Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւելյան» բացահայտումներ

Նոյեմբեր 07,2008 00:00

«Մերձավոր Արեւելք եւ Կովկաս» թեմայով գիտաժողովը ԳԱԱ հարկի տակ հավաքել էր բազմազգ արեւելագետների:

Նոյեմբերի 5-ից ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է Արեւելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված՝ «Մերձավոր Արեւելք եւ Կովկաս» թեմայով երկօրյա գիտաժողովը: Ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նախ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի «կենսագրությունը», ապա հայ եւ օտարազգի մասնագետներ հանդես եկան զեկուցումներով: «Առավոտը» զրուցեց ՌԴ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Իլյա Զայցեւի հետ: Նրա զեկուցման թեման էր՝ «Մոսկվայի արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտի ձեռագրերի հավաքածուի պատմությունից. Մոսկվայի ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գրադարանի թուրքական ձեռագրերը»: Նա «Առավոտին» ասաց. «Ինստիտուտը իր երկար պատմության ընթացքում ձեռք է բերել օսմանյան, հայկական, պարսկական, արաբական ձեռագրեր: Ցավոք, ինստիտուտի վերակազմավորման ժամանակ տուժել են այդ ձեռագրերը, դրանց կեսը կորել է, որոշ մասը մնացել է Մոսկվայում, մի մասն էլ տրվել է համապատասխան ազգերի ներկայացուցիչներին»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչի՞ մասին են «խոսում» այդ ձեռագրերը: «Կան հայտնի պոետների կողմից թողնված ձեռագրեր, նամակներ, կրոնական տրակտատներ»,- պատասխանեց պարոն Զայցեւը: Հետաքրքրվեցինք՝ հայկական եւ թուրքական ձեռագրերի՝ կողք կողքի հանգրվանելը կամ դրանց ուսումնասիրությունը որքանո՞վ կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: «Պիտի հասկանալ, որ հայ եւ թուրք ժողովուրդների համատեղ կյանքն ու պատմությունը եղել է ոչ միայն ողբերգական պահերով լի, որոնց մասին պիտի գրվի եւ խոսվի, նաեւ եղել են պահեր, երբ համատեղ գործունեություն եւ խաղաղ հարաբերություններ են եղել»:

«Առավոտը» զրուցեց նաեւ արաբագետ Արաքս Փաշայանի հետ, որը հանդես եկավ «Գենդերային խնդիրների նկատմամբ արդի մոտեցումներն արաբական աշխարհում» զեկուցումով: «Գենդերային խնդիրներն արծարծում են ոչ միայն հասարակության մեջ կնոջ վարքի հետ կապված հարցեր, այլեւ բացահայտում քաղաքական զարգացումներին առնչվող իրողություններ: Գենդերային խնդիրները ցույց են տալիս, թե ավանդականությունը, կրոնական գիտակցությունը ինչ մակարդակի վրա են,- նշեց Ա. Փաշայանը եւ մանրամասնեց,- իսլամական աշխարհը կանգնած է մի դիլեմայի առաջ՝ ընտրել ավանդականը, կրոնակա՞նը, թե՞ արդիականը: Արաբական ֆեմինիստական շարժումների մեջ առավել գերակշռող է իսլամական ֆեմինիզմը, որը դուրս չի գալիս իսլամի շրջանակներից՝ կարծելով, որ կանանց իրավունքները պիտի քննարկել բացառապես իսլամի հիմքում՝ չկտրվելով արդիականությունից»:

Ա. Փաշայանը «Առավոտին» փոխանցեց նաեւ իսլամական աշխարհին վերաբերող մի քանի ցցուն փաստեր. «Մինչեւ 2005-ը կանայք Քուվեյթում ընտրությունների չէին մասնակցում, բայց կանանց իրավապաշտպան շրջանակներին հաջողվեց այդ իրավունքին տալ օրենքի նշանակություն: Իսկ Սաուդյան Արաբիայում կանանց արգելված է նաեւ միայնակ ճամփորդել, ավտոմեքենա վարել, սեփական երեխային անուն տալ, նա պարտադիր պիտի կրի կրոնական տարազ՝ աբայան, հիջաբ՝ իսլամական գլխաշոր»: Իրանից Ռիզկ Քարամն էլ խոսեց արաբագիտության՝ եվրոպական համալսարաններից «վերացման» մասին. «Արեւելագիտությունը ժամանակին ծաղկուն գիտություն էր, բայց այժմ ցավում եմ, որ փակվել են եվրոպական համալսարանների այդ բաժինները: Ստացվել է այնպես, որ արեւելագիտությունը համարժեք է դառնում արաբերենին՝ եվրոպական համալսարաններում: Դա արեւելագիտությունը չգնահատելու արդյունք է: Իրականում արեւելագիտությունը միայն լեզվագիտություն չէ, դա ավանդույթների, քաղաքականության եւ մշակույթի համադրություն է»: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ «Առավոտին» ներկայացրեց, թե ինչ է «20 դասակարգ» զորակոչը. «Դա համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի կողմից անցկացված մի տարօրինակ զորակոչ է՝ ուղղված միայն ազգային փոքրամասնությունների՝ հայերի, հույների, հրեաների դեմ: Զորակոչի օրենքը 20 կետ է ներառել, դրա համար այդպես է կոչվել: Մեկ գիշերվա ընթացքում հավաքագրվել են 18-40 տարեկան երիտասարդներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել