Լրահոս
Օրվա լրահոսը

Քսան տարի է՝ «դոմիկում» են

Նոյեմբեր 08,2008 00:00

\"\"«Ինձ համար հայրենիք ասվածն այս 6 մետրանոց «դոմիկն» է»,- ասում է Վանաձորի բնակիչ Մարինե Սարուխանյանը:

«Անձրեւի ժամանակ տանը անձրեւանոցի կարիք ենք զգում, ինչքան թաս ու դույլ կա՝ հատակին ենք շարում, իսկ ձմռանը ո՛չ տունն է տաքանում, ոչ էլ՝ մենք, էլ չեմ ասում, որ ամռանն ահավոր տոթ է այստեղ, բայց, ուզած թե չուզած, ապրում ենք այս «ժեշտի» տնակում՝ այն հույսով, որ մենք էլ մի օր բնակարան կստանանք ու վերջ կդրվի այսպիսի կյանքին»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Մարինեն:

Արդեն 18 տարի Մ. Սարուխանյանն ամուսնու եւ 3 անչափահաս երեխաների հետ ապրում է Վանաձորում: Այն կացարանը, որտեղ բնակվում է ընտանիքը՝ 6 մետրանոց մի տնակ է, որտեղ բացակայում են կոմունալ հարմարությունները: «Երեխաները մեծանում են, բայց տնակը մնում է նույնը: Երեխաների մեծանալուն զուգընթաց, շատանում են հոգսերն ու մտածմունքները: Ավագ դուստրս՝ Լիլիթը, սովորում է ավարտական դասարանում եւ ցանկանում է ընդունվել բուհ, սակայն տունն այնքան փոքր է, որ չկա հարմար մի անկյուն, որտեղ երեխաս կարողանա պարապի, ստիպված գիշերներն է պարապում, երբ բոլորը քնած են լինում: Այս փոքրիկ սենյակում ե՛ւ ճաշում ենք, ե՛ւ քնում, ե՛ւ տնային գործեր անում, սակայն, բացի այս ծանր դրությունից, կա նաեւ մեկ այլ խնդիր. Լիլիթս օր ու գիշեր պարապում է, որպեսզի անվճար ընդունվի, որովհետեւ այսօր վճարովի ուսուցումը թանկ հաճույք է ու բոլորին հասանելի չէ»,- ասաց տիկին Մարինեն. «Տան միակ աշխատողը ամուսինս է, նա էլ ստիպված մեկնում է արտագնա աշխատանքի, որպեսզի գումար վաստակի, որ բնակարան գնենք, սակայն 18 տարի է նույն վիճակում ենք, ամուսնուս վաստակած գումարով հազիվ մենք ենք գոյատեւում ու 3 անչափահաս երեխաներիս կարիքներն ենք հոգում»:

Այն տարածքում, որտեղ ապրում է այս ընտանիքը, կա մոտ 50 տնակ:

Տարածքը, որտեղ գտնվում են այս տնակները, արդեն վաճառված է, եւ բնակիչները տարածքն ազատելու մասին պարբերաբար ծանուցագրեր ու տուգանքի կտրոններ են ստանում: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասացին բնակիչները, ո՛չ տուգանքն են վճարում, ո՛չ էլ պատրաստվում են լքել տնակները, քանի որ պարզապես ապրելու տեղ չունեն:

20 տարիների ընթացքում միայն «Հաբիթաթ» կազմակերպությունն է այցելել Վանաձորի տնակային ավանը, ծանոթացել բնակիչների խնդիրներին, բայց բնակիչների վիճակը որեւէ կերպ չի բարելավվել: «Քաղաքապետարանը խոստացել է, որ բնակարան կհատկացնի, մենք էլ սպասում ենք: Ես ավելի շատ բողոքում եմ ոչ թե մեր վատ պայմաններից, այլ այն անտարբերությունից, որ ոչ ոքի չի հուզում, թե այս մարդիկ քանի՞ տարի կարող են մի փոքր «դոմիկում» ապրել: Ես արդեն 18 տարի ապրում եմ ու չեմ ցանկանում, որ երեխաներիս կյանքի մեծ մասն այս ցուրտ, խոնավ ու «կռիսներով» լի «դոմիկում» անցնի: Վատ պայմանները ազդում են երեխաների հոգեկան ներաշխարհի վրա: Ինձ համար հայրենիք ասվածը այս 6 մետրանոց դոմիկն է, եւ ես համոզված եմ, որ երեխաներս իրենց մանկությունից միայն այս «դոմիկն» են հիշելու, անձրեւից խունացած առաստաղը, այս փոքրիկ սենյակն ու այսքան վատ պայմանները»,- ասաց տիկին Մարինեն:

Մեկ այլ բնակչի՝ տիկին Մարիետայի խոսքերով էլ. «Արդեն 20 տարի է՝ յոթ հոգով ապրում ենք տնակում, տանն էլ երկու հաշմանդամ կա, որոնք հատուկ խնամքի կարիք ունեն: Քաղաքապետը խոստացել է, որ կրկին ընտրվելու դեպքում մեզ բնակարան կհատկացնի, մենք էլ հույսով սպասում ենք»:

Նշենք, որ Վանաձորի քաղաքապետը վերջերս վերընտրվեց իր պաշտոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել