Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի քիչ մտածեք ազգի մասին

Նոյեմբեր 08,2008 00:00

«Գողական» սերիալներ ստեղծողներին ու ֆինանսավորողներին կոչ է անում հոգեբան Էլդա Գրինը

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը հոգեբաններ Էլդա Գրինն ու Սուսաննա Հակոբյանն էին, որոնք խոսեցին հասարակության վրա տեղական սերիալների թողած ազդեցությունից:

Էլդա Գրինը նշեց. «Ես չեմ հասկանում՝ այդ սերիալները դրակա՞ն ազդեցություն են թողնում, թե՞ բացասական: Հարցն այդպես կտրուկ չի կարելի դնել, որովհետեւ խրախուսելի է, որ Հայաստանն արդեն սկսել է ունենալ սեփական սերիալներ: Մինչ այդ մարդիկ միայն օտար երկրների սերիալների միջոցով էին գաղափար կազմում, թե ինչ է կատարվում այլ երկրներում ու բոլորովին գաղափար չունեին, թե ինչ է կատարվում մեզ մոտ: Հետո էլ կինոինդուստրիան սկսել է որոշակիորեն զարգանալ, մեր դերասաններին, անկախ նրանից՝ ճանաչված են, թե ոչ, վերջապես հնարավորություն է տրվել հոգալ իրենց ապրուստը»: Է. Գրինի խոսքերով, սերիալներում նկարահանվելը լավ հնարավորություն էր նաեւ ոչ մասնագետների համար, որ փորձեն իրենց ուժերն ու իրենց մեջ հայտնաբերեն դերասանական տաղանդ: Հոգեբանի խոսքով, մարդու հոգեկան առողջությունը խիստ կարեւոր է, իսկ մեզ մատուցված սերիալներն էլ, բնականաբար, ազդում են մարդկանց հոգեբանության վրա. «Ես բոլորովին էլ դեմ չեմ սերիալներին, բայց հարցը պետք է լուծվի պետական մակարդակով, որովհետեւ ունենք հզոր բանակ եւ որպեսզի պաշտպանենք սահմանները, պետք է լուրջ մտածենք հոգեպես առողջ լինելու մասին, որ այդքան շատ հանցագործություններ, ինքնասպանություններ ու հոգեկան հիվանդություններ չլինեն»: Անդրադառնալով «Շանթ» TV-ով ցուցադրվող «Որոգայթ» հեռուստասերիալին, տիկին Էլդան ասաց, որ մարդը սուբյեկտիվ արարած է ու երբեք չի կարող ինքն իր մասին խիստ օբյեկտիվ կարծիք ունենալ, հետեւաբար՝ պետք է լսել նաեւ ուրիշների կարծիքը. «Եթե ուզում ենք մեր մասին կարծիք կազմել, ապա պետք է ֆիլմեր ստեղծենք մեր առօրյայի, մեր ազգային առանձնահատկությունների, էթնոսի եւ այլնի մասին: Սերիալները հայերի լավ կողմերն այնքան էլ չեն արտացոլում ու զարմանալի, հիվանդագին ձեւով կենտրոնացված են այն գծերի վրա, որոնք խրախուսելի չեն: Ցավոք, միտում կա հանցագործներին ռոմանտիզացնել ու հրամցնել լուսապսակով: Այժմ գողական ոճն ու օրենքով գողը դարձել են կուռք, ժարգոնը ներթափանցել է մեր լեզվի մեջ… Հիմա, երբ մարդիկ գողական ժարգոնով են խոսում, բոլորը մի տեսակ զգաստանում են, սկսում նրան հարգել: Հայկական սերիալների սցենարիստները այնպես պետք է ներկայացնեն գողի կերպարը, որ նրանք ոչ թե համակրանք, այլ հակակրանք առաջացնեն ու ոչ մի ձգտում՝ ընդօրինակելու: Մեզ մոտ չափանիշները փոքր-ինչ փոխվել են, մարդիկ սկսում են ընդօրինակել վատը»:

Սուսաննա Հակոբյանն էլ նշեց. «Բոլորս էլ գիտենք որ այդ սերիալների համար տրվող վարձատրությունն ամենեւին էլ բարեկեցություն չի ապահովում նրանցում նկարահանված դերասանների համար, այն ընդամենը փոքր զբաղվածություն է ստեղծում: Այսպես դերասանները պարապուրդի չեն տրվում, զբաղված են լինում, իսկ որոշակի աստիճան ունեցող մարդու համար գիտե՞ք, թե ինչ է նշանակում գործազուրկ հասկացությունը: Ինչ վերաբերում է սերիալների որակական կողմերին, ապա դրանց մասին խոսելը մեր մասնագիտությունից հեռու է: Երբ հայկական սերիալները նոր-նոր էին ծնվում՝ բարի նպատակ ունեին, ու խնդիր էր դրված, որ պարզապես կարողանան զբաղվածություն ստեղծել, սակայն աստիճանաբար պատկերը փոխվեց»: Դառնալով «Որոգայթին», Ս. Հակոբյանը նշեց, որ սերիալներում որոշակի իդեալականացումներ կան, որոնք կարող են բացասական ներգործություն ունենալ երեխաների վրա. «Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե քննադատելն ու քարկոծելը, այլ օգնելը, որ առաջացած խնդիրը լուծվի»: Է. Գրինի դիտարկմամբ, ցանկացած ֆիլմից հետո մարդը պիտի մաքրվի. «Իսկ մենք դիտելով մեզ մատուցածը՝ արդյո՞ք մաքրվում ենք, թե՞ ավելի կեղտոտվում… Ով ստեղծում է նման սերիալներ, գրում է դրանց սցենարները, ֆինանսավորում է, եթե սիրում է իր ազգը՝ թող մի քիչ մտածի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել