Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈՄԺ» ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԴԱՐԴԻՑ

Նոյեմբեր 08,2008 00:00

Հարյուրավոր «բոմժեր» ընդամենը 2 ամսով են անօթեւանների ժամանակավոր կացարանում ապրում

\"\"«Այստեղ գլուխս հանգիստ է»,- ասում է հարսից տուժած եւ ընդամենը օրեր առաջ անօթեւանների ժամանակավոր կացարանում տեղավորված Էմմա Տեր-Եսայանը։

 

\"\"«Պառկում եմ ու հեռուստացույցով լուրեր, երգեր լսում։ Երգ շատ եմ սիրում՝ ազգային, ժամանակակից»,- ասում է Լեւիկ Շահբազյանը։

 

\"\"Գալուստ Խաչատրյանի հարազատները տեղյակ չեն, որ նա ԱՄՆ-ից վտարվել է ու հիմա Հայաստանում է։

 

\"\"Քնքուշ Աբաջյանը Վրաստանից է փախել-եկել անօթեւանների ժամանակավոր կացարան։

 

«Հարսս հարձակվում էր վրես, ասում էր, որ ես երեխաներին թունավորում եմ։ Պատրաստի ճաշն իրավունք չունեի ուտեի, մտնում էի զուգարան, ասում էր՝ դուռը ճռռացնում ես։ Ինձ ասում էր՝ դու ով ես, ինչ տատիկ ես իմ երեխաների համար։ Էդ օրն էլ, որ տնից դուրս եկա, վերցրել էր փոշեկուլը, որ գլխիս խփի։ Էնպիսի բաներ էր ասում ու անում, որ մնում էի զարմացած։ Էն օրի հասցրին, որ ես 2 ցելոֆան շոր վերցրի ու տնից դուրս եկա։ Հեռուստացույցով տեսել էի, որ ծերերին տեղ են տալիս, որոշեցի գամ հենց այստեղ։ Մտածեցի, կստացվի՝ կմնամ, չէ՝ կգնամ կամուրջից ինձ կգցեմ, կպրծնենք»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 72-ամյա Էմմա Տեր-Եսայանը: Նա ընդամենը մի քանի օր է, որ պատսպարվել է Հաղթանակ գյուղում գտնվող թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթեւանների ժամանակավոր կացարանում։ «Մոտս փող չկար։ Հարսս ինձ ոչ մի կոպեկ չտվեց, անձնագիրս էլ չէր տալիս, մի կերպ վերցրեցի։ Դուրս եկա փողոց, մտածում էի գնամ աղջկաս տուն, բայց նա նորից ինձ հետ կբերեր այդ տունը, իսկ ես այդ տանն արդեն չէի կարողանում ապրել։ Որ դուրս եկա՝ աղջկաս ընկերուհուն տեսա, 2 հազար դրամ վերցրեցի պարտքով ու տաքսիով եկա այստեղ։ Մտա տնօրենի մոտ, պատմեցի իմ մասին, նա ինձ ասաց, որ պետք է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն գնամ, ասացի, որ ի վիճակի չեմ որեւէ տեղ գնալու, քանի որ գումար չունեմ։ Տնօրենն էլ մի քանի տեղ զանգեց, հետո ինձ ասաց, որ կարող եմ առայժմ մնալ։ Ասացին նաեւ, որ որոշ ժամանակ անց կարող եմ արդեն ծերանոց տեղափոխվել»,- իր՝ անօթեւանների կացարանում հայտնվելն այսպես ներկայացրեց տիկին Էմման: Նրա պատմելով, հարազատներին նույնիսկ չի էլ հետաքրքրում, թե ինքն ուր է, սոված է, թե կուշտ. «Ավելի լավ է, որ ես հեռու լինեմ նրանցից։ Թող իրենց տունը վայելեն, ով է իր հետ տունը տարել գերեզման, որ ես տանեմ։ Այստեղից շատ գոհ եմ, գլուխս հանգիստ է»։

Տիկին Էմման Բաքվից Երեւան է տեղափոխվել 40 տարի առաջ։ Նրա պատմելով, ի սկզբանե էլ իր բախտը չի բերել եւ առաջին՝ հարբեցող ամուսնուց բաժանվելուց հետո Երեւանում ամուսնացել է՝ 4 երեխա ունեցող եւ կինը մահացած տղամարդու հետ. «Ես այդ երեխաներին պահել եմ, մեծացրել, ամուսնացրել։ Ամուսինս, այսպես ասած, «Նոյի թվի» մտածելակերպով մարդ էր, հարսս էլ՝ ժամանակակից, դրա համար էլ իրար հետ յոլա չէին գնում եւ մենք ստիպված եղանք տեղափոխվել Կապանի մեր տունը, սակայն տղայիս գործերը վատացան եւ մենք Կապանի տունը վաճառեցինք ու կրկին տեղափոխվեցինք Երեւան: Ամուսինս մահանալուց առաջ այդ տունը գրանցեց իմ անունով: Սակայն որդիս համոզեց, որ իրենց նվիրատվություն անեմ ու արդյունքում ո՞նց խաբեցին, ի՞նչ արեցին՝ ես մնացի անտուն: Տունս էլ գրանցվեց հարսիս անունով: Հարսս «Եհովայի վկա» է դարձել։ Սկզբում տղաս համաձայն էր, որ գնա դրանց ժողովներին, սակայն հետո նրանց մեջ կռիվ ընկավ, քանի որ հարսս երեխաներին թողնում էր անտեր-անտիրական՝ գնում։ Նրանք էլ արդեն 4 երեխա ունեին։ Հարսս էլ ասում էր՝ կբաժանվեմ, բայց Եհովայի վկայությունից չեմ հրաժարվի։ Էդ կռիվների պատճառով տղաս գնաց Ռուսաստան»։

Անօթեւանները ժամանակավոր կացարանում կարող են ապրել ընդամենը 2 ամիս, որից հետո պետք է այն լքեն: Ընդհանուր առմամբ՝ այստեղ տեղավորվում է 50 մարդ։ Երբ անտուն մարդիկ դիմում են կացարանում ապրելու համար, նրանց, նախեւառաջ, այսպես ասած, «դեզինֆեկցիա» են անում, հետո՝ լողացնում են։ Կացարանի ղեկավարությունը նորեկներին սկզբում առանձին է պահում մնացած բնակիչներից, մինչեւ նրանք այցելեն տարածքային պոլիկլինիկա՝ ստուգվելու։ Եթե պարզվում է, որ նորեկն ունի սուր ինֆեկցիոն կամ մաշկավեներական հիվանդություն, չի կարող մնալ այստեղ։ Նրանց ուղարկում են բուժման: Ժամանակավոր կացարանի բնակիչներին արգելվում է ոգելից խմիչք օգտագործել եւ վեճերի բռնվել։ Մեզ հետ զրույցում, կացարանի տնօրենի օգնական Սամվել Թադեւոսյանը, որը զբաղվում է անօթեւաններին տեղավորելով, հայտնեց, որ իրենց այցելուները հիմնականում նույն մարդիկ են լինում, քանի որ 2 ամիս մնալուց հետո, 10 օր դրսում անցկացնելով՝ կրկին վերադառնում են։ Ս. Թադեւոսյանի խոսքերով, իրենք նաեւ փորձում են անօթեւանների համար աշխատանք գտնել. «Ամռանը նրանց մեծ մասն աշխատում է գյուղում եւ հող է մշակում, ոմանք էլ գնում են հարուստների տները մաքրում, բայց դա ժամանակավոր աշխատանք է, եթե հիմնական աշխատանք ենք կարողանում գտնել՝ պետք է այստեղից ընդհանրապես դուրս գան»։

75-ամյա Լեւիկ Շահբազյանը մոտ մեկ շաբաթ «Այրարատ» կինոթատրոնի դիմացի այգում ապրելուց հետո՝ տեղափոխվել է այստեղ: Նրա խոսքերով, ճիշտ է՝ ինքը տուն չունի, բայց. «Թասիբով ապարանցի եմ եւ կին ու երեխաներ ունեմ»: Իսկ թե ինչո՞ւ է հայտնվել անօթեւանների կացարանում, Լ. Շահբազյանը չցանկացավ մանրամասնել, միայն ասաց. «Կինս ու տղաներս հիվանդ են: Ներվային նոպաներ ունեն»։

Հետո մի քանի դրվագ պատմեց իր կյանքից. «Ամուսնացել եմ հորս կամքով, կինս մեր հարեւան գյուղից էր, հետո, որ իմացա տենց պրոբլեմներ ունի, տարա տարբեր բժիշկների մոտ։ Մենք ունեցել ենք 10 երեխա՝ 5 տղա եւ 5 աղջիկ, բայց 3 տղաս արդեն մահացել են։ Մի տղաս ծնվեց եւ քառասունքը չլրացած՝ մահացավ։ Գեւորգս էլ էնքան էր խմում, որ վերջը խմիչքը նրան գերեզման տարավ, արդեն 4 տարի է՝ մահացել է։ Նա ինձ ու տան մնացած անդամներին ճնշում էր, ծեծում էր։ Մյուս տղայիս ընդհանրապես չեմ տեսել, կնոջս հայրը մեզ խաբեց ու նրան հղի վիճակում տարավ հիվանդանոց եւ դրանից հետո չգիտեմ՝ իմ երեխային ինչ արեցին, որ նա մահացավ: Հետո քանի որ կնոջս սիրում էի՝ կրկին հետ ընդունեցի: Շատ եմ սիրել նրան։ Ես նրան միշտ «Դոնարա ջան» եմ ասել։ Նրան ու երեխաներիս շատ եմ կարոտում»։ Լեւիկ պապը 26 թոռ ունի, սակայն ոչ թոռները, ոչ էլ երեխաները նրան չեն այցելում. «Ես եմ մեկ-մեկ գնում նրանց տեսնելու։ 3 աղջիկս Երեւանում են ապրում»։ Լ. Շահբազյանի տեսողությունը շատ վատ է: Նրա կարծիքով՝ հոգեկան ապրումներից է կուրացել։ Նա քայլում է ձեռնափայտի օգնությամբ. «Պարապությունից պառկում եմ, ելնում եմ, ներվերս հանգստացնելու համար ծխում եմ, բայց չեմ խմում: Չգիտեմ դա ինչ բան է»։

Արդեն 1 ամիս կացարանում է բնակվում 70-ամյա Քնքուշ Աբաջյանը։ Նա այստեղ է 2-րդ անգամ։ Նախքան կացարանում հայտնվելը, Ք. Աբաջյանը Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Վարեվան գյուղում է ապրել։ Նա պատմեց, որ իր կյանքում շատ դժվարություններ է տեսել. «Կյանքից հուզված կնիկ-մարդ եմ։ 6 երեխա եմ պահել-մեծացրել, հիմիկվանները սկի 2 երեխա չեն կարողանում պահել։ Ամուսինս որբ տղա էր, ես 18 տարեկան էի, որ ամուսնացանք, նրա հետ միասին ենք մեր տունը ստեղծել։ Շատ լավ ենք ապրել իրար հետ, բաց ինչ անեմ, բիձացավ՝ մեռավ։ Որ նա մեռավ, հարսներս ինձի տիրություն չարեցին։ Մի օր էլ դուրս էի եկել, նստել էի մի ծառի տակ, էդ ճանապարհով մի տաքսի էր անցնում, վարորդը կանգնեց ու ինձ հարցրեց, թե ինչ է եղել, ինչի եմ տխուր, ես էլ ասացի՝ ուզում եմ ծերանոց գնամ, չգիտեմ՝ ոնց։ Ասեց՝ արի ես քեզ կտանեմ։ Ու քանի որ տղաներս Ռուսաստանում են, ես էլ տեղափոխվեցի ծերանոց»։

Կնոջ բացակայությունը հարազատներին առանձնապես չի անհանգստացրել:

Մեր այն հարցին, թե կացարանում 2 ամիս ժամկետը լրանալուց հետո ո՞ւր է գնալու, Քնքուշ Աբաջյանը պատասխանեց. «Թոշակս Հայաստանի վրա ենք ուզում տեղափոխել։ Այդ գործում ինձ օգնում է այստեղի ղեկավարությունը։ Հենց եղավ՝ կտեղափոխվեմ ծերանոց։ Շատ գոհ եմ այստեղի պայմաններից, անկողինը փափուկ է, բաղնիքը՝ տաք, սնունդը՝ տեղը։ Սամվել Թադեւոսյանն էլ աղքատների աստվածն է, ես չեմ պատկերացնում՝ սենց մարդ էլի կա՞։ Շատ ուշադիր է ու խղճով»։

40-ամյա Գալուստ Խաչատրյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներից են «դեպորտ» արել՝ սխալ փաստաթղթեր լրացնելու պատճառով: Ու չնայած նա 12 տարեկանից բնակվել է ԱՄՆ-ում, սակայն նրան այնտեղի իշխանությունները չեն ներել: Գ. Խաչատրյանին Հայաստանի օդանավակայանից ուղիղ ուղեկցել են այս կացարան:

Նա արդեն 2 տարի Հայաստանում է, սակայն չի կարողանում հարմարվել այստեղի պայմաններին, ասում է, որ շատ բան չի հասկանում, ճանապարհներն էլ խառնում է. «Ես այնտեղ եմ մեծացել, այստեղ ոչ ոք չունեմ: Շատ շնորհակալ եմ, որ գոնե այս կացարանում ինձ տեղ են տվել, թե չէ՝ չգիտեմ, թե ինձ հետ ինչ էր լինելու»։

Ճիշտ է, նա որոշել է իր հարսնացուին Հայաստանից ընտրել, սակայն չի պատրաստվում այստեղ բնակվել. «Չեմ կարծում, որ կմնամ, հնարավոր է, որ ամուսնանամ, բայց անպայման գնալու եմ Ամերիկա կամ այլ տեղ, էստեղ չեմ մնա»։

Ս. Թադեւոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց իրավաբանը զբաղվում է Գալուստի անձնագրային հարցերով եւ շատ հնարավոր է, որ նա նոր անձնանագիր ստանա։ Գ. Խաչատրյանի խոսքերով, նոր անձնագիր ստանալուց հետո պետք է աշխատանքի հարց լուծի ու կացարանից դուրս գա. «Հարազատներս տեղյակ չեն, որ ես Հայաստանում եմ: Ով ինչ անի՝ իրեն կանի։ Սա իմ պրոբլեմն է, ինքս պետք է այն հաղթահարեմ»։ Նա պատմեց, որ Ամերիկայում սիրած աղջիկ ունի, որից նա այս պահի դրությամբ որեւէ տեղեկություն չուներ: Քանի որ 2 ամիսը մեկ ստիպված է լինում կացարանը լքել, ուստի ժամանակ առ ժամանակ աշխատում է ֆերմաներում, հետո նորից վերադառնում։

Սիլվա Չատինյանը 54 տարեկան է: Նա նույնպես հանգամանքների բերումով հայտնվել է փողոցում: Անօթեւանների կացարանում 2 ամիսը լրանալուց հետո կտեղափոխվի ծերանոց: Ս. Չատինյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:

Սպիտակի երկրաշարժի ժամանակ վնասվել են նրա ոտքերը, աչքերն էլ լավ չեն տեսնում։ Նա մեզ հետ զրույցում հիշեց, որ երկրաշարժից առաջ իր գործերը շատ լավ էին. «Սեփական ռեստորան էի աշխատեցնում։ Բայց միայն մեր տնից 8 հոգի երկրաշարժի զոհ դարձավ։ Ամուսինս, հայրս եւ 3 երեխաներս մահացան։ Երկու երեխա էլ ունեմ, որոնց մայրս է պահում։ Շատ ծանր էր վիճակս, չգիտեի ինչ անել: Երկրաշարժից հետո եկա Երեւան։ Սկզբում առեւտուր էի անում Պրոսպեկտի շուկայում։ Այնտեղ մի տղամարդ էլ էր աշխատում։ Մի օր նրան ասացի՝ կոֆե կուզե՞ս, ասաց՝ ինչի չեմ ուզի, էդպես ծանոթացանք, հետո շփվեցինք ու ամուսնացանք։ Նա կին չուներ։ Նրանից երեխաներ չունեցա։ Քանի որ սեփական տուն չունեինք, տարբեր տեղեր ենք ապրել վարձով, հետո ի վիճակի չեղանք վարձ տալու՝ դուրս եկանք։ Մեր առեւտուրն էլ լավ չէր։ 5-6 ամիս դրսերն էինք, պադվալում էինք ապրում։ Հետո այստեղի տեղը ցույց տվեցին, մենք էլ եկանք։ 2 ամիս մնում ենք, ապա գնում ենք, որոշ ժամանակ անց նորից գալիս ենք»,- պատմեց տիկին Սիլվան։ Նրա խոսքերով, ամուսինը հիմա բանտում է. «Կռվել է Արցախում, անունը Հովհաննես Ղամբարյան է, հոգեկանը մի քիչ խառնվել էր էս վիճակից։ Դրսում մի պառկած մարդ է եղել, մոտեցել է՝ ուզել է արթնացնել, որ հաց ուտեն, մոտեցել են ոստիկաններն ու ասել, որ այդ մարդը մահացել է, եւ այդ մարդուն իմ ամուսինն է սպանել»։ Տիկին Սիլվայի հարազատներից միայն մայրն է տեղյակ, որ նա անօթեւանների կացարանում է։ Իր գոյությունը պահպանելու համար նա Հանրապետության հրապարակում արեւածաղիկ ու ծխախոտ է վաճառում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել