Լրահոս
Օրվա լրահոսը

Եռակողմ հանդիպում՝ մինչեւ ապրիլի 24-ը

Նոյեմբեր 08,2008 00:00

\"\"Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հանդես է եկել իր երկրում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, Թուրքիայի նախագահի մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպում կազմակերպելու՝ Աբդուլա Գյուլի առաջարկին արդեն դրական պատասխան է տվել պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այս առաջարկությունն ուղարկվելու է նաեւ հայկական կողմին: Հանդիպման օրը եւ տեղն առայժմ որոշված չեն, սակայն, տեղեկությունների համաձայն, այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ստամբուլում:

Ըստ «Նոյյան տապանի», թեմայի հետ կապված որոշ տեղեկություններ տրամադրելով «Զամանին»՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ եռակողմ հանդիպման օրակարգը չի սահմանափակվելու միայն ղարաբաղյան հակամարտության խնդրով, քննարկվելու են նաեւ կողմերին հետաքրքրող տարբեր հարցեր: «Զամանը», վկայակոչելով մի թուրք պաշտոնյայի, որի անունը չի նշվում, գրում է, թե շատ հավանական է, որ այդ եռակողմ հանդիպումը տեղի ունենա առաջիկա ամիսներին: Թերթն իր հերթին կանխատեսում է, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչեւ ապրիլի 24-ը՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակած Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշումը, ինչն էլ, բնականաբար, մտահոգում է պաշտոնական Անկարային:

Օրվա վերջին Թուրքիայի արտգործնախարարությունը հերքեց հնարավոր եռակողմ հանդիպման մասին լուրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել