Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՉԸՆԴՈՒՆԱԾ՝ ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 08,2008 00:00

Երեկ ոստիկանության աշխատակիցները հարձակվել են Հանրապետության հրապարակում բողոքի ցույցի դուրս եկած անհատ տաքսիների վարորդների վրա, հարվածել նրանց, հայհոյել ու սպառնացել, որ կձերբակալեն: Ոստիկանները պոկել են նաեւ մի քանի մեքենաների տաքսու տարբերանշանները: Այս մասին «Առավոտին» պատմեցին մեր խմբագրություն եկած մի խումբ վարորդներ: Նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում նախօրեին տրանսպորտային տեսչության եւ Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառումից, որի արդյունքում 20 հազար դրամով տուգանվել են անհատ ձեռնարկատիրոջ լիցենզիա եւ դեղին պետհամարանիշներ չունեցող տասնյակ վարորդներ, իսկ ոմանց մեքենաներն էլ տարվել են տուգանային հրապարակ: Բացի այդ, ոստիկանները վարորդներին սպառնացել են, որ նրանց մեքենաների համարները ֆիքսել են եւ մեկ առ մեկ հաշվեհարդար են տեսնելու: Վարորդներն «Առավոտի» հետ զրույցում դժգոհում էին, որ թեեւ օրենքը դեռեւս չի ընդունվել, բայց իրենց արդեն տուգանում են ու պահանջներ ներկայացնում: Հիշեցնենք, որ նախորդ տարի, համաձայն կառավարության որոշման, թե՛ անհատ տաքսիները եւ թե՛ տաքսի ծառայությունները 1 տարվա գործունեության լիցենզիա ստանալու համար պետք է վճարեին 200 հազար դրամ: Սակայն տաքսիների վարորդների ցույցերից հետո կառավարությունը որոշեց, որ, ի տարբերություն տաքսի ծառայությունների, անհատ վարորդները պետք է վճարեն 25 հազար դրամ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի այս կետը դեռեւս քննարկվում է ԱԺ-ում: Վարորդներից մեկն էլ՝ Գեւորգ Դոստուրյանը, դժգոհում էր, որ ժամանակին բարեխիղճ կերպով վճարել է 200 հազար դրամը, ստացել դեղին պետհամարանիշ եւ լիցենզիա, սակայն ստացվում է, որ ինքն անտեղի է մուծել այդ գումարը, քանի որ նոր օրինագծով անհատների համար 25 հազար դրամ է սահմանված: Այս առնչությամբ Գ. Դոստուրյանը դիմել է վարչապետ Տ. Սարգսյանին, սակայն ստացել է հետեւյալ պատասխանը. «Ձեր մուծած գումարը պետական տուրք է, եւ այն վերադարձման ենթակա չէ»:

Նշենք նաեւ, որ երեկ վարորդները հայտ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ նոյեմբերի 13-ին կառավարության շենքի առջեւ ցույց անցկացնելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել