Կամ լիտվական կրթական մոտեցումները
«Այն մարդիկ, որոնց համար նյութականն առաջնային դեր ունի, համալսարանում եւ դպրոցում տեղ չունեն»,- երեկ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում այսպես սկսեց իր դասախոսությունը Լիտվայի Կաունաս քաղաքի Վիտաուտաս Մագնասի ազգային համալսարանի ռեկտոր Զիգմաս Լիդեգը: «Կրթության կառավարում եւ մենեջմենթ» թեմայով դասախոսության ժամանակ ռեկտորը մի շարք մեթոդներ եւ գիտելիքներ փոխանցեց հայաստանցի գործընկերներին, որից հետո համագործակցության հուշագիր ստորագրվեց երկու համալսարանների միջեւ:
Զ. Լիդեգը զրուցեցեց «Առավոտի» թղթակցի հետ եւ նախ՝ խոսեց իրենց համալսարանում ռեկտորի ընտրության կարգի մասին. «Այն կարծես նախագահական նախընտրական քարոզարշավ լինի: Մինչ ընտրվելը՝ 3-4 ամիս շարունակ հանդիպում ես ուսանողների, դասախոսների հետ, ներկայացնում ծրագրերդ, տալիս խոստումներ եւ այլն»: Հետո ռեկտորն անդրադարձավ ուսուցչի աշխատանքին՝ ներկայումս եւ խորհրդային տարիներին. «Այն ժամանակ ուսուցչի աշխատանքն ընկալվում էր որպես սովորական մի բան, ինչպես մյուս աշխատանքները: Իսկ այժմ, հատկապես միջին դպրոցում, բարձրացել է ուսուցչի պատասխանատվության աստիճանը, քանի որ բոլորս էլ մուտք ենք գործել բոլորովին նոր կրթադաշտ»: Զ. Լիդեգը նաեւ անդրադարձավ կրթության բազմազանության հանգամանքին. «Դա ուղղված է նրան, որ երիտասարդները ճիշտ կազմակերպեն իրենց ապագան: Նրանք կարող են փոխել ֆակուլտետը, բուհը, այն էլ կրթության ընթացքում: Չէ՞ որ որոշումը պահի գործ է, իսկ դա նշանակում է, որ բուհ ընդունվելիս շատերը ոչ ճիշտ ընտրություն են կատարել, ինչն արտահայտվում է հետագայում»: Լիտվացի ռեկտորը խոսեց իրենց համալսարանում ուսումնական պլանների կազմման գործում ուսանողների դերի մասին. «Ցանկացած ուսանող ինքն է իր ուսումնական ծրագիրը կազմում: Արդյունքում՝ մեկ լսարանում, նույն առարկայի դասաժամին կարող են հայտնվել տասը տարբեր ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողներ: Դա հնարավորություն է տալիս միմյանց հետ գիտելիքներ փոխանակել եւ երկխոսել»:
Զ. Լիդեգի կարծիքով՝ համալսարանը ոչ այլ ինչ է, քան տարածություն, որտեղ կա ոգի. «Համալսարանը նաեւ համակեցություն է, որտեղ կան ուսանողական, դասախոսական ակումբներ: Դրանք քննարկման վայրեր են, օրինակ, այդտեղ դասախոսը կարող է ուսանողների հետ գարեջուր ըմպել (բայց ոչ հարբել): Մի անգամ ուսանողական ակումբներից մեկում ինձ հրավիրեցին դասախոսություն կարդալ, որի թեման էր՝ «Կյանքի պարադոքսները»: Այդ մասին ես խոսում էի գարեջրի բաժակը ձեռքիս, իսկ վերջում ինքս փակեցի հաշիվը»: Ըստ ռեկտորի, լսարանում թե ուսանողները, թե դասախոսներն ավելի կաշկանդված են. «Ոչ ֆորմալ միջավայրում դասախոսը կարող է նույն բանն ասել, ինչ լսարանում, բայց ավելի գեղեցիկ: Համալսարանի հարկի ներքո մենք բոլորս խիստ ենք, կտրուկ»:
Զ. Լիդեգը լիտվական կրթակարգի մասին խոսելիս նշեց նաեւ Հայաստանի համար որոշ խորթ սկզբունքներ. «Ուսանողները մագիստրատուրա կարող են ընդունվել բակալավրիատը ո՛չ անմիջապես ավարտելուց հետո. ուսանողին պետք է մտածելու ժամանակ տալ, չէ՞ որ նա այդ ուսման համար գումար է ծախսելու: Ուսման ընթացքում յուրաքանչյուր ուսանող գոնե մեկ տարի պետք է անցկացնի արտասահմանյան որեւէ բուհում»: