Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՄԻ ԿՈՂՄ ՉԻ ՔԱՇՎԻ

Նոյեմբեր 08,2008 00:00

\"\"Այս կարծիքին է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական եւ նախկին պատգամավոր Վահագն Խաչատրյանը:

«Մարտի 1»-ի դեպքերից հետո, երբ իշխանությունները այլախոհների իսկական որս էին սկսել, քաղաքական շատ գործիչների նման «Այլընտրանք» հասարակական-քաղաքական կենտրոնի հիմնադիր անդամ Վահագն Խաչատրյանն էլ ստիպված էր եղել առժամանակ ընդհատակ անցնել: Ակտիվ քաղաքականություն վերադառնալուց հետո «Առավոտը» փորձեց ճշտել մարտի 1-ից հետո մեր երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացների վերաբերյալ նրա դիրքորոշումը: «Այդ ընթացքում ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ այն, ինչի համար մենք պայքարում ենք՝ հանուն արդարության, ժողովրդավարության, պետք է շարունակություն ունենա եւ հասնի իր վերջնական հանգրվանին: «Մարտի 1»-ից հետո երկրում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը իսկապես, ինչպես ձեւակերպել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերածվել է ավազակապետության: Ինձ եւ, կարծում եմ, նաեւ շատերի համար մտահոգիչ հարցադրումներից մեկն էլ այն է, թե ինչո՞ւ այսպես եղավ, ընդդիմությունը եւ հասարակությունը կարո՞ղ էին խուսափել այն ամենից, ինչ տեղի ունեցավ, այդ թվում՝ «Մարտի 1»-ը: Ես ինքս եկել եմ այն եզրահանգման, որ խուսափել հնարավոր չէր, որովհետեւ կար այնպիսի մի ռեժիմ, որը 1998-ին իշխանության էր եկել խարդախությամբ, եւ նա հենց այնպես իր իշխանությունը չէր հանձնելու»,- ասաց Վ. Խաչատրյանը: Այդուհանդերձ, նա էլի մնում է այն կարծիքին, որ իշխանափոխություն պետք է արվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նա չի ընդունում նույնիսկ ընդդիմության այն համակիրների կարծիքը, թե՝ իշխանափոխության հարցը պետք է լուծվեր փետրվարի 26-ին, մարտի 1-ին. «Որքան վերլուծում ես անցած ամիսների իրադարձությունները, այնքան համոզվում ես, որ ընդդիմության գործողությունները ճիշտ են եղել: Մենք միայն մի բան նկատի չէինք առել՝ մեր դեմ կանգնած է այնպիսի իշխանություն, որի համար մարդու կյանքը ոչինչ է, եւ նա բեսպրեդելի կողմնակից է»:

Խոսելով ընթացող եւ առաջիկայում սպասվող «Յոթի» դատավարությունների մասին՝ «Այլընտրանքի» ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ եւ ընդդիմության համախոհները, եւ հասարակությունը՝ ընդհանրապես, արդար դատավարության որեւէ ակնկալիք չունեն: «Գործող իշխանության պարագայում դա բացառվում է, դրանք վատ կազմակերպված շոու են»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը՝ հավելելով, որ այս իշխանության օրոք ո՛չ «Մարտի 1»-ը կբացահայտվի, ո՛չ էլ անազատության մեջ եղած մարդիկ արդար կդատվեն: Նրա կարծիքով, դատարաններում քննվող ընդդիմադիր բոլոր գործիչների դեմ գործերից ակնհայտ է, որ բոլոր այդ մեղադրանքները «թխվել» են շատ կոպիտ եւ «անտաղանդ» ձեւերով: Իսկ Սմբատ Այվազյանի, Վարդգես Գասպարիի եւ Գագիկ Ջհանգիրյանի՝ առանց այն էլ խայտառակ դատաքննության վերջին նիստերը, նրա ձեւակեպմամբ, պարզապես դասագրքային նյութ կամ ուսումնական ձեռնարկ կարող են լինել բոլոր իրավաբանների, դատավորների ու քննիչների համար՝ ցույց տալու, թե ինչպես չի կարելի գործ սարքել եւ դատավարություն անել:

Այս օրերին հաճախ է խոսվում իշխանական ճամբարում առկա խմորումների, կուսակցությունների տրոհման եւ նոր ռոբերտքոչարյանական կուսակցության ձեւավորման մասին: Վ. Խաչատրյանն ասաց, թե նման միտում կա, եթե դատենք՝ ելնելով այն հայտարարություններից, որոնք անում են օրինակ՝ Տիգրան Թորոսյանը, Վարդան Օսկանյանը կամ մարդկանց ինչ-որ խումբ, նաեւ՝ մերձիշխանական մամուլում իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչների մասին կոմպրոմատների հրապարակումներից: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու ցանկությանը, ապա Վ. Խաչատրյանի ասելով, իր համար ե՛ւ նա, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ըստ էության, նույնն են, թեեւ պետք է ընդունել նաեւ, որ նրանք ունեն իրենց առանձին տնտեսական, անձնական շահերը, որոնց պատճառով չի բացառվում, որ հակասություններ լինեն, որոնք, գուցե, հետագայում ավելի ակնառու դառնան: Այդուհանդերձ, մեր զրուցակցի համար պարզ է՝ «Քոչարյանը այն մարդը չի, որ չուզենա նորից իշխանության գալ, եւ հեշտ ու հանգիստ մի կողմ չի քաշվի, եթե նույնիսկ իր ընկերն է երկիրը ղեկավարում: Բայց մի բան պարզ է, որ նա ընտրությունների միջոցով երբեք իշխանության չի կարող գալ, որովհետեւ հասարակությունը դա չի հանդուրժի: Ի վերջո, Ռ. Քոչարյանի օրոք տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27», Պողոս Պողոսյանի սպանություն, 2004-ի ապրիլի 12, «Մարտի 1», տապալվեց ԼՂ հարցի կարգավորումը եւ հասավ այն վիճակին, որին մենք ականատես ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել