Երիտասարդ համախոհների հիմնադրած arit.am կայքը դիզայնով եւ բովանդակությամբ գերազանցում է մշակույթի նախարարության mincult.am կայքին:
«Առավոտի» հունիսի 20-ի համարում տեղեկացրել էինք ՀՀ մշակույթի նախարարության երկար սպասված mincult.am կայքի մասին ու փաստել, որ այնտեղ ընդամենը ցաքուցրիվ, կցկտուր եւ ուշացած տեղեկություններ են այս կամ այն միջոցառման մասին, մեկ էլ նախարարի՝ տարբեր դիրքերով լուսանկարները, չնայած Հ. Պողոսյանը կայքում զետեղված իր խոսքում զուր խոստանում էր, որ ոչ միայն հայաստանցիները, այլեւ օտարերկրացիները mincult.am-ի շնորհիվ պատկերացում կկազմեն մեր դարավոր մշակույթի եւ ժամանակակից արվեստի զարգացումների մասին: Տեղեկացրել էինք նաեւ, որ թանգարանները, թատրոնները եւ մյուս օջախները այնտեղ ներկայացված են ընդամենը հեռախոսահամարներով եւ հասցեներով. թե որտեղ ի՞նչ է ներկայացվում, որեւէ թանգարանի տոմսն ի՞նչ արժե, այցելուն ի՞նչ կարող է տեսնել այնտեղ՝ նախարարության կայքը «լռում» է:
Մի քանի ամիս է գործում մշակութային տեղեկատու arit.am կայքը, որը զերծ է բոլոր վերը նշված թերություններից: Կայքի հիմնադիրն էլ ոչ թե ինչ-որ գերատեսչություն է, այլ ընդամենը երիտասարդ համախոհների մի թիմ, որոնց կարգախոսն է՝ «Ընդլայնել որակյալ կրթությունը»: arit.am-ը համապարփակ տեղեկատվություններ է տալիս հայաստանյան մշակութային կյանքի ու աշխարհի մշակութային անցուդարձի մասին: Կայքից հնարավորություն ունես տեղեկանալու, թե հայաստանյան որ կինոթատրոնում ինչ ֆիլմ է ցուցադրվում, ինչ արժեն տոմսերը, ով է ռեժիսորը, ինչի մասին է ֆիլմը, ովքեր են նկարահանված գլխավոր դերերում, նույնիսկ սյուժեն է համառոտ պատմվում: arit.am- ում ներկայացված են բոլոր թատրոնները՝ խաղացանկերով, տոմսերի արժեքներով, ներկայացումների պրեմիերաների տարեթվերով եւ այլն: arit.am-ը երեկոյան ժամանցի սիրահարների համար էլ է «աշխատում»: Ընդամենը համակարգչային մի քանի կոճակի սեղմում, եւ վերջ՝ հայաստանյան ակումբները գայթակղիչ անցուդարձով քո առաջ են՝ «Ստոպ», «Աստրալ», «Ակումբ», Chameleon, նախընտրած երաժշտական ուղղությունն ու համերգն էլ ինքդ ընտրիր՝ ըստ ազդագրերի:
Տեղեկատվությունը համերգասրահների, արվեստի կենտրոնների, պատկերասրահների, թանգարանների եւ այլնի մասին՝ «մերկ» չէ, այլ լուսանկարներով, համապատասխան մակագրություններով եւ այլն: Ամեն Աստծո օր կարող ես տեղեկանալ, թե ինչ նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել այդ օրը՝ տարիներ առաջ: Օրինակ, երեկ՝ նոյեմբերի 7-ին, 86 տարի առաջ Երեւանում բացվել է Հանրային գրադարանը:
Կայքում կա նաեւ մշակութային նորությունների բաժին, որը պարբերաբար թարմացվում է: arit.am-ը ամեն օր ներկայացնում է նաեւ զվարճալի անեկդոտներ: Մի խոսքով, դեռեւս հայրենիք չայցելած սփյուռքահայերը arit.am «մտնելով»՝ հաստատ Հայաստան գալու ցանկություն կունենան, մի բան, որ անհնար էր մշակույթի նախարարության կայքի mincult.am-ի պարագայում:
Մի հետաքրքիր փաստ եւս՝ arit.am-ում զետեղված են էթիկայի այն կանոնները, որոնցով առաջնորդվում են arit-ականները: Դրանցից առանձնացնենք մի քանիսը. «Լինել անկեղծ, արդար ու վստահ՝ տեղեկատվություն հավաքելու, մատուցելու ու վերծանելու մեջ, լինել ազատ ցանկացած այլ պարտավորությունից, բացի հասարակության տեղեկացված լինելու իրավունքի ապահովումից, խուսափել ուրիշներին, նրանց սեփականությանը, համբավին կամ գործունեությանը վնաս պատճառելուց մեր սխալ կամ նպատակաուղղված գործողություններով, արդարացիորեն վերաբերվել բոլորին՝ հաշվի չառնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են ռասան, կրոնը, սեռը, հաշմանդամությունը, տարիքը կամ ազգությունը, վերաբերվել աղբյուրներին, սուբյեկտներին եւ գործընկերներին՝ որպես հարգանքի արժանի մարդկային էակների…» եւ այլն: