Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 07,2008 00:00

Գիտնականի հիշատակին

1971թ. հուլիսի 20-ին ՍՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր Գյուտարարությունների եւ հայտնագործությունների կոմիտեի նիստում Կարո Չոբանյանի գիտական հայտնագործությունը գրանցվեց ՍՍՀՄ պետական ռեեստրում՝ 102-րդ համարի տակ: Հայտնագործությունը վերաբերում էր «Թերլարվածության էֆեկտին», որը բարձր գնահատվեց նշանավոր գիտնականների կողմից: Հայտնագործության հիման վրա կատարված Կ. Չոբանյանի ութ նորարարությունների կիրառումը պրակտիկայում հնարավորություն է տալիս մի քանի անգամ բարձրացնել մեքենաների, կոնստրուկցիաների ամրությունն ու հուսալիությունը: Ցավոք, Կ. Չոբանյանի վաղաժամ մահից հետո համապատասխան վերադաս մարմինները անտարբերության մատնեցին այդ հիմնարար հայտնագործության կիրառումը ժողտնտեսության մեջ:

Կ. Չոբանյանը այն հազվագյուտ մարդկանցից էր, որը համարձակվեց ապստամբել համակարգի դեմ եւ դրա համար նա շատ թանկ հատուցեց: Նա պայքարում էր մի քանի ճակատով, ինչը տեւեց 12 տարի: 1970թ. հոկտեմբերի 16-ին, Կիեւում, գտնվելով գործուղման մեջ, հանկարծամահ եղավ Կարո Չոբանյանը: Ողբերգական լուրից 3 օր անց, հոկտեմբերի 19-ին, Երեւանի մտավորականությունը Վարդաշենի պանթեոնում վերջին հրաժեշտը տվեց տաղանդավոր գիտնականին, սգալով անփոխարինելի կորուստը:

Հանրապետության նրա «ամենազոր» հակառակորդները գիտնականի մահից հետո մինչ այսօր շարունակում են խանգարել նրա կողմից ստեղծված բաժնի աշխատանքի նորմալ ընթացքին:

Մեծ գիտնական լինելուց բացի, նա նաեւ լավ քաղաքացի էր ու մտավորական: Հասարակական գործիչ Վարագ Առաքելյանը Կարո Չոբանյանի մասին ասել է. «Կարոն անմնացորդ նվիրյալ հայրենասեր էր, նրան՝ որպես մտավորական, դասում եմ Պարույր Սեւակի, Սիլվա Կապուտիկյանի, Մարտիրոս Սարյանի եւ այլ մեծերի շարքը»:

ՖԵԼԻՔՍ ՉՈԲԱՆՅԱՆ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս

ԵՊՀ-ի 90-ամյակին

Այսօր Երեւան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Երեւանի պետական համալսարանը երեկ եւ այսօր» խորագրով ցուցահանդես:

Միջոցառումն իրականացվում է ԵՊՀ 90-ամյա հոբելյանին ընդառաջ: Նախաձեռնությունը ԵՊՀ պատմության թանգարանինն է (տնօրեն՝ Ժակ Մանուկյան): Հրավիրված են ՀՀ մշակույթի եւ ԿԳ նախարարները, հայաստանյան բուհերի ռեկտորներ, ԵՊՀ ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ: Երեւան քաղաքի պատմության թանգարանի ժամանակավոր ցուցասրահում ներկայացվում է ԵՊՀ 90-ամյա պատմության ծաղկաքաղը, այդ թվում՝ եզակի փաստաթղթեր, որ վերաբերում են Երեւանի պետական համալսարանի հիմնադրմանը, ուսանողական կյանքին, նաեւ՝ քննարկումների եւ նիստերի արձանագրություններ: Առաջին անգամ հանրությանը ներկայացվելու է 1919 թվականի ԵՊՀ կանոնադրությունը: Այս ամենը պահվում էր ԵՊՀ պատմության թանգարանի արխիվում: Ներկայացվելու է նաեւ ԵՊՀ առաջին մի քանի ռեկտորների (Յուրի Ղամբարյան, Հակոբ Մանանդյան, Հակոբ Հովհաննիսյան) աշխատասենյակի կահույքի մի մասը: Ցուցադրվելու են նաեւ ռեկտորների անձնական իրերը՝ գրենական պիտույքներ, ակնոց, ձեռագրեր: Պահպանվել եւ ցուցահանդեսին ներկայացվելու են բազմաթիվ հռչակավոր գիտնականների (Հրաչյա Աճառյան, Գեւորգ Ասատուր եւ այլք) ձեռագրեր, աշխատություններ, թարգմանություններ, որոնք մեծ արժեք են ներկայացնում, բայց հրատարակված չեն:

Ներկայացվելու են նաեւ այն եզակի լուսանկարները եւ նախագծերը, որոնց հեղինակը ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանն է:

Երիտասարդության մասին օրենք

Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ստացված հաղորդագրության, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության կողմից մշակվել է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 2008 թ. օգոստոսին նախարարությունում կազմակերպվել են քննարկումներ՝ ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի եւ Վարդան Բոստանջյանի մասնակցությամբ: Լրացուցիչ քննարկման արդյունքում օրենքի նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի կառավարություն: Նշենք, որ այդ օրենքը սահմանում է ՀՀ-ում պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սկզբունքները եւ նպատակները, կարգավորում պետության եւ պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջեւ փոխհարաբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել