Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՐԴ ՉԻ ՄՆԱ»

Նոյեմբեր 08,2008 00:00

\"\"«Միացում» ազգային նախաձեռնության անդամ Գրիզելդա Ղազարյանի գնահատականը՝ ազատագրված տարածքների հնարավոր հանձնմանը:

Այս տարվա փետրվարին՝ հանրահավաքներից մեկում իր ունեցած ելույթում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, երջանկահիշատակ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին՝ Գրիզելդա Ղազարյանը հիշեցրեց ամուսնու՝ դեռ 1989 թվականին ասած խոսքերը՝ «Մեր ազգի ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք երբեք չենք ունեցել մտավորականություն»: Մարտիմեկյան իրադարձություններից ամիսներ անց եւ ԼՂՀ հարցի մշուշոտ ներկայի ու ապագայի պայմաններում տիկին Գրիզելդան երեկ «Առավոտին» կարծիք հայտնեց, որ այդ խոսքերը կրկին արդիական են. «Այսօրվա մտավորական կոչվածը, եթե իսկապես մտավորական լիներ, Սիլվա Կապուտիկյանի ասած՝ «միտք» բառից եւ ոչ թե՝ «մուտք», մենք նման ողբերգության առաջ երբեք չէինք կանգնի, եւ բարձրագույն իշխանությունը մարդասպանների ու գողերի բաժին չէր մնա, հեռուստաեթերը անմխիթար աղբով չէր լցվի ու հասարակությունը նման դեգրադացիա չէր ապրի»: Մեր զրուցակցի կարծիքով, եթե երիտասարդության գիտակից մասը նման օրհասական իրավիճակում գոնե ակտիվ դիրքորոշում չցուցաբերի, ապա ստիպված կլինի իր ապրուստն ու սերնդի ճակատագիրը մշտապես կապել Հյուսիսի կամ Արեւմուտքի հետ, քանզի որեւէ դրական շրջադարձ սպասել մինչեւ վերջին խազը կոռումպացված ու նեխած համակարգից, չի կարելի, ինքնախաբեություն է. «Մշտապես կունենանք այն, ինչ ունենք: Իսկ վաղվա մտավորականը, եթե, իհարկե, այդ դասակարգը պահպանվի, այսօրվա ուսանողն է: Եթե նա այսօր արդեն չունի անձնական կարծիք եւ խիզախ կեցվածք, ո՞ւմ է նա պետք վաղը: Նա էլ է դառնալու ստորաքարշ ակադեմիայի անդամներից մեկը, որոնք ո՛չ կարծիք ունեն, ո՛չ դեմք, ո՛չ էլ լծակներ, որովհետեւ այդ ամենից ինքնակամ հրաժարվել են շատ վաղուց: Միակ բանը, ինչ անում են, կուլիսներում տրտնջում են իրենց 30 հազար դրամ աշխատավարձից, իսկ պետպատվերի անհրաժեշտ պահին հեռուստաէկրաններից մեզ հավատացնում, թե գիտնականներն այսօր հրաշալի վիճակում են: Հայաստանյան գիտությունն էլ մեծ պոտենցիալ ունի: Մնում է հարց տալ, թե երբ Սերժը առաջ տանի բոլորին անխտիր 18 տարեկանից բանակ տանելու «հորինագիծը», այդ ժամանակ ի՞նչ են երգելու՝ որ կառավարությունն իր բարձրության վրա՞ է»:

Այսօր, երբ կրկին խաղասեղանին է դրված Հայաստան պետության ու պետականության լինել-չլինելու հարցը, մեր զրուցակիցը հարցնում է. «Ո՞ւր է այդ նույն ակադեմիան, գրողները, նկարիչները, ո՞ւր են, ի՞նչ են քարոզում: Եթե իշխանություններն իրենց մտավոր ու կրթական ցենզի բացակայության պայմաններում կարող են խոսել հողի առուծախից, դա դեռ հասկանալի է: Իրենց բնույթն է այդպիսին: Նրանց բացառապես նեղ անձնական ու կլանային շահն է առաջնորդում: Սակայն երբ մտավորականությունը չի ըմբռնում հայրենիքի սրբազան արժեքն ու Ռուբեն Գեւորգյանցի նման քարոզում, թե Ֆիզուլին մերը չի, ի՞նչ ենք սպասում այդ մտավորականներից. դա չե՞ն»: Քանի որ տիկին Գրիզելդան անդամակցում է «Միացում» նախաձեռնությանը, որը հանդես է գալիս «ոչ մի թիզ հող թշնամուն» դիրքերից, հետաքրքրվեցինք, թե նա ի՞նչ կարծիք ունի նախագահների մոսկովյան հանդիպման եւ ստորագրած Հռչակագրի մասին: «Հռչակագիրն ընդամենը շղարշ է, ասում են՝ եղել է գաղտնի արձանագրություն, եւ կարեւորն այն է, թե ինչ է կատարվում իրականում, ինչ են պայմանավորվել կամ արդեն քողարկված կերպով սկսում իրագործել: Իսկ Արցախի հարցում գոյություն ունի իրավական փաթեթ, որը միարժեք կերպով ունակ է մեր շահերից ելնելով լուծելու այս հարցը, ներառյալ՝ Սյունիքի եւ Արցախի ազատագրված տարածքները: Հարցն այն է, թե ինչու են իշխանությունները մշտապես վախեցել դրանից: Իմ խորին համոզմամբ, դրա ետեւում մի շատ պարզ բան կա. չեն կարող: Չեն կարող, որովհետեւ երբեւէ լեգիտիմ չեն եղել, որովհետեւ մշտապես կախված են եղել այլոց բարեհաճությունից ու պարտավոր են եղել վճարել իրենց նախագահելու համար: Ցավոք, վճարել են մինչեւ մեր երկրի վերջին ծորակն ու ձորակը»:

«Մարտի 1-ից հետո արցախյան զույգն ընդհանրապես չպիտի մնար Հայաստանում»,- ասում է մեր զրուցակիցը: «Հյուսիսային պողոտայում ոստիկանն այնպես է հարձակվում «ազատ, անկախ Հայաստան» ասող մարդու վրա եւ խլում ու գետնին գցում եռագույն դրոշը, ասես ցուլը կարմիր լաթի կտոր է տեսել: Սեյրան Օհանյանին, որը մարտյան օրերին դեռ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր, ես կառավարության շենքի մոտ տեսա եւ հարցրի՝ ինչո՞ւ զինվորներին հանեցիք ժողովրդի դեմ. ասաց՝ ես չեմ հանել: Հապա ո՞վ էր հանել: Ես գիտեմ, որ Արցախից բերած զորքը հանեցին ժողովրդի դեմ: Ես արցախցուց չեմ նեղացել, նրանց այնտեղ մշտապես սրսկում են, թե հայաստանցին ամենամեծ տականքն է եւ Թուրքիայի հետ հաշտվելու համար պատրաստ է Արցախը վաճառել: Սակայն թող նրանք էլ ի վերջո գիտակցեն, որ Արցախը վաճառքի հանողը հենց իրենց ծնած ու սնած երկվորյակներն են: Մեղք է արցախցին, ես լսել եմ, թե ինչ են պատմում Արցախի ժողովրդի մասին, ինչպես են նրան վախեցած ու ստորացված պահում: Ամբողջ ընդդիմությունն այնտեղ ջարդեցին, հետո փորձեցին նույն սցենարը Հայաստանում կիրառել: Չստացվեց: Ու ես խոնարհվում եմ այն բոլոր կանանց առաջ, ովքեր ամեն օր գալիս են Հյուսիսային պողոտա եւ ցույց տալիս, որ չեն ենթարկվելու»:

Հետաքրքրվեցինք, թե այս իրավիճակում ինչպե՞ս է մեր զրուցակիցը վերաբերվում հանրահավաքները դադարեցնելու որոշմանը. «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքները դադարեցնելու որոշում կայացրեց, սկզբում շոկի մեջ էի: Հետո մտածեցի՝ ինչ խորամանկ քայլ էր: Երբ հանրահավաքները դեռ կային, բոլորը մտածում էին՝ ինչ լավ է, ես կարող եմ իմ առօրյայով զբաղվել. իսկ հիմա նույնիսկ տնային տնտեսուհիները սկսեցին անհանգստանալ՝ բա մեր վիճակն ի՞նչ է լինելու, հանրահավաքները ինչո՞ւ դադարեցին, բա Լեւոնն ի՞նչ է մտածում: Թող բոլորը մտածեն: Ծիլերը կամաց-կամաց երեւում են»: Բացի այդ, նա վստահ չէ, որ այս իրավիճակում իշխանությունը հանրահավաքներից մեկի ժամանակ մի նոր «մարտի 1» չէր անի, քանի որ՝ «շատ են գռփել եւ ցանկացած գնով պատրաստ են դա պահել. եկան տկլոր՝ դարձան միլիոնատեր: Իսկ ազատագրված տարածքները վերադարձնելու մասին խոսողները թող գեթ մի անգամ բարեհաճեն նայել քարտեզին, որովհետեւ, եթե նայած լինեին, կհասկանային, որ այն պահին, երբ դրանք հանձնվեն թշնամուն՝ ոչ Արցախում մարդ կմնա, ոչ՝ Սյունիքում: Եվ թող մեզ չխաբեն խաղաղապահ կոչվող ուժերով: Դրանց մենք 1915-ից գիտենք: Մարտի 1-ին հայրենի իշխանությունը հայրենի զինվորին հրաման տվեց ժողովրդի վրա կրակելու, եւ կրակեցին. ո՞վ կերաշխավորի, որ ամերիկացի կամ եվրոպացի զինվորը իր երկրի հրամանին չի ենթարկվի ու պայմանավորված պատերազմի պահին 1921 թվականին Կիլիկիայում ֆրանսիական զորքի պես մի գիշերում չի լքի դիրքերը: Վեց կիլոմետրանոց պորտալարը արցախցու գաղթին նույնիսկ չի բավականացնի»:

Հավատո՞ւմ է տիկին Գրիզելդան, որ այս իրավիճակից մենք կարող ենք շահած դուրս գալ. «Ուզում եմ հավատալ. հավատալ, որ Սարդարապատի զանգերը արդեն ամենքիս մեջ են, որ ազգը կհասկանա, թե իրականում ինչ է կատարվում: Մենք շատ բաներ ենք զիջել եւ այլեւս ոչինչ չունենք զիջելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել