսովի են առել,- ծիծաղեց Աշոտը:

– Թեկուզ,- ժպտաց Վարոսը, հետո մի քիչ մտածեց ու Աշոտին հարցրեց.- բայց էս սասիսկիներն ու մյուս էրկու շշերը դու ես առել, չէ՞:

– Հա,- Աշոտի փոխարեն պատասխանեցի ես:

– Փաստորեն, էդ բեդովլաթն իրա ավտոյի մաղարիչը կիսովի էլ չի արել,- ասաց Վարոսն ու ծիծաղելով ավելացրեց.- փաստորեն, իրա էդ ավտոյի մաղարիչն իրեքով եք արել:

– Իմ առածներն իրանց մաղարիչների հետ ոչ մի կապ չունի,- ասաց Աշոտն ու ժպտալով ավելացրեց.- ընենց որ, արխային կարաս ուտես ու խմես, Վարոս ջան:

– Անուշ խմեք,- ասաց Վարոսն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- ինչքան սրտներդ ուզում ա՝ կարաք նստեք. ձեզ վռազացնող չկա:

– Էս սասիսկիներից էլ կարգին չկերար,- ասաց Աշոտը:

– Դուք անուշ արեք, Ավետիսյան ջան,- ասաց Վարոսն ու գնաց:

– Լավ էր՝ շուտ գնաց,- անկախ ինձանից ասացի ես:

– Մնար՝ ի՞նչ աներ,- ծիծաղեց Աշոտը.- արդեն համարյա սասիսկի չի մնացել:

– Չորս հատ կա,- ծիծաղեցի ես:

– Որ մի քիչ էլ մնար, ստիպված պիտի էլի խանութ գնայի,- ծիծաղեց Աշոտը:

– Չորս հատը մեզ լրիվ հերիք ա,- ասացի ես:

– Հա,- ասաց Աշոտը:

– Սեյրանի շոկոլադներն էլ կան,- ասացի ես:

– Հես ա՝ կոֆե էլ ունենք,- Անոյի դարակները տնտղելով՝ ասաց Աշոտը.- ընենց որ՝ կարանք հանգիստ շարունակենք:

– Վռազելու տեղ չունենք,- ասացի ես.- կարանք շարունակենք:

– Վարոսի թույլտվությամբ,- ժպտաց Աշոտը:

– Հետաքրքիր պահակ ունեք,- ասացի ես:

– Պարետի տեղակալ,- ճշտեց Աշո տը:

– Փաստորեն, ինքը գիտեր, որ աշխատանքի եմ ընդունվել,- ասացի ես:

– Շատ հնարավոր ա՝ ինքը ինձնից ու քեզնից շուտ իմացած ըլնի,- ծիծաղեց Աշոտը:

– Նույնիսկ աշխատավարձիս չափը գիտեր:

– Հա,- ծիծաղեց Աշոտը:

– Զարմանալի ա:

– Զարմանալի բան չկա,- ասաց Աշոտը.- երեւի Բասենցյանն ու Անոն են իրան ասել:

– Բասենցյանն ու Անոն խի՞ պիտի Վարոսին ասեին,- զարմացա ես:

– Ինքը սաղին հարցուփորձ ա անում, որ ամեն ինչ իմանա։

– Խի՞ ա ուզում ամեն ինչ իմանա։

– Չգիտեմ,- ասաց Աշոտը.- իրան պիտի հարցնեիր։

– Ամեն դեպքում, հետաքրքիր մարդ ա,- ասացի ես:

– Անհետաքրքիր մարդ չկա,- ասաց Աշոտն ու հարցրեց.- կարող ա՞ Սեյրանն ա անհետաքրքիր:

– Սեյրանն էլ ա հետաքրքիր:

– Կարող ա՞ դու հետաքրքիր չես,- ժպտաց Աշոտը:

– Չգիտեմ,- ժպտացի ես.- իմ մասին բան չեմ կարա ասեմ:

– Վարոսն է՛լ իրա մասին բան չի կարա ասի, բայց սաղի մասին ասում ա,- ծիծաղեց Աշոտն ու ավելացրեց.- մարդ մենակ ուրիշներին ա կարում ուսումնասիրի:

– Երեւի,- մի քիչ մտածելուց հետո ասացի ես:

– Թե՞ Բասենցյանն ու Անոն են անհետաքրքիր,- ժպտաց Աշոտը:

– Դարբինյանն էլ ա հետաքրքիր,- ասացի ես:

– Մեջներիդ անհետաքրքիրը ես եմ,- ծիծաղեց Աշոտը:

– Քեզ ա թվում,- ծիծաղեցի ես ու իր ասածը կրկնելով՝ ավելացրի.- մարդ մենակ ուրիշներին ա կարում ուսումնասիրի:

– Իսկական մարդն էն ա, որ մեկ-մեկ էլ ինքը իրան ա ուսումնասիրում,- ասաց Աշոտը:

– Ըտենց մարդ կա՞,- հարցրի ես:

– Իսկական գրողներն ըտենց են,- ասաց Աշոտը:

– Օրինակ,- հարցրի ես:

– Օրինակ՝ Սարոյանը,- մի քիչ մտածելով՝ ասաց Աշոտը:

– Ճիշտ ես ասում,- մի քիչ մտածելով՝ համաձայնվեցի ես:

– Մարդ որ ինքը իրան հասկանա, ուրիշներին ավելի լավ կհասկանա,- ասաց Աշոտը:

– Դու էլ ես չէ՞ գրում,- անսպասելի հարցրի ես:

– Ի՞նչ եմ գրում,- զարմացավ Աշոտը:

– Գրականություն,- ասացի ես:

– Բանաստեղծություն չեմ գրում,- ասաց Աշոտը:

– Բանաստեղծություն չեմ ասում:

– Բա ի՞նչ ես ասում:

– Արձակ:

– Սերգոն ա՞ ասել:

– Ի՞նչ Սերգո:

– Ձեր կուրսի Սերգեյը:

– Հա,- ասացի ես:

– Սերգոյին էլ երեւի Ֆիլն ա ասել:

– Երեւի,- ասացի ես:

– Ուրիշը չէր կարա ասեր, որովհետեւ մենակ Ֆիլն ա կարդացել:

– Փաստորեն, գաղտնի ես պահում:

– Ի՞նչն եմ գաղտնի պահում:

– Գրելդ:

– Ոչ թե գաղտնի եմ պահում, այլ՝ չեմ ասում,- ասաց Աշոտն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- գաղտնի պահելն ու չասելը տարբեր բաներ են:

– Իմաստ չունի,- ասացի ես:

– Ի՞նչը իմաստ չունի,- հարցրեց Աշոտը:

– Չասելը:

– Դու ասո՞ւմ ես,- հարցրեց Աշոտը:

– Ես էլ ոչ մեկին չէի ասում, բայց հենց տպվեցի՝ սաղ աշխարհն իմացավ:

– Ես նոր պիտի որոշեմ՝ տպվե՞մ, թե՞ չտպվեմ,- ասաց Աշոտն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- չգիտեմ՝ որն ա ճիշտ:

– Մինչեւ չտպվես, չես իմանա՝ որն ա ճիշտ:

– Դու արդեն գիտե՞ս:

– Հա:

– Ի՞նչ գիտես:

– Տպվելուց հետո հասկացա, որ չպիտի տպվեի:

– Կեղծ համեստություն ես անում,- ասաց Աշոտը.-շատ էլ հաջող գործեր էին:

– Ես էլ էի առաջ ըտենց մտածում:

– Բա հիմա ո՞նց ես մտածում:

– Հիմա վաղվա հոդվածիս մասին եմ մտածում,- ծիծաղեցի ես:

– Էդ հոդվածներն անցողիկ բաներ են,- ժպտաց Աշոտը:

– Բա ի՞նչն ա մնայուն:

– Իսկական գրականությունը:

– Շուտվանից ե՞ս գրում:

– Չորս կամ, ամենաշատը, հինգ տարի կըլնի,- ասաց Աշոտն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- բայց ընդամենը մի ամիս առաջ եմ Ֆիլին ցույց տվել:

– Մենակ ինքն ա՞ կարդացել:

– Հա,- ասաց Աշոտն ու հոգոց հանելով ավելացրեց.- իզուր էլ ցույց տվի:

– Խի՞ իզուր,- հարցրի ես:

– Եսիմ,- մի քիչ մտածելուց հետո ասաց Աշոտը:

– Պատմվածք է՞ր,- հարցրի ես:

– Հա,- ասաց Աշոտն ու հոգոց հանելով ավելացրեց.- իզուր էլ տվի:

– Չհավանե՞ց:

– Հավանելու կամ չհավանելու հարցը չի,- ասաց Աշոտը.- փաստորեն, շուխուռը աշխարհով մեկ գցել ա:

– Ո՞նց ա շուխուռը գցել:

– Քեզ որ հասել ա, սաղին էլ հասած կըլնի:

– Բայց ինձ ինքը չի ասել:

– Ինքը երեւի Սերգոյին ա ասել, Սերգոն էլ՝ քեզ:

– Բայց հավանե՞լ ա:

– Դո՛ւ կիմանաս,- ժպտաց Աշոտը:

– Ես ո՞նց պիտի իմանամ,- զարմացա ես:

– Ինքը Սերգոյին ասած կըլնի, Սերգոն էլ՝ քեզ,- ծիծաղեց Աշոտը:

– Ոչ մի բան էլ չի ասել,- ծիծաղեցի ես:

– Ինձ էլ ոչ մի բան չի ասել,- ժպտաց Աշոտն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- Ֆիլին որ սպանես՝ կարծիքը չի ասի:

– Մինչեւ հիմի քանի՞ հատ պատմվածք գրած կըլնես,- հարցրի ես:

– Կես հատ,- մի քիչ մտածելուց հետո պատասխանեց ու ասաց Աշոտը:

– Էդ կես հատն ե՞ս Ռուբոյին ցույց տվել:

– Չէ. իրան լրիվն եմ տվել:

– Բա ասում ես՝ կես հատ ես գրել:

– Էս չորս ու հինգ տարում քսանից ավել պատմվածք եմ գրել:

– Բա ի՞նչ կես հատ ես ասում:

– Էս վերջինը կիսատ ա,- իր սեղանին դրված գրամեքենայի վրայի թուղթը ցույց տալով՝ ասաց Աշոտը.- էս մեկը դեռ չեմ պրծել:

– Բա նախկին գրածներդ չես հաշվո՞ւմ,- հարցրի ես:

– Նախկինները չեմ հավանում:

– Որ չես հավանում` խի՞ ես Ռուբոյին ցույց տվել:

– Էն վախտ որ իրան տվի՝ հավանում էի,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- հիմի մենակ էս կիսատ գրածս եմ հավանում:

– Գրամեքենայով ե՞ս գրում:

– Էս մեկը գրամեքենայով եմ սկսել:

– Փաստորեն, գրամեքենայով ավելի լավ ա ստացվում,- ժպտացի ես:

– Աստված գիտի,- ժպտաց Աշոտը:

– Կտա՞ս կարդամ:

– Կիսատ ա,- ասաց Աշոտը.- որ պրծնեմ՝ կտամ:

– Ֆիլի գրածները հավանո՞ւմ ես,- հարցրի ես:

– Դու հավանո՞ւմ ես:

– Պոպոքների մասին պատմվածքը շատ եմ հավանել:

– Կարդացե՞լ ես:

– Չէ:

– Բա ո՞նց ես հավանել,- ապշահար ինձ նայեց Աշոտը:

– Սերգեյն ա պատմել,- ասացի ես:

– Սերգոյի պատմելով ե՞ս հավանել,- ծիծաղեց Աշոտը:

– Խի՞ ես ծիծաղում,- զարմացա ես:

– Սերգոն շատ ուժեղ պատմող ա,- շարունակեց ծիծաղել Աշոտը:

– Բայց խի՞ ես ծիծաղում:

– Կյանքումս առաջին անգամ եմ լսում, որ ուրիշի պատմելով պատմվածք հավանեն,- շարունակեց ծիծաղել Աշոտը:

– Բովանդակությունը ծերից ծեր մանրամասն պատմել ա,- արդարացա ես:

– Բովանդակությունն ի՞նչ կապ ունի,- ծիծաղեց Աշոտը:

– Կարեւորը բովանդակությունը չի՞,- հարցրի ես.- կարեւորը բովանդակությունն ու միտքը չե՞ն:

– Էնքան էլ ըտենց չի,- ժպտաց Աշոտը.- բովանդակությունն ու գաղափարը կարեւոր են, ճիշտ ա, բայց ուրիշ կարեւոր բաներ էլ կան:

– Ի՞նչ կարեւոր բաներ:

– Շատ կարեւոր ա, թե հեղինակը ոնց ա բովանդակությունն ու գաղափարն արտահայտում:

– Հատկապես էդ պատմվածքի գաղափարն ա ուժեղ,- ասացի ես:

– Կարեւորն էն ա, թե հեղինակն ինչ ձեւերով ու ինչ միջոցներով ա իրա էդ գաղափարն արտահայտում,- ծիծաղեց Աշոտը:

– Բա խի՞ ես ծիծաղում,- զարմացած հարցրի ես:

– Որովհետեւ Սերգոյի պատմածով Ֆիլի էդ պատմվածքի մասին լուրջ-լուրջ խոսում ես,- շարունակեց ծիծաղել Աշոտը:

– Բա ո՞ւմ պատմածով խոսամ,- զարմացա ես.- Սերգեյն ա էդ պատմվածքն ինձ պատմել:

– Սերգոն շատ լավ պատմող ա,- նորից ծիծաղեց Աշոտը:

– Հա,- համաձայնվեցի ես.- շատ հետաքրքիր էր պատմում:

– Պիտի քո սեփական աչքով կարդաս,- ժպտաց Աշոտը:

– Սեփական աչքով չեմ կարդացել,- խոստովանեցի ես:

– Ես կարդացել եմ,- ժպտաց Աշոտը:

– Քեզ էլ ա՞ տվել:

– Ոչ թե ինձ ա տվել, այլ՝ մեզ ա տվել:

– Ձեզ՝ ո՞ւմ:

– Համալսարանի գրական ստուդիայի անդամներիս,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- իրա էդ պատմվածքը ուսանող վախտ մեր գրական ստուդիայում քննարկել ենք:

– Հետո՞:

– Ինքը որեւէ դիտողություն չի հանդուրժում:

– Ի՞նչ դիտողություն:

– Իրա էդ պատմվածքը որ քննարկում էինք, մի քանի դիտողություն արեցի:

– Նեղացա՞վ:

– Ոչ թե նեղացավ, այլ՝ մինչեւ հիմի նեղացած ա,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- էդ քննարկումից էրկուսուկես տարի ա անցել, բայց իրա նեղացածությունը չի անցել:

– Ի՞նչ գիտես՝ չի անցել:

– Զգում եմ,- ասաց Աշոտն ու հարցրեց.- էրեկ չզգացի՞ր, որ հետս քթովմռթով ա:

– Չեմ զգացել,- ստեցի ես:

– Մինչեւ հիմի նեղացած ա:

– Այսինքն, իրա էդ փուչ պոպոքների մասին պատմվածքը լավ պատմվածք չի՞:

– Լավը լավն ա, բայց լեզվական որոշ հարցեր կան:

– Լեզվական իմաստո՞վ քննադատեցիր:

– Հեչ չեմ էլ քննադատել,- ասաց Աշոտը.- ուղղակի՝ մի քանի խորհուրդ եմ տվել:

– Ի՞նչ խորհուրդ ես տվել:

– Օգտակար,- ժպտաց Աշոտը.- իմ կարծիքով՝ օգտակար:

– Օրինակ,- հարցրի ես:

– Հիմի չեմ էլ հիշում՝ կոնկրետ ինչ եմ ասել,- ժպտաց Աշոտը.- իրան պիտի հարցնես:

– Երեւի ինքն էլ մոռացած ըլնի,- ասացի ես:

– Դժվար թե՝ մոռացած ըլնի,- ասաց Աշոտը.- իրա պահվածքից զգում եմ, որ լավ էլ հիշում ա: Ռուբոն ըտենց բաները չի մոռանում: Ինքն էն տղեն չի, որ քննադատական խոսք հանդուրժի:

– Բա ասում ես՝ չես քննադատել:

– Ընդամենը մի քանի խորհուրդ եմ տվել,- ասաց Աշոտն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- բայց, պարզվում ա, ինքը խորհուրդներ էլ չի հանդուրժում:

– Էդ ինչի՞ց ա:

– Ինքը իրան պրոֆեսիոնալ գրող ա համարում, իսկ մեզ՝ սկսնակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել