Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿԸ՝ «ՄԵՔՍԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԱՐԴԱՍՊԱՆ»

Նոյեմբեր 07,2008 00:00

\"\"Ամերիկյան թերթերն ու լրատվամիջոցներն այսպես են բնութագրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճած վանաձորցի Վիկ Դարչինյանին, որը իններորդ ռաունդում նոկաուտով հաղթեց Քրիստիան Միխարեսին՝ նրանից վերցնելով WBA-ի եւ WBC-ի գոտիները:

Երեկ «Առավոտը» զրուցեց Վիկի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի հետ: Նա նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ 22 օր իր սանին նախապատրաստում էր Միխարեսի հետ մենամարտին:

– Ձեր ներկայությունն օգնե՞ց Վախթանգին:

– Կարծում եմ՝ այո: Հակառակ դեպքում ինքն ինձ հատուկ այդ նպատակով չէր հրավիրի:

– Ինչպե՞ս անցավ նախապատրաստության այդ վերջին՝ վճռորոշ փուլը:

– Խիստ ծանրաբեռնված: Վախթանգն արդեն բավականին լավ մարզավիճակում էր: Բայց որոշ բաներ պետք էր հղկել կամ շտկել, ինչն էլ արեցինք:

– Հոգեբանական պատրաստվածության մասին ի՞նչ կասեք: Մանավանդ, որ Վիկը մարտից առաջ բավականին խոստումներ էր շռայլել, ինչին գործով տեր կանգնելու համար պետք է նաեւ հոգեբանորեն պատրաստ լինել:

– ԱՄՆ մեկնելուց առաջ «Առավոտի» հետ զրույցում ասել եմ, որ Վախթանգն ինձ մոտ մարզվել սկսել է ութ տարեկանից, ու ես նրա ներաշխարհն ու բնավորությունը շատ լավ գիտեմ: Որքան էլ տաղանդավոր ու տիտղոսակիր լինի մարզիկը, միեւնույն է, պատասխանատու պահին ամենից շատ զգում է այն մարդու կարիքը, ում հավատում եւ վստահում է: Լարված պահերին տեղին ասված անգամ մեկ դիպուկ խոսքն անգնահատելի նշանակություն ունի: Կարծում եմ, մեզ հաջողվեց հասնել ֆիզիկականի եւ հոգեբանականի ներդաշնակությանը:

– Այսինքն՝ ռինգ մտնելուց առաջ այլեւս ոչ մի խնդիր չկա՞ր:

– Խնդիր, այն էլ բոլորիս համար անսպասելի, առաջացավ ամենավերջին պահին՝ մարտի նախորդ օրը: Ամեն բան հիանալի էր ընթացել: Սակայն երեկոյան Վախթանգի ատամն սկսեց ուժեղ ցավել: Ցավազրկող ոչ մի դեղ օգտագործել չէր կարելի: Հակառակ դեպքում նրան կարող էին մեղադրել դոպինգ օգտագործած լինելու մեջ: Ամբողջ գիշեր տառապեց ու չկարողացավ ոչ մի րոպե քնել: Անկեղծ ասած, ես արդեն անհանգստանում էի, որ վերջին գիշերն ատամնացավով չքնելը կարող է ամբողջ արվածը ջուրը գցել: Բայց կեցցե Վախթանգը: Այդքանից հետո կարողացավ տիրապետել իրեն ու փառքով դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Մի խնդիր էլ առաջացավ ռինգ մտնելուց անմիջապես առաջ: Այդ օրը նրա մենամարտը վերջինն էր: Մինչեւ հերթը հասնելը՝ թեթեւ նախավարժանքներ էր անում ու սպասում, որպեսզի վերջին 50 րոպեներին սկսի մկաններն ինտենսիվ տաքացնել: Հարվածող բռնցքամարտիկը, սովորաբար, մկաններն այդքան ժամանակում է տաքացնում: Բայց քանի որ նախորդ երկու հանդիպումները շատ արագ ավարտվեցին, ստիպված պետք է շուտ դուրս գար մարտի: Կազմակերպիչներն էլ իրենց հերթին եկան ու ասացին, որ ընդամենը 10 րոպե ժամանակ են տալիս: Ուշանալու դեպքում պարտություն կգրանցեն: Ու ստացվեց այնպես, որ նա ռինգ մտավ մկանները լրիվ չտաքացրած:

– Մարտի ընթացքի մասին ի՞նչ կասեք:

– Ամեն բան ինքներդ տեսաք: Վախթանգի առավելությունն այդքանից հետո էլ բացահայտ էր: Բայց վստահեցնում եմ. եթե այդ երկու հանգամանքները չլինեին, Միխարեսն ավելի դաժան փորձությունների կենթարկվեր:

– Միջնամասում Վիկի գործողություններում հոգնածության նշաններ սկսեցին նշմարվել: Դա ինչի՞ հետեւանք էր: Եթե մարտը մինչեւ վերջ շարունակվեր, հնարավո՞ր էր, որ զարգացումները գլխիվայր շրջվեին:

– Հոգնածության առումով ճիշտ եք նկատել: Պատճառը մկանները լրիվ տաքացրած չլինելն էր: Հարվածող բռնցքամարտիկը նման դեպքերում համեմատաբար շուտ է հոգնում: Ես ինքս այդ ժամանակ նրան խորհուրդ տվեցի փոխել մարտավարությունը, երկու-երեք ռաունդ հանգստանալ, ուժերը խնայել: Ռինգում Միխարեսի ակտիվանալը հենց դրա հետ էր կապված: Բայց դա, ինչպես տեսաք, կարճ տեւեց:

– Մրցավայրում, ըստ ամենայնի, Միխարեսի երկրպագուները շատ էին:

– Անհամեմատ շատ եւ ագրեսիվության աստիճանի հասնող ակտիվ: Բայց Վախթանգը նրանց որոշ չափով «հանգստացրեց»՝ առաջին իսկ ռաունդում Միխարեսին նոկդաունի ենթարկելով: Իսկ երբ մրցավարն իններորդ ռաունդում դադարեցրեց մարտը, երեք րոպե չանցած՝ այդ ագրեսիվ մասսայից տարածքում ոչ ոք չկար:

– Վիկը հիմա որտե՞ղ է:

– Ավստրալիայում: Չորս ամսից ավելի տանը չէր եղել: Հիմա հանգստանալու իրավունք ունի:

– Հայաստան ե՞րբ է գալու:

– Այդ հարցին ամենաստույգն ինքը կարող է պատասխանել:

Հ. Գ. Վերջին տարիներին լավ ավանդույթ է դարձել, որ օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում հաղթած կամ մրցանակակիր դարձած մեր մարզական հերոսներին արժանի դիմավորում եւ մեծարում են կազմակերպում:

Ճիշտ է, Վախթանգ Դարչինյանը հիմա ներկայացնում է Ավստրալիան, բայց նա մեծ զոհողությունների գնով բոլորին պարտադրում է, որպեսզի ռինգում հավասարապես ծածանվի նաեւ Հայոց Եռագույնը, մարզահագուստի վրա լինի մեր դրոշը (Միխարեսի հետ մենամարտի ժամանակ Վիկի գոտու վրա գրված էր նաեւ Սպիտակ քաղաքի անունը), իսկ ռինգում իրեն ներկայացնելիս՝ անպայման հայտարարվեն «Հայաստան» եւ «Վանաձոր» բառերը: Իսկ ամեն մի հաղթանակից հետո անպայման գալիս է Հայաստան եւ իր ուրախությունը տոնում հայրենիքում: Սրանք արժանիքներ են, որոնք անտեսել չի կարելի:

Եթե նկատի ունենանք նաեւ, որ Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում հայաստանցի առաջին աշխարհի բացարձակ չեմպիոնն է, իր քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ առաջին բացարձակ չեմպիոնը, իսկ այսօր նաեւ բոլոր վարկածներն ու բոլոր քաշային կարգերը միասին վերցրած աշխարհի գործող միակ բացարձակ չեմպիոնը, կարծում ենք, արժե, որպեսզի Հայաստանի իշխանությունները, սպորտի ղեկավարությունը նրան հրավիրի Հայաստան ու պատշաճ ձեւով գնահատի Վախթանգ Դարչինյանի նվաճումները: Նա արժանի է դրան:

Ի դեպ, արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանին Ավստրալիայում դիմավորել են որպես հերոսի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել