Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԵՄԵՆՏԻ ՓՈՇՈՒՑ ԵՐԵԽԱՅԻ ԱՉՔԵՐԸ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ

Նոյեմբեր 08,2008 00:00

\"\"Մեր երկրում որեւէ գործատու չի պատժվում անչափահաս երեխաներին աշխատեցնելու համար

«Երկու տարի առաջ տղաս աշխատանքի վայրում բարձրությունից ընկել էր, գլուխը խփել գետնին եւ վնասել: Ընկերները նրան վիրավոր տուն բերեցին, բայց բժշկի չենք տարել: Այն ժամանակ նա Վանաձորի 4-րդ դպրոցի շինարարությունում բանվոր էր աշխատում: Այդ դեպքից հետո նորից շարունակել է աշխատել, քանի որ ընտանիքում ուրիշ աշխատող չունենք, բայց նրա ինքնազգացողությունը հաճախակի է վատանում»,- սրանք այն անչափահաս երեխայի ծնողի խոսքերն են, ում երեխան կարիքից դրդված սկսել է աշխատել:

Անչափահասներին աշխատեցնելը մեր երկրում լուրջ հիմնախնդիր է դարձել: Այս մասին փաստում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մանկական հիմնադրամի աջակցությամբ կատարած մանրակրկիտ ուսումնասիրությունը, որի հիման վրա զեկույց է հրապարակվել: Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի բոլոր բնակավայրերում: Ընտրվել է 1066 տնային տնտեսություն, որտեղ կան 7-18 տարեկան 72 աշխատող անչափահասներ:

Մարզերում եւ մայրաքաղաքում հարցումներ իրականացնող աշխատախումբը այցելել է դաշտեր, ձեռնարկություններ, մասնավոր հիմնարկներ, շինհրապարակներ, սրճարաններ, խանութներ ու սպասարկման այլ օբյեկտներ՝ սեփական աչքով տեսնելու եւ արձանագրելու անչափահասներին աշխատեցնելու փաստը:

Ըստ զեկույցի, Աշտարակում երեխաներից մեկը ձմռան ցրտին սառը ջրով մեքենա է լվանում, իր քաշից ծանր բեռներ է կրում, շնչում է ցեմենտի եւ գաջի փոշին: Վանաձորցի մի երեխա էլ մինչեւ 13 տարեկանը անտառից հատապտուղ է հավաքել ու վաճառել, այնուհետեւ սկսել է աշխատել շինարարությունում: Երեխան պատմել է. «Հիվանդ հորս համար պետք է դեղեր գնեի, մենք շատ դժվար ենք ապրում»:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն, Շիրակի մարզի շատ երեխաներ աշխատում են շուկաներում, ծանր բեռներ են փոխադրում կամ ամրալար են հավաքում կիսաքանդ տներից, որոնք ամեն վայրկյան կարող են փլվել:

Մեր երկրում երեխաները 2 կատեգորիաներով են շահագործվում. նրանք, որոնք աշխատանքի դիմաց թեեւ քիչ, բայց՝ վարձատրվում են, եւ նրանք, որոնք աշխատում են սեփական տնային տնտեսություններում՝ օգնելով ծնողներին: Այս երեւույթը հիմնականում տարածված է գյուղական վայրերում, որտեղ երեխաները, դպրոց գնալու փոխարեն, զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ:

Հարցված աշխատող երեխաների մոտ 1/3-րդը աշխատանքային օրենսդրությամբ անթույլատրելի տարիքից ցածր է: Նշենք, որ «Աշխատանքային օրենսգրքով» մինչեւ 14 տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելը կամ նրանց աշխատանքի ներգրավելը՝ արգելվում է: Իսկ 14-16 տարեկանին աշխատանքի մեջ ներգրավելու դեպքում անհրաժեշտ է ծնողի կամ խնամակալի գրավոր համաձայնագիրը: Ինչը գրեթե չի արվում: Ծնողները խուսափում են ավելորդ գլխացավանքից եւ քաշքշուկներից:

Ըստ զեկույցի, աշխատող երեխաների 80%-ն աշխատում է՝ գործատուի հետ ունենալով միայն բանավոր պայմանավորվածություն: Ուսումնասիրությունը պարզել է, որ գործատուների մեծ մասը չի պահպանում օրենսդրությամբ նախատեսված պայմանները: Օրինակ՝ հարցված երեխաների կեսից ավելին աշխատում է գրեթե ամեն օր, այսինքն՝ աշխատանքային շաբաթը տեւում է 7 օր: Մնացածներն ավելի քիչ են զբաղված, քանի որ նրանք պատահական են աշխատանք գտել եւ աշխատում են ըստ անհրաժեշտության: Երեխաների մեծ մասն աշխատում է ինչպես չափահաս մարդիկ՝ առավոտից մինչեւ ուշ երեկո, ոմանք՝ նաեւ գիշերը: Աշխատող երեխաների միջին ծանրաբեռնվածությունը 40 ժամ է: Մինչդեռ օրենքով անչափահասների համար սահմանվում է կրճատ աշխատանքային օր՝ այն 14-16 տարեկանների համար չպետք է գերազանցի շաբաթական 24 ժամը, իսկ 16-18 տարեկանների համար՝ 36 ժամը: Արտաժամյա աշխատանքը բացառվում է:

Ընդ որում, հարցված աշխատող երեխաների գերակշռող մասը դժգոհել է աշխատանքի անբարենպաստ եւ ծանր պայմաններից:

Կոտայքի մարզի երեխաներից մեկը բանվոր է աշխատել ցեմենտի պարկավորման գործարանում։ Նա 17 տարեկան էր, բայց ծանր պարկեր էր տեղափոխում եւ անընդհատ փոշոտ միջավայրում էր: Ցեմենտի փոշին այրել էր երեխայի աչքերի եղջերաթաղանթը եւ նա երկար ժամանակ բացակայել է աշխատանքից: Երեխաների իրավունքների մասին օրենքով արգելվում է երեխայի ներգրավումն այնպիսի աշխատանքում, որը կարող է վնասել նրա առողջությանը, ֆիզիկական եւ մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն: Սակայն, ինչպես ուսումնասիրությունն է ցույց տալիս, անչափահասները ներգրավված են ամենածանր աշխատանքներում եւ անգամ վնասներ կրելու դեպքում՝ գործատուները հարկ չեն համարում որեւէ փոխհատուցում տալ, քանի որ չկա պայմանագիր, չկա նաեւ պատասխանատվություն:

Բացի այն, որ երեխաներին չի թույլատրվում աշխատել, դեռ մի բան էլ, ըստ օրենքի, պետությունը պետք է ապահովի նրանց հանգստի եւ ժամանցի կազմակերպումը՝ ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական եւ առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ: Այս պայմանները բացակայում են հատկապես գյուղական վայրերում, ինչի հետեւանքով որոշ երեխաներ ստիպված աշխատում են: Ըստ զեկույցի, ծնողներն էլ իրենց երեխաների աշխատելու հանգամանքը այսպես են արդարացնում. «գոնե դրսից ու վատ շրջապատից կկտրվի, թող աշխատի՝ մարդ դառնա»: Եվ եթե նկատի ունենանք, որ անչափահասների պատասխանատվությունը հենց ծնողների վրա է, ապա կարելի է ասել, որ այս երեւույթը մեր հասարակության մեջ անվերահսկելի է:

Գյուղական վայրերում անչափահասները, բացի սեփական տնտեսությունից, իրենց դասերի հաշվին աշխատում են նաեւ այլոց հողատարածքներում եւ դրա համար վարձատրվում են: Պարզվել է նաեւ, որ գյուղական վայրերում որոշ դպրոցներ բերքահավաքի եւ հողի մշակման սեզոններին աշակերտներին անգամ «արձակուրդ» են տալիս:

Զեկույցի տվյալներով, աշխատող երեխաների մեծ մասը տղաներ են: Նրանք հիմնականում այն ընտանիքների երեխաներն են, որտեղ հայրերի բացակայության պատճառով ժամանակից շուտ են իրենց վրա վերցրել ընտանիքի հոգսը:

Քիչ չեն այն դեպքերը, երբ անչափահաս երեխաները ցանկանում են գումար վաստակել ծխախոտ գնելու, իրենց ժամանցն ընկերների հետ կազմակերպելու եւ առհասարակ «լավ» տղա զգալու համար:

«Առավոտի» հետ զրույցում զեկույցի համակարգող Միրա Անտոնյանն ասաց. «Այսպես մենք մարդկային ռեսուրսներ ենք կորցնում: Եթե երեխան մանկությունը սկսում է որպես սեւագործ բանվոր, ուրեմն նա սոցիալական հեռանկար չունի եւ ստիպված կլինի ամբողջ կյանքում այդպես էլ սեւագործ բանվոր աշխատել»:

«Առավոտը» աշխատանքի պետական տեսչության պետ Հարություն Հարությունյանից հետաքրքրվեց, թե տեսչությունը մինչ օրս քանի գործատուի է պատասխանատվության ենթարկել՝ անչափահասներին շահագործելու համար: Պարզվեց՝ որեւէ գործատու ոչ հայտնաբերվել է, ոչ էլ պատժվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել