Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 08,2008 00:00

Եվրոպայի առաջնությունում արդեն երկու կորուստ ունենք

Լիվերպուլում մեկնարկեց սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Աշխարհամասի՝ 2008 թվականի վերջին պաշտոնական մրցաշարում հանդես է գալիս 40 երկրի 210 բռնցքամարտիկ, որոնք 11 քաշային կարգերում վիճարկում են չեմպիոնների եւ մրցանակակիրների կոչումները: Հայաստանի ազգային հավաքականը մասնակցում է 9 քաշային կարգերի պայքարին (բացի 81 եւ 91+ կիլոգրամներից) եւ մեկնարկային փուլում արդեն երկու կորուստ ունի: 54 կգ քաշային կարգում Արթուր Գրիգորյանը միավորների 4:14 տարբերությամբ զիջել է Մոլդովայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Գոյանին, իսկ Սամվել Մաթեւոսյանը (69 կգ) տանուլ է տվել սերբ Զորան Միտրովիչին՝ 4:12:

Առաջին օրը մեր երրորդ բռնցքամարտիկը՝ Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից, 64 կգ քաշային կարգում հանդես եկող Էդուարդ Համբարձումյանը, ոչ հեշտ մրցակցությունում մրցավարների տված միավորի 9:5 տարբերությամբ, պայքարից դուրս է թողել ուկրաինացի Դենիս Լազարեւին եւ երկրորդ փուլում հանդիպելու է Էգիդիուս Կավալյաուսկասի (Լիտվա) հետ: Մեր մյուս բռնցքամարտիկները վիճակահանությամբ առաջին մենամարտերն անցկացնելու էին հետեւյալ մրցակիցների հետ:

48 կգ՝ Հովհաննես Դանիելյան-Լենգլի Դարրան (Անգլիա),

51 կգ՝ Դերենիկ Գիժլարյան-Գեորգի Չիգաեւ (Ուկրաինա),

57 կգ՝ Ազատ Հովհաննիսյան-Միհալ Չուդեցկի (Լեհաստան),

60 կգ՝ Արա Պուլուզյան-Կոբա Պխակաձե (Վրաստան),

75 կգ՝ Անդրանիկ Հակոբյան-Սեկ Դարիուս (Լեհաստան),

91 կգ՝ Ցոլակ Անանիկյան-Իլիաս Պավլիդիս (Հունաստան):

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ազատ Հովհաննիսյանը միավորների 14-10 տարբերությամբ հաղթել է ու անցել երկրորդ փուլ:

Ռ. Վահանյանը՝ «Բլից» շախմատի աշխարհի առաջնությունում

\"\"Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի չորրորդ առաջնությունը: Հաղթողի կոչումը վիճարկում է 16 գրոսմայստեր՝ Ռաֆայել Վահանյանը (Հայաստան), Ամին Բասսեմը (Եգիպտոս), Կրիշնան Սաշիկիրանը (Հնդկաստան), Գատա Կամսկին (ԱՄՆ), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Լենյեր Դոմինգես Պերեսը (Կուբա), Մուրտաս Կաժգալեեւը (Ղազախստան), Սերգեյ Ռուբլյովսկին (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վլադ Տկաչովը (Ֆրանսիա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), մասնակից միակ կին գրոսմայստերը՝ Յուդիթ Պոլգարը (Հունգարիա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա):

Շախմատիստները խաղում են շրջանաձեւ մրցակարգով եւ յուրաքանչյուր պարտիայի համար նրանց տրված է հինգ րոպե, առանց ժամանակի ավելացման: Առաջնության մրցանակային ֆոնդը 350 հազար շվեյցարական ֆրանկ է, որից չեմպիոնին հատկացվելու է 80 հազար, արծաթե մեդալակրին՝ 50 հազար, երրորդ մրցանակակրին՝ 30 հազար:

Խորհրդավոր լռություն՝ Աբրահամ-Մարկես մենամարտից առաջ

\"\"Այսօր ուշ գիշեր, Երեւանի ժամանակով մոտավորապես 1:45-ին IBF-ի վարկածով միջին քաշային կարգում (մինչեւ 72,574 կգ) աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բամբերգ (Գերմանիա) քաղաքի «Յակո Արենա» մարզասրահում չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտ է անցկացնելու պարտադիր հավակնորդ, մեքսիկացի Ռաուլ Մարկեսի հետ, որը ներկայումս բնակվում եւ մարզվում է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում:

«Արքա Արթուրի» նկատմամբ հետաքրքրությունը, հատկապես պոռոտախոս Էդիսոն Միրանդային ամերիկյան նորամուտի 4-րդ ռաունդում նոկաուտով տարած տպավորիչ հաղթանակից հետո, զգալիորեն մեծացել է: Այդպես էր Աբրահամ-Մարկես հոկտեմբերի սկզբներին նշանակված մարտից առաջ, որը, սակայն, մեկ ամսով հետաձգվեց՝ Աբրահամի անակնկալ հիվանդանալու պատճառով: Բայց այսօր լրատվամիջոցները տարօրինակ կերպով պասիվ են, ասես մոռացել են այս բռնցքամարտիկների եւ նրանց միջեւ արդեն հաշվված ժամեր հետո կայանալիք մենամարտի մասին: Չկան հայտարարություններ ու հանդիսատեսին տրվող խոստումներ, ասուլիսներ, բաց, ցուցադրական մարզումներ: Մի խոսքով՝ խորհրդավոր լռություն է:

Սակայն հուսով ենք, որ այդ լռությանը այս գիշեր կհաջորդի փոթորիկը, որի ավարտին «Ադամանդ» մականունը կրող Ռաուլ Մարկեսը կհամալրի՝ «Արթուր արքայի» առայժմ 27 զոհերի հավաքածուն:

Կարող ենք Լոնդոնում նժույգավարգի մասնակից ունենալ

Հայաստանը կարող է 2010 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի նժույգավարգի մրցումներում իր ներկայացուցիչն ունենալ:

Օրերս հանրապետության ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց սփյուռքահայ նժույգորդուհի Քերի Աղաջանյան-Շոփֆին: Այդ առիթով ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Գիլոյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ Քերի Աղաջանյան-Շոփֆը ծնվել է ԱՄՆ-ում, սակայն շուրջ 10 տարի բնակվում է Գերմանիայում: «Նա 50 տարեկան է, փիլիսոփայության դոկտոր, գեղավարգ մարզաձեւում մտնում է աշխարհի 50 լավագույնների մեջ: Միջազգային ամենաբարձրակարգ մրցումների բազմակի հաղթող է ու մրցանակակիր: Գերմանիայում ունի սեփական ձիանոց՝ մոտ 30 նժույգ, որոնցից երեքը զտարյուն են ու լավ պատրաստված: Դրանցից յուրաքանչյուրը կարող է 2012 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Հենց այդ նպատակով էլ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը Քերիի առջեւ Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերելու առաջադրանք է դրել: Մի կարեւոր հանգամանք էլ, որին հարկ եմ համարում հատուկ անդրադառնալ: Ձիասպորտում ընդունված կարգ է, որ նժույգորդը տվյալ երկրի դրոշի ներքո հանդես գալու իրավունք ունի միայն այնտեղ հինգ տարի բնակվելու պարագայում: Սակայն մեր դիմումով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով, որ Քերին ազգությամբ հայ է, նրան բացառության կարգով թույլատրել է այսուհետեւ Հայաստանը ներկայացնել միջազգային պաշտոնական մրցումներում: Այնպես որ, խիստ հավանական է, որ առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցումներին Քերիի մասնակցության արդյունքով Հայաստանը ձիասպորտի նժույգավարգ օլիմպիական մրցաձեւում իր մասնակիցն ունենա»,- ասաց Կարեն Գիլոյանը:

Արա Աբրահամյանը որակազրկվել է

Սպորտային ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (FILA) Շվեդիայի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեական ըմբիշ, 84 կգ քաշային Արա Աբրահամյանին որակազրկել է երկու տարով՝ միեւնույն ժամանակ տուգանելով $2600: Որակազրկվել ու տուգանվել են նաեւ Աբրահամյանի մարզիչ Լեո Մյուլլարին ($8600) եւ Շվեդիայի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիան ($43000): Վերջինը երկու տարով զրկվել է միջազգային մրցաշարեր կազմակերպելու իրավունքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել