Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը՝ խղճի կալանավոր

Նոյեմբեր 08,2008 00:00

Իշխանության ոչ մի ներկայացուցիչ պատրաստակամություն չի հայտնել ՄԱԱ-ում մասնակցել մարդու իրավունքների խնդիրներին նվիրված քննարկմանը:

«Այս քննարկմանը եկել եմ դժկամությամբ, քանի որ մարդու իրավունքների մասին Հայաստանում խոսելը ծիծաղաշարժ է: Առանց ամաչելու՝ մեր ժողովրդի գլխին անում են իրենց ուզածը՝ ամեն օր ոտնահարելով մարդկանց իրավունքները: Կարծում եմ՝ լավ կլիներ, որ այս քննարկմանը մասնակցեին նաեւ պրոֆեսիոնալներ, ինչպիսիք են՝ Կարմիր խաչի Մխիկը, քանի որ ղեկավարում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը, կամ այդ հանձնաժողովի այլ հանրահայտ անդամներ, օրինակ՝ Ծառուկյան Գագիկը՝ ազգային մեծ բարերար, կոլեգա Արամ Սաֆարյանը, որը վերջին ժամանակներում ամեն ինչի մասին խոսում է՝ բացի մարդու իրավունքներից»,- երեկ Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) իր խոսքն այսպես սկսեց «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» անդամ Կարապետ Ռուբինյանը, երբ ՄԱԱ-ի նախագահ Նարինե Մկրտչյանն իրազեկեց, որ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման խնդիրները Հայաստանում» խորագիրը կրող քննարկմանը իշխանական թեւի ոչ մի ներկայացուցիչ հանձն չի առել մասնակցել: Միայն Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն է ընդունել հրավերը, սակայն երեկ Հայաստանում չլինելու պառճառով քննարկմանը ներկա չէր: Կ. Ռուբինյանը, որը մեղադրվում է «պետական իշխանությունը յուրացնելու» համար (փոխվել է նրա կալանքը), փաստեց, որ կեղծված ընտրությունների հետ են կապված զանգվածային քաղաքական հալածանքները, որոնք իրենց գագաթնակետին հասան «Մարտի 1»-ի սպանդում եւ շարունակվում են մինչ օրս:

Արձագանքելով 8 ամիս անազատության մեջ գտնվող մատուցողուհի Անուշ Ղավալյանի՝ նախորդ օրը խափանման միջոցի փոփոխմանը, Կ. Ռուբինյանը ասաց. «Գոնե մեր երկրի խայտառակություններից մեկն ավարտվեց»: «Մարտի 1»-ի գործից առանձնացված «7-ի» մասով էլ Կ. Ռուբինյանը հայտարարեց. «Եթե իշխանություններն այնքան հիմար լինեն եւ սկսեն այս դատական գործընթացը, հերթական անգամ խայտառակ են լինելու, քանի որ առաջադրված մեղադրանքների հիմքում որեւէ ապացույց չկա»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, վկայակոչելով հետընտրական զարգացումները եւ «Մարտի 1»-ի դեպքերը, նշեց, որ Հայաստանում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գրեթե բոլոր հիմնադրույթները, ինչպիսիք են՝ կյանքի, խոսքի, երթերի իրավունքները:

Զ. Փոստանջյանը խտրականության «ցնցող դեպք» որակեց վերջին օրերին ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից «Բջնի» գործարանի դեմ ծավալած գործողությունները, որի արդյունքում գործարանը լուծարվել է, իսկ շուրջ 500 աշխատողներ գործազուրկ դարձել. «Այս ամենից կարելի է ասել, որ իշխանություն-ժողովուրդ համերաշխությունը խաթարված է»:

«Իրավունքի եւ ազատության» կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը հիմնականում անդրադարձավ քաղբանտարկյալների խնդրին, փաստելով, որ նորմալ երկրներում անգամ մեկ քաղբանտարկյալ ունենալը վատ է: «Մեր երկրում խախտվում են մարդու իրավունքները՝ ոչ թե նրա համար, որ իշխանավորները վատն են, այլ այն պատճառով, որ նրանք իշխանավոր չեն եւ օժտված չեն իշխանավոր լինելու հատկանիշով: Նրանք կարող էին լինել շատ լավ խառատ, լավ բանվոր, բայց ոչ՝ իշխանավոր»,- ասաց Վ. Հարությունյանը՝ կամայական համարելով մարդկանց ձերբակալումը: Ապա ամփոփեց. «Շանթ Հարությունյանը նստած է բանտում հրապարակային ելույթ ունենալու համար: Նա խղճի կալանավոր է: Նա նստած է մեկ ելույթի համար, ինչն ամեն օր անում են բոլոր լրագրողները: Ցանկացած գործունեության համար կարող են մեր երկրում ձերբակալել, բոլորս վտանգված ենք, ապրում ենք մի երկրում, ուր գոյություն չունի օրենք ու իրավունք»:

ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Ավոյանն էլ նկատեց. «այսօր ունենք հպատակների եւ հարմարվողական հասարակություն: Մեր երկրում կա կլանային համակարգ, որից պետք է ազատվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել