Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԱԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Նոյեմբեր 07,2008 00:00

Դրա հեղինակը գործարար, «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի հայրն է՝ Ալբերտ Սուքիասյանը:

Երեկ ՀՀ ԱԺ գործարար պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, «Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվող եւ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու», նաեւ «իշխանությունը յուրացնելու» մեջ մեղադրվող Խաչատուր Սուքիասյանի հայրը՝ 71-ամյա Ալբերտ Սուքիասյանը բաց նամակով դիմել է ՀՀ իշխանություններին, մամուլին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին եւ միջազգային կառույցներին: Ալբերտ Սուքիասյանի համոզմամբ, անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր իշխանությունների կողմից սանձազերծված «վայրագ, անօրինական եւ ամոթալի արշավն» իր ընտանիքի եւ նրան մոտ կանգնած մարդկանց ու կազմակերպությունների դեմ սկսվել է այն բանից ի վեր, երբ իր ավագ որդին՝ ԱԺ երեք գումարման պատգամավոր Խ. Սուքիասյանը համարձակություն ունեցավ 2007թ. սեպտեմբերի 21-ին ներկա լինել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած ընդունելությանը, իսկ հետագայում հայտարարեց նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Մեկ առ մեկ թվարկելով հարկային ծառայության, ոստիկանության եւ պատկան այլ մարմինների կողմից անցյալ տարվանից սկսած «խաչակրաց արշավանքի» փաստերը իր ընտանիքին պատկանող տարբեր ընկերությունների դեմ՝ Ա. Սուքիասյանը մատնանշել է մասնավորապես «Պիցցա դի Ռոմա» ընկերության հասարակական սննդի օբյեկտների եւ ընկերության բազմաթիվ աշխատակիցներին ահաբեկելու, նրանց կալանավորման, դատապարտման, այսօր արդեն «Բջնի» հանքային ջրերի գործարանում, իբր, բնօգտագործման վճարների մասով «չարաշահումներ» հայտնաբերելու անհեթեթ պատճառաբանությամբ թիրախ ընտրելու հանգամանքը: Հետո հերթը հասավ «Ֆիլիպ Մորիսի» ապրանքները Հայաստան ներկրող «Պարես Արմենիա» ընկերությանը: Մաքսային ծառայության՝ մեծ քանակի ապրանքների ներմուծումը արգելակելու որոշումը, Ա. Սուքիասյանի մատուցմամբ, «Պարես Արմենիան» ստիպված էր վիճարկել Վարչական դատարանում, եւ քանի դեռ գործն ամիսներով ձգձգվում էր, դրան զուգահեռ իշխանություններին մոտ կանգնած մարդիկ, այդ թվում՝ գործող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան, սկսել էին բանակցություններ վարել «Ֆիլիպ Մորիսի» հետ՝ Հայաստանում գործընկերոջը փոխելու առաջարկով: «Այսինքն՝ այսպիսի մեթոդներով, օգտագործելով պետության բոլոր հնարավորությունը, փորձում են խլել կայացած բիզնեսը»,- իր նամակում եզրակացրել է գործարարի հայրը՝ այս ցանկին հավելելով նաեւ «Սպորտ Թայմ» ՍՊԸ-ի «Ադիդաս» ընկերության դեմ մաքսային ծառայության կողմից խոչընդոտներ հարուցելու փաստը, արձանագրելով, թե դրանով փորձ է արվում դուրս մղել «Սպորտ Թայմ»-ին սպորտային հագուստի շուկայից միայն այն պատճառով, որ այն պատկանում է Սուքիասյանների ընտանիքին: «Մոտ 300 մլն դրամի ակտ հարկային ծառայությունը կազմեց «Էկոնոմինկասացիա» ընկերության նկատմամբ՝ քրեական գործ հարուցելով տնօրենի նկատմամբ: Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ կենտրոնական բանկը պաշտոնապես պարզաբանումներ է տվել խնդրո առարկայի վերաբերյալ հօգուտ «Էկոնոմինկասացիա»-ի, իսկ հարկային մարմինները տարիների ընթացքում, ընդունելով ընկերության հայտարարագրերը, որեւէ անգամ որեւէ պահանջ չեն ներկայացրել»,- իր բաց նամակում հիշատակել է ԱԺ գործարար պատգամավորի հայրը:

«Որպես քաղաքացի՝ ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր ընտրություններին սատարել են Սերժ Սարգսյանին, դա ցանկացած մարդու ընտրությունն է եւ իրավունքը: Բայց եթե դա այդպես է, ինչո՞ւմն է իմ որդու՝ Խաչատուրի մեղքը: Այն, որ կանգնել է իր ավագ ընկերոջ կողքի՞ն: Դա էլ որդուս քաղաքական իրավունքն է, որը պետք է հարգի եւ Սերժ Սարգսյանը, եւ նրա քաղաքական թիմի ցանկացած անդամ»,- հայտարարել է Ա. Սուքիասյանը եւ, նկատի ունենալով մեր երկրում տեղի ունեցող հանցագործություններն ու հաշվեհարդարի դեպքերը, նկատել է, որ «դա խոսում է նաեւ այն մասին, որ արդարադատությունը կախել է գլուխը, եւ մարդիկ փորձում են ծագած հարցերը, վեճերը լուծել իրենց ձեւով: Ես արդեն դժվարանում եմ մեղադրել այդ մարդկանց: Հայրը, ով չի կարողանում պետության միջոցով պաշտպանել իր որդու անմեղությունը, իսկ որդին՝ հոր պատիվը, ստիպված են լինելու իրենց իրավունքների պաշտպանության այլ ճանապարհներ փնտրել: Մի բան է միայն ինձ մխիթարում՝ հասարակության վերաբերմունքը: Հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ խոսքով եւ գործով փորձում են օգնել մեզ, միայնակ մեզ չեն թողնում: Որքան, օրինակ, փորձում են «վերեւներից» ոչնչացնել «Բջնին», այնքան ավելանում են ընկերության ապրանքների վաճառքի ծավալները»:

Ա. Սուքիասյանը վստահեցնում է նաեւ, թե քաջ գիտակցում է, որ «իշխանության որոշ ներկայացուցիչներ նպատակ ունեն վերաբաժանել, խլել մեր քրտնաջան աշխատանքով վաստակած ունեցվածքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել