Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՈՐԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԿՈՂՈՂԵ՞Ն ՄԵՐ ՇՈՒԿԱՆ

Նոյեմբեր 08,2008 00:00

Մսամթերքի, կաթնամթերքի, հյութերի, գարեջրի եւ այլ ապրանքատեսակների ներմուծման համար այլեւս համապատասխան սերտիֆիկատ չի պահանջվում:

Արտերկրից ներկրվող մի շարք ապրանքներ այս տարվա օգոստոսի 28-ից Հայաստան են ներմուծվել ազատ կերպով, առանց սերտիֆիկատի կամ, այլ կերպ ասած՝ առանց համապատասխանության պարտադիր հավաստագրի: Մասնավորապես, եթե նախկինում ծխախոտի, մսամթերքի, կաթնամթերքի, հյութերի, գարեջրի, խաղալիքների, ռադիոսարքավորումների եւ մի շարք այլ ապրանքատեսակների ներկրումը չէր կարող իրականացվել առանց փաստաթղթի՝ այսօր դա արդեն հնարավոր է: Այս հանգամանքը բազմաթիվ տնտեսվարողների մոտ ստեղծել է այն տպավորությունը, որ հեշտ ու հանգիստ կարող են ներկրել ցանկացած ապրանքատեսակ եւ առանց լաբորատոր փորձաքննության ու ստուգման ենթարկելու՝ դրանք իրացնել շուկայում: Բացի այդ, լուծարվել է էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող ստանդարտացման եւ տեխնիկական անվտանգության վարչությունը, որն էլ զբաղվում էր արտերկրից ներկրվող որոշ ապրանքատեսակների որակի եւ անվտանգության վերահսկողությամբ: Տասնյակ քաղաքացիներ այս առնչությամբ իրենց մտահոգությունը հայտնեցին «Առավոտին»: Ըստ նրանց, «նման բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստան կներկրվեն էժանագին, անորակ եւ անվտանգության ոչ մի չափանիշի չհամապատասխանող ապրանքներ»:

Թե ինչու է լուծարվել ստանդարտացման եւ տեխնիկական անվտանգության վարչությունը, փորձեցինք պարզել էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարության լրատվական ծառայության ղեկավար Անահիտ Խեչոյանի տեղեկացմամբ, փոփոխությունները զուտ կառուցվածքային են, իսկ նախկին վարչության փոխարեն՝ նախարարության կազմում ստեղծվել է նոր բաժին, որի անունը դեռեւս հստակեցված չէ: Նորաստեղծ բաժնի պետի պաշտոնակատար Լիլի Մաքսուդյանն «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ եթե ներկրողները կարող են հեշտ ու հանգիստ, առանց համապատասխանության հավաստագրի ապրանքներ ներկրել, ապա դա չի նշանակում, որ նույնքան հեշտությամբ կարող են շուկայում իրացնել այդ ապրանքները. «Այդ ամենն արվել է, որպեսզի ներմուծման ժամանակ տնտեսվարողը չունենա ժամանակի կորուստ եւ ավելի գումարներ չծախսի: Տեղի է ունեցել հետեւյալը: Բոլոր այն ապրանքները, որոնց համապատասխանության պարտադիր հավաստումը սահմանված է եղել տեխնիկական կանոնակարգերով, այս պահին առանց որեւէ խնդրի կարող են ներմուծվել Հայաստան: Սակայն դա չի նշանակում, որ դրանց նկատմամբ հսկողությունը թուլացել է: Սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված մենք մի շարք տեխնիկական կանոնակարգեր ունենք, որոնցով սահմանվում են արտադրանքի, այդ թվում նաեւ՝ սննդամթերքի, անվտանգության ցուցանիշները: Այսինքն, ապրանքները ներմուծվում են մեր հանրապետության տարածք, սակայն առանց համապատասխանության պարտադիր հավաստման, դրանց իրացումը արգելվում է»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք դա հնարավորինս չի հեշտացնի անբարեխիղճ ներկրողների գործը, քանի որ ապրանքն առանց խնդրի ներմուծելուց հետո, դրա իրացման ճանապարհները գտնելը դժվար չէ, Լ. Մաքսուդյանը պատասխանեց. «Որպես այդ ոլորտի մարդ, ես միշտ փորձում եմ դրա բոլոր ճանապարհները փակել: Ես էլ եմ սպառող, եթե նման ապրանք տեսնեմ, ապա առաջինը ես այդ մասին կտեղեկացնեմ: Պետք է սպառողին հորդորել, որ ապրանքը գնելիս պահանջի հավաստագիրը»: Մեր հարցին, թե այս ծրագիրը կազմելիս հաշվի առնվե՞լ են ռիսկերը, արդյո՞ք որոշ ապրանքատեսակների անարգել ներմուծումը սպառողի համար բացասական հետեւանքների չի հանգեցնի, Լ. Մաքսուդյանը պատասխանեց. «Ես հարցին միանշանակ չեմ կարող պատասխանել: Մենք պետք է ուսումնասիրենք եւ վերլուծենք արդյունքները, մեր պետական վերահսկողության կատարած եւ սերտիֆիկացման մարմինների կողմից իրականացրած աշխատանքները եւ տեսնենք, թե այն պոտենցիալ սերտիֆիկացնողը, որ անընդհատ գալիս եւ դիմում էր այդ կազմակերպությանը՝ հիմա՞ էլ է դիմում, թե՞ ոչ: Դրանից հետո նոր պարզ կլինի, թե, բացի դրականից, կա՞ն նաեւ բացասական հետեւանքներ»:

«Առավոտին» հետաքրքրում էր նաեւ, թե արդյո՞ք համապատասխանության հավաստագիրը կամ սերտիֆիկատը երաշխիք է, որ այդ ընկերության ներկրած արտադրանքն իսկապես համապատասխանում է որակի եւ անվտանգության պահանջվող չափանիշներին: Լ. Մաքսուդյանի հավաստմամբ. «Երբ սերտիֆիկացման մարմինները տրամադրում են սերտիֆիկատը, միանշանակ տրամադրում են այն փորձաքննություն իրականացնելուց հետո: Ասել, որ 100%-ով կհամապատասխանեն՝ հնարավոր չէ, իհարկե, բայց մեր բոլոր քայլերը ուղղված են հենց այդ 100%-ին մոտենալուն: Եթե տվյալ տնտեսվարողն, այնուամենայնիվ, իր ապրանքը վաճառում է առանց հավաստագրի, ապա վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված են որոշակի տուգանքներ՝ ընդհուպ մինչեւ իրացման արգելումը»: Ինչ վերաբերում է շուկայում իրականացվող վերահսկողությանը, ապա, Լ. Մաքսուդյանի տեղեկացմամբ. «Մենք պարտադիր հետեւում ենք՝ ինչքան հնարավորություն ունենք: Եթե սննդամթերքի պետական վերահսկողության ժամանակ հայտնաբերվում է մի արտադրանք, որը հավաստված չէ՝ իրացումն արգելվում է: Սպառողն ինքն էլ պետք է գիտակցի եւ խանութներում պահանջի տվյալ ապրանքի հավաստագիրը, իսկ այն չլինելու դեպքում՝ ահազանգի 23-56-00 «թեժ գծի» հեռախոսահամարով»:

Մեզ հետ զրույցում Լ. Մաքսուդյանը հավաստիացրեց, որ Հայաստան մտնող բոլոր ապրանքները պարտադիր ենթարկվում են փորձաքննության: Նկատենք, որ ընդամենը մի քանի օր առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Չինաստանից Հայաստան է ներմուծվել 17,5 տոննա կաթի փոշի, որը պարունակել է առողջության համար խիստ վտանգավոր «մելամին» նյութ:

Իսկ թե էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման եւ տեխնիկական անվտանգության վարչության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում քանի՞ աշխատատեղի կրճատում կլինի, նախարարության լրատվական ծառայության ղեկավար Ա. Խեչոյանը պատասխանեց. «Վարչությունը պետք է դառնա բաժին եւ, բնականաբար, վարչության աշխատակիցներն ավելի շատ են, քան բաժնինը: Մյուս աշխատողների խնդիրը պետք է ինչ-որ ձեւով լուծվի: Տվյալ պահին ասված է, որ բոլորն էլ պետք է մնան եւ աշխատեն նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել