Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլենդել Հիլզը» հասանելի է

Նոյեմբեր 08,2008 00:00

Վստահեցնում են ընկերության պատասխանատուները

Հարգելի խմբագրություն, «Առավոտ» օրաթերթում (05.11.2008, 203 (3319) հրապարակվել է հոդված, որում տեղ են գտել «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությանը վերաբերող ակնհայտ ոչ ճիշտ տեղեկություններ եւ անհիմն գնահատականներ, որոնք կարող են վնասել գործարար համբավը: Հաշվի առնելով ընկերության հեղինակությունը, հանրային հետաքրքրությունը եւ առավելապես մեր ընկերության թափանցիկ եւ պատասխանատու գործելու սկզբունքը, հարկ ենք համարում ներկայացնել որոշ նկատառումներ վերոհիշյալ հրապարակման վերաբերյալ:

Նախ, անդրադառնանք վերնագրին, որը բովանդակում է պնդում՝ այն մասին, իբր «Գլենդել Հիլզը» թաքնվում է»: Այն տեղեկությունը, որ թերթում հիշատակված քաղաքացի Քնարիկ Առաքելյանը իբրեւ տեղյակ չէ «Գլենդել Հիլզ» ընկերության գործունեության հասցեի մասին, ակնհայտ սուտ է, քանի որ այդ տիկինը բազմիցս այցելել է մեր ընկերություն եւ հրաշալի գիտի գտնվելու վայրը: Ավելին, այդ սուտը բացահայտելու համար պատրաստ ենք թերթին տրամադրել մեր ընկերության գործունեության հասցեի նշումով վերջին մեկ տարում այդ տիկնոջը առաքված գրությունների պատճենները: Նույնքան տարակուսելի է նաեւ դատարանի կողմից հայտարարված հետախուզումը, քանի որ այն, գործող օրենսդրության համաձայն, իրականացվում է միայն, եթե հնարավոր չի լինում պատշաճ առաքել հայցադիմումը պատասխանողին: Օգտվելով առիթից՝ դատավորին տեղեկացնենք, որ ըստ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ ցանկացած փոստային առաքում պետական ռեգիստրում ընկերության գրանցման հասցեով, որը, ի դեպ, չի փոխվել ընկերության ստեղծման օրվանից, համարվում է պատշաճ առաքում եւ լրացուցիչ գործողություններ, այդ թվում՝ հետախուզում չի ենթադրում:

Անդրադառնալով հրապարակման մեջ որպես օրինակ բերված գնային համեմատություններին, նշենք, որ մեր ընկերության կողմից Լալայանց 21 հասցեի տան իրացման վերաբերյալ «տեղեկությունները» իրականությանը չեն համապատասխանում, քանի որ մեր ընկերությունը ո՛չ Ռուզաննա Ավոյանի, ո՛չ էլ այդ տան հետ կապված ոչ միայն պայմանագիր երբեւէ չի կնքել, այլեւ չի ունեցել որեւէ առնչություն:

Անդրադառնալով հրապարակման մեջ տեղ գտած գնահատականներին, անթույլատրելի ենք համարում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ (այլ ոչ թե ՍՊԸ) անվանման հետ նույն համատեքստում «խաբեություն, բռնություն, առանց կառուցապատման իրավունքի, բազմաթիվ ապօրինություններ…» եւ նմանատիպ որակումների օգտագործումը: Հավաստում ենք, որ մեր ընկերության բոլոր գործարքները, այդ թվում՝ քաղաքացիների հետ, հիմնված են իրավական նորմերի եւ կողմերի ազատ կամարտահայտության վրա: Մենք հնարավորինս բավարարում ենք քաղաքացիների արդարացի ակնկալիքները եւ դրա վառ ապացույցն է, որ կնքելով ավելի քան 5000 տարբեր պայմանագրեր, մենք ունեցել ենք ընդամենը 6 դատական վեճ:

Հարգելի խմբագրություն: Մեր ընկերության բարի գործարար համբավը հայտնի է շատերին: Դա պայմանավորված է ոչ միայն մեր պատասխանատու գործելաոճով, տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակությամբ, իրականացվող խոշոր սոցիալական ծրագրերով: Դրա հիմքում ընկած է նաեւ այն, որ մեր ընկերությունը մշտապես ունեցել է թափանցիկ գործելաոճ, որի վառ ապացույցներն են ոչ միայն մեր անվան ներկայությունը լրատվական դաշտի՝ ինչպես հեռարձակվող, այնպես էլ ցանցային եւ տպագիր բազմաթիվ հարթակներում, այլ նաեւ մշտական պատրաստակամությունը պարզաբանումներ ներկայացնել յուրաքանչյուր անձի եւ ԶԼՄ-ի, ինչի մասին «Առավոտը» եւս նշել է (2006-11-28, 2007-12-20 համարներում):

Վստահ ենք, որ այս անգամ եւս «Առավոտը» կգտնվի իր բարձունքի վրա, ընթերցողին տրամադրելով մեր պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել