Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՊՈԱԿ

Նոյեմբեր 07,2008 00:00

Եկող տարվանից օդի տուրքը կներառվի ավիատոմսի արժեքի մեջ: Այս մասին երեկ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նրա ներկայացմամբ՝ կոմիտեն մտադիր է քաղաքացիական ավիացիայի պետական վարչության հետ համատեղ միջոցառումներ իրականացնել: Հարկային օրենսգրքում մի շարք ուղղումների եւ փոփոխությունների փաթեթը կառավարության հաստատումից հետո ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

Երեկ կառավարությունը հավանություն է տվել էկոնոմիկայի նախարարության եռամյա ռազմավարական ծրագրին: Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանի, այդ ծրագրով հնարավոր է բարձրացնել մեր երկրի դիրքը Տնտեսական ազատության ինդեքսի վարկանիշում: Այժմ զբաղեցնում ենք 44-րդ տեղը: Վ. Դանիելյանի խոսքերով, ծրագրով նախատեսվում է տնտեսության կայուն զարգացում՝ օգնել մասնավոր հատվածին, ինչպես նաեւ պետության եւ բիզնեսի միջեւ կառուցողական փոխհամագործակցություն ապահովել:

Կառավարության երեկվա նիստում որոշվել է ստեղծել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, որի հիմնական նպատակներն ու գործառույթներն արդեն սահմանվել են: Այսպիսով՝ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» նպատակներից են՝ հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքագրման եւ տարածման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրությունների կատարումը, զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր եւ թեմատիկ դիտարկման եւ վերլուծության, ԶԼՄ-ների շուկայի ուսումնասիրությունների ու դիտարկումների իրականացումը եւ ԶԼՄ-ների գործունեության իրավական կարգավորման հետ կապված նախաձեռնություններով հանդես գալը: Այս կենտրոնի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ նախագահի աշխատակազմին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել