Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցը Պարոնյան փողոցից էր

Նոյեմբեր 08,2008 00:00

«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը համամիտ չէ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի հետ:

«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է իրեն զգում ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը (նա հանձնաժողովի նախորդ նիստին հրավիրված էր, բայց չմասնակցեց՝ հիվանդության պատճառով), ե՞րբ է պատրաստվում այցելել հանձնաժողով եւ բացատրություններ տալ մարտի զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրության մասով: Հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ «պարոն Աֆյանը շուտափույթ կառողջանա եւ հավանաբար եկող շաբաթ կկայանա մեր նախoրոք ծրագրված հանդիպումը հանձնաժողովում»:

Արդեն տեղեկացրել էինք, որ հանձնաժողովը որպես զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրման առաջին քայլ՝ այցելել էր այն զորամաս, որտեղ մինչ սպանվելը ծառայել էր Տիգրան Աբգարյանը: Հանձնաժողովի նախագահին խնդրեցինք որոշ լրացուցիչ տեղեկություններ հաղորդել այս կապակցությամբ: Ըստ Սամվել Նիկոյանի՝ «Մեր առաջին այցը զորամաս, կարծում եմ, շատ օգտակար էր, մենք հանդիպեցինք այն զինվորներին, որոնք ապրել են այդ մարտի մեկի ամբողջ սարսափը, խոսեցինք նրանց հրամանատարների հետ, մանրամասն ճշտեցինք՝ առավոտից սկսած ինչ գործողություններ են նրանք իրականացրել եւ, ամենակարեւորը, թե նահանջելով դեպի Լեոյի փողոց, ի՞նչ դիրքով են կանգնած եղել, ով շարքի որ մասում է եղել, մասնավորապես՝ մեզ հետաքրքրում էր Տիգրան Աբգարյանի կանգնած դիրքը մինչ սպանվելը»: Պարոն Նիկոյանի ներկայացմամբ՝ «Նա ծայրամասում չի եղել, եղել է առաջին շարքում եւ համարյա կենտրոնում: Նրան աջից եւ ձախից չէին կարող կրակել եւ նույնը՝ ետեւից, նրա ետեւում բավականին բարձրահասակ տղաներ են կանգնած եղել: Իսկ դատաբժշկական եզրակացությամբ՝ Տիգրանը հարվածը ստացել է առջեւի կողմից, գնդակը առջեւից է եկել եւ ետեւից դուրս է եկել, այսինքն՝ այս պահին նախնական եզրակացությունն այն է, որ կրակոցը եղել է Պարոնյան փողոցից: Իսկ այնտեղ ամբոխի հոծ զանգված չի եղել, հատուկենտ ցուցարարներ այս ու այն կողմ են վազել, եւ զինվորները փոքր-ինչ հանգստի վիճակում են կանգնած եղել»: Մենք հիշեցրինք, որ մեր թերթին տված հարցազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ բարձրահասակ Տիգրանին, ըստ երեւույթին, կրակել են վերեւից, քանի որ գնդակը անցել էր նրա 5-6-րդ ողերի միջով: Իսկ մարդուն այդպես կարելի է կրակել միայն վերեւից: Սամվել Նիկոյանը չկիսելով իր գործընկերոջ ենթադրությունը՝ ասաց. «Ուղղակի ցավում եմ, որ մահվան հանգամանքների մասին այդպես կարող են խոսել մարդիկ, ովքեր պատգամավոր են, եւ խոսել անպատասխանատու ձեւով, դա ես շատ վտանգավոր եմ համարում եւ անհարգալից վերաբերմունք՝ զոհված 18-ամյա զինվորի հիշատակի հանդեպ»: Սամվել Նիկոյանը ասաց, որ եթե Արմեն Մարտիրոսյանը վերեւից կրակելու վարկածն առաջ քաշելով նկատի ունի, թե դիպուկահար է կրակել, ապա, ըստ Սամվել Նիկոյանի. «Մինչ այդպիսի պատասխանատու հայտարարություն անելը, պիտի ուսումնասիրեր դատաբժշկական փորձաքննության տվյալները, գնդակի անցքը, տրամաչափը եւ դրանից հետո ասեր՝ դիպուկահարի գնդակը ունի այս տրամագիծը, նրանը այս է: Եվ այս բաներից հետո միայն կարող է ինչ-որ վարկածի մասին խոսել: Այս տվյալներով միայն կարելի է նախապես պնդել, որ կրակոցը եղել է Պարոնյան փողոցի կողմից եւ, իմ կարծիքով՝ սովորական բարձրությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել