«Առավոտի» հեռակա հարցազրույցը նախկին մահապարտ, այժմ՝ ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանի հետ
– Անցյալ շաբաթ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն այցելեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպեց 42 նախկին մահապարտների 4 ներկայացուցիչների հետ (Ձեր, Արա Արծրունու, Արմեն Մնջոյանի, Արմեն Տեր-Սահակյանի): Քանի որ այն անցավ առանց լրատվամիջոցների, հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է խոսվել հանդիպման ժամանակ:
– Խոսքն առհասարակ նրա մասին էր, որ մենք ուզում ենք իրականացնել Սահմանադրության մեջ ամրագրված այն դրույթը, որով Հայաստանն իրավական պետություն է: Այսինքն, Հայաստանում պետք է օրենքները գործեն, անկախ նրանից, թե այդ օրենքները տվյալ պահին քաղաքական ուժերին կամ գործիչներին ձեռնտո՞ւ են, թե՝ ոչ: Այն, ինչ կատարվել է մեր՝ «42 մահապարտների» հետագա ճակատագրի լուծման առումով, օրենքների կամայական մեկնաբանության եւ օրենսդրության որոշ հիմնարար սկզբունքների անտեսման արդյունք էր:
– Հակիրճ, ինչպե՞ս կնկարագրեք «42-ի գործը»:
– Հայաստանի անկախացումից սկսած, Հայաստանի նախագահը ստորագրեց հրաման՝ մահապատիժ չկիրառելու մասին: Սակայն մինչեւ 2003թ. դատարանները շարունակում էին նշանակել մահապատիժը, իբրեւ պատժատեսակ: Այսպես, 1991-ից մինչեւ մահապատժի պաշտոնական վերացումը, այսինքն՝ 2003թ. օգոստոսի 1-ը, 55 քաղաքացի ստացել է մահապատիժ: 2003թ. օգոստոսի 1-ին, երբ նախկին նախագահ Քոչարյանը մեզ «ներում» շնորհեց՝ պատիժները փոխելով ցմահ ազատազրկման, այդ 55-ից ողջ էր մնացել միայն 42-ը, իսկ այսօր՝ արդեն 40-ը: Նախագահի «ներման» հրամանագիրն օրենքի կոպիտ խախտում էր: «42-ի հարցը» Հայաստանի օրենքներն ու միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները մեր նկատմամբ իրականացնելու պայքար է:
– Ստեփան, արդարադատության նախարարի հետ հանդիպումն ինչի՞ արդյունքն էր:
– Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո դիմումներ հղեցինք ԱԺ բոլոր պատգամավորներին՝ խնդրելով նրանց օրենսդրական փոփոխության միջոցով մեր հանդեպ թույլ տված արդարությունը վերականգնել: Տեղեկացանք, որ մեր խնդիրը հուզել էր «Ժառանգություն» կուսակցությանը եւ մի քանի անկախ պատգամավորների: Սակայն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռ. Պետրոսյանը մեր նամակն ուղարկել էր արդարադատության նախարարին: Նշեմ, որ արդարադատության նախարարն ամենայն լրջությամբ վերաբերվեց մեր դիմումին եւ մինչ հանդիպումը՝ գրավոր պատասխանեց մեր առաջ քաշած որոշ հարցերին: Նման վերաբերմունքի առաջին անգամ էինք արժանանում:
– Նախարար Գ.Դանիելյանը դրակա՞ն պատասխան էր ուղարկել:
– Դժբախտաբար՝ ոչ: Նախարարը փորձեց ապացուցել, որ մեր պայքարն անհիմն է եւ որ «ներումն» օրենքի սահմաններում է եղել:Պատասխանը մեզ չբավարարեց, բայց առաջին անգամ մենք ունեցանք կառավարության հստակ պատասխանը: Այն է՝ չլուծել այս հարցը:
– Ինչպե՞ս չլուծել:
– Այո, հիմքում դրվեց մեր կողմից վիճարկվող նախագահական «ներումը»: Սրանով ցույց է տրվում, որ պետությունը երբեք չի սխալվում: Փաստորեն, մի կողմից իշխանությունն է, մյուս կողմից՝ իրավազուրկ դատապարտյալները: Հաղթելու է ուժեղը: Իսկ մենք ուզում ենք, որ հաղթի օրենքը: Սակայն ինչքան էլ ժխտողական է նրանց դիրքորոշումը, առնվազն այն կարելի է համարել երկխոսության սկիզբ: Ու մենք այսօր պատրաստվում ենք նույնքան հարգալից ու նույն իրավագիտական մակարդակով շարունակել այդ երկխոսությունը:
– Եթե նախարարը գրավոր պատասխանել էր՝ հանդիպման իմաստը ո՞րն էր:
– Դրանով էլ նա մեզ զարմացրեց: Մենք տեղյակ ենք, որ «42-ի հարցն» արծարծվել է նախագահի մոտ: Ս. Սարգսյանը կարգադրել է հարցը լուծել ու կատարել ամեն ինչ օրենքի սահմաններում: Նախարարն էլ իր հայեցողությամբ այդ կարգադրությունն է կատարում: Ու պահպանում է նախկինից իներցիայով եկած տրամաբանությունը: Ուղղակի նույն այդ օրենքները մատուցվում են յուրովի: Ամբողջ հանդիպումը տեսագրվեց, ու նախարարությունը քարոզչական դաշտում փորձելու է ապացուցել, որ մեր պահանջը, այն է՝ Քոչարյանի «ներման» հրամանագիրն անվավեր ճանաչելը, չհիմնավորված է: Մենք էլ մեր հերթին, ամեն գնով, ապացուցելու ենք, որ այդ հրամանագիրը օրենքի կոպիտ խախտումով է կատարվել: Նախագահ Ս. Սարգսյանը երկու կողմերի փաստարկներին կծանոթանա:
– Նախարարի այցը Եվրախորհրդի ուշադրությամբ չէ՞ր պայմանավորված:
– Անշուշտ: 2004-2005թթ.-ին նրանք պաշտոնապես պահանջում էին Հայաստանի կառավարությունից վերանայել (եվրոպական փորձից ելնելով եւ առնվազն անհատական մոտեցում ցուցաբերելով) նախկին մահապարտների գործերը: Այսօր Եվրախորհրդի կողմից նորից հետաքրքրության է արժանացել «42-ի հարցը»: Ուստի համապատասխան գերատեսչությունների գործն է ցույց տալ նախագահին, որ ամեն ինչ օրենքով է կատարվում, միաժամանակ, Եվրախորհրդին համոզելով, որ նրանց պահանջը կատարված է:
– Եվրախորհուրդը չարձագանքեց 2006թ.-ին տեղի ունեցած դատական այն նիստերին, որոնց արդյունքում, թեկուզ 3 տարի ուշացումով, այնուամենայնիվ, բացի նախագահական «ներումից», նաեւ դատարանի որոշմամբ պաշտոնականացվում էին 42 ցմահ ազատազրկվածների վճիռները:
– Դատարանն ավելի խորացրեց այն սխալը, որը թույլ էր տվել Ռ. Քոչարյանը: Իսկ Եվրախորհրդի լռության պատճառն այն էր, որ նրանք առաջնահերթությունը տալիս էին սահմանադրական փոփոխություններին եւ քաղաքական այլ հարցերին: Նրանք մեր նկատմամբ անարդար գտնվեցին: Ու այսօր, այդ ընդունում են: Ի վերջո, Եվրախորհուրդը ոչ թե համապատասխանեցման որոշումներ էր պահանջում, այլ գործերի իրական վերանայում: Մինչդեռ, նախարարն ընդունեց, որ դատարանը ծանոթացել է դատավճիռներին ու ոչ թե՝ ամբողջ գործերին:
– Ստեփան, ի վերջո, ի՞նչ հիմնավորումներ ունեք նախագահ Քոչարյանի ներման հրամանագիրն օրենքի խախտում համարելու համար:
– Մենք ունենք բավարար հիմնավորումներ: Առանց մանրամասնությունների մեջ մտնելու, միայն ասեմ, որ իրավաբան լինել բացարձակ հարկավոր չէ կարդալու եւ հասկանալու պարզունակ մի նախադասություն: Կարդացեք 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը, որում ասվում է, որ սույն օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն: Մեր այս օրինական պահանջին հակադրում են այն, որ նախագահը օգտվել է իր սահմանադրական իրավունքից եւ «ներում» է շնորհել: Այո, դրա մասին մենք էլ գիտենք: Նախագահն իրավունք ուներ օգտվել Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքից եւ ներում շնորհել 55 հոդվածի 17 կետի համաձայն: Բայց նույն Սահմանադրության 56 հոդվածն ասում է, որ նախագահի հրամանագրերը չեն կարող հակասել ՀՀ օրենքներին: Մեր դեպքում ՀՀ նախագահի հրամանագիրը հակասել է օրենքներին, ինչի համար էլ մենք պայքարում ենք, հավատալով, որ այս խնդիրը կստանա արդարացի լուծում: