Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 07,2008 00:00

ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Այդպես մտածում էինք այն տարիներին, երբ դեռ ուսանող էինք: Չեմ կարող ասել, թե բոլորն էին մտածում. ջահելների մի խումբ ունեինք, որ հաստատ համոզված էր, թե երբ մենք ավարտենք համալսարանը եւ խառնվենք կյանքի հորձանքին, աշխարհում մեծ բան ենք փոխելու՝ ինչ-որ կարեւոր բան շրջելու ենք դեպի լավը: Բիթլզ էինք լսում ու Ջիմի Հենդրիքս եւ հավատում էինք, որ սիրո իշխանությունը անպայման հաղթելու է իշխելու սիրուն, եւ աշխարհի ու մարդկանց հոգիների համար գալու է խաղաղ ներդաշնակության ժամանակը: Մեր կյանքի այդ շրջանը նման էր նաեւ փախուստի, գիտեինք, թե ումից եւ ինչից ենք փախչում, բայց թե ո՞ւմ մոտ էինք գնալու, չգիտեինք: Բայց կար հաստատուն մի հասցե, որ անթեղի նման շարունակ ներսից առկայծում էր ու մեզ կանչում իր հետեւից, եւ դա անկախ Հայաստանի հասցեն էր: Հետո արդեն՝ հաղթահարելով զրկանքների ճանապարհը, երբ մի օր տեղ հասանք ու դարձանք մեր հասցեի տերը, ու երբ չորացան ուրախության առաջին արցունքները, մեզ վրա անսպասելիորեն խուժեց մենակության զգացողությունը, եւ մենք մեր իսկ երազած հասցեն, կարծես թե, երկար ժամանակ լավ չճանաչեցինք…

Հիմա արդեն, երբ այդ ամենը մնացել է ետեւում, երբ մեր հայրենիքն ու պետությունը արժանապատվորեն իր իսկ նվաճած տեղն է զբաղեցնում աշխարհի մեծ ու փոքր տերությունների՝ շարունակ աճող համաստեղությունում, մնում է Պլատոնի հավատն ու վստահությունն ունենալ պետություն կառուցելու ներշնչանքում, երբ պատահականության, թե օրինաչափության բարի կամքով միավորվում են ուժեղ իշխանությունը, իմաստությունն ու արդարությունը: Այսինքն թե՝ անվարան գնալ ծագող արեւին ընդառաջ, ինչը որ մի քանի օր առաջ արեցին Ամերիկայում, երբ ընտրում էին իրենց նախագահին, եւ որը բնականորեն հուզեց նաեւ ամբողջ աշխարհը, քանի որ մարդը աշխարհատեսության նոր համակարգում պիտի որ սկսի ազատվել ճնշելուց եւ ճնշվելուց եւ ընդունելով տիեզերական այդ պարզ ներդաշնակությունը՝ սովորի նաեւ իշխելու եւ հնազանդվելու բարձրագույն արվեստը, որը եւ աշխարհի ու մարդկանց հոգիների խաղաղ ներդաշնակության անսահմանն է, ու նաեւ՝ մեր հայրենիքի անսահմանն է:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել