Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Նոյեմբեր 07,2008 00:00

Պաշտոնյան իրեն մեղավոր չի ճանաչում

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների \"\"բաժնի պետ Աշոտ Քալաշյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ նրան բավականին ծանր մեղադրանք է առաջադրված, որը նախատեսում է 6 տարվա ազատազրկում: Ըստ քրգործի, «քաղաքապետարանի պաշտոնյան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական հանցավոր համաձայնության գալով իր բաժնի աշխատակիցներ Ռուբիկ Թեւանյանի, Արթուր Պարունակյանի եւ Վարդան Զարիֆյանի հետ, Սվետլանա Մովսիսյանի ընտանիքին պատկանող Գյումրիի Կ. Սարգսյան փողոցի թիվ 205/369 տնակն այլ տնակային թաղամաս տեղափոխելու փոխարեն՝ հափշտակել ու 240 000 դրամով վաճառել է Թադեւոս Շիրվանյանին, որն էլ տնակը տեղում իր ընկերների հետ ապամոնտաժել եւ շինանյութը տարել են՝ Ս. Մովսիսյանին պատճառելով զգալի չափի նյութական վնաս»:

Երեկ դատարանում էին տուժող Սվետլանա Մովսիսյանն ու նրա հարսը՝ Գյումրիի թիվ 12 դպրոցի ուսուցչուհի Կարինե Խաչատրյանը, ով, ըստ էության, այս գործի գլխավոր դերակատարն է. սկեսրոջը վերաբերող բոլոր հարցերով զբաղվել է նա՝ ընդհուպ մինչեւ հասել է Շիրակի մարզի դատախազություն՝ «անհետացած» տնակի հետքերով: Վկայություն տվեց նաեւ քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների բաժնի աշխատակից Վարդան Զարիֆյանը: Սվետլանա Մովսիսյանն ու Կարինե Խաչատրյանը շարունակում էին պնդել, որ իրենց տնակը առեւանգել է քաղաքապետարանի պաշտոնյան, իրենք վաճառելու մտադրություն ընդհանրապես չեն ունեցել, քանի որ տուժողի վեց հոգանոց ընտանիքը բնակության այլ վայր չի ունեցել: Իսկ պաշտոնյայի գտած «կլիենտին» իրենք ընդհանրապես չեն տեսել, նրա անուն-ազգանունը լսել են միայն Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում՝ քրգործի հարուցման ժամանակ: «Երբ քաղաքապետարանը մեր տնակի տարածքը Սուրեն Թովմասյանին վաճառեց, Աշոտ Քալաշյանն ինձ հանդիպեց ու ասաց՝ չմտահոգվեք, ձեր տնակը կաթի գործարան կտեղափոխենք, «կուկլա» կսարքենք, ձեռքներդ կտանք»,- ասաց տուժողը: Իսկ քաղաքապետարանի պաշտոնյան բացականչում էր, որ ինքն այդպիսի բան չի ասել: Նույնը հաստատեց նաեւ հրավիրված վկաներից մեկը՝ քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների բաժնի աշխատակից Վարդան Զարիֆյանը, ով իր հերթին պնդում էր, որ տնակը վաճառվել է տանտիրոջ համաձայնությամբ եւ որ իր «շեֆը»՝ Աշոտ Քալաշյանը, փողն անձամբ Կարինե Խաչատրյանին է հանձնել, ու թեեւ ինքը սա չի տեսել, սակայն դրսում կանգնած լսել է, թե ինչպես է Քալաշյանը Կարինեին ասել՝ «Մի հատ էլ դուք հաշվեք»: «Քալաշյանն այնքան բարձր ձայն ունի, որ դրսում ամեն ինչ լսվում էր, կզարմանամ, թե հմի ընչի՞ «ատկազ» գուքան»,- ասում էր վկան: Սակայն տուժող Սվետլանա Մովսիսյանին համոզելն այնքան էլ հեշտ չէր, նրա ասելով՝ քաղաքապետարանում աշխատող այս վկային երբեք չի տեսել:

Ն. Ա.

Հնաբերդը գյուղապետ ունեցավ

ՀՀ վարչական դատարանը երեկ բավարարեց Արագածոտնի մարզի Հնաբերդ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված՝ հանրապետական Հակոբ Սահակյանի հայցը, մերժելով մեկ այլ թեկնածուի՝ անկուսակցական Վաղինակ Իսրայելյանի հայցադիմումը:

Հնաբերդում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրությունները ճանաչվել էին անվավեր: Մինչ այդ, հնաբերդցիները նախնական արդյունքներով գյուղապետ Հ. Սահակյանին էին շնորհավորել, իսկ վերահաշվարկից հետո՝ Վ. Իսրայելյանին: Վերջինս ստացել էր 421 ձայն, իսկ Հ. Սահակյանը՝ 415:

Վարչական դատարանը նույնպես վերահաշվարկել էր քվեաթերթիկները: Դատարանը ընտրական փաստաթղթերի վերահաշվարկի ժամանակ Իսրայելյանին կողմ քվեարկած քվեաթերթիկների փաթեթում հայտնաբերեց 5 անվավեր քվեաթերթիկ, որ հաշվարկվել էին որպես նրա «կողմ»: Իսկ անվավեր քվեաթերթիկների փաթեթում հայտնաբերեց Իսրայելյանին «կողմ» 4 վավեր քվեաթերթիկ, որ հաշվարկվել էին անվավեր քվեաթերթիկների փաթեթում: Անվավեր քվեաթերթիկների փաթեթում վարչական դատարանը հայտնաբերեց Սահակյանի օգտին քվեարկած 12 վավեր քվեաթերթիկ: Այս «բացահայտումների» մասին կողմերը առարկություն չներկայացրին: Ըստ վարչական դատարանի, Իսրայելյանի վերջնական թիվը կազմեց 421, իսկ Սահակյանինը՝ 438: Վարչական դատարանը 5 րոպեի ընթացքում հրապարակեց վճիռը, որն ուժի մեջ մտավ երեկվանից եւ բողոքարկման ենթակա չէ:

Ռ. Մ.

Ցուցմունքները հակասում էին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ նախկին դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Ցուցմունքներ տվեցին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին օպեր-լիազորներ Կարեն Խաչատրյանը եւ Ռոբերտ Կայֆաջյանը, որոնք այժմ աշխատում են Պետեկամուտների կոմիտեում: Վերջիններս հայտնեցին, որ ԿՀԴՊ 3-րդ վարչության պետ Սամվել Ասատրյանից հրահանգված են եղել փետրվարի 23-ի երեկոյան զենք-զինամթերք ունենալու կասկածանքով բերման ենթարկել Էջմիածնից Երեւան եկող մեքենաների ուղեւորներին: Կ. Խաչատրյանը հայտարարեց, որ Գ. Ջհանգիրյանի վարորդ Լյովա Պողոսյանին բերման են ենթարկել «ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով»: Մինչդեռ Գ. Ջհանգիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը հիշեցրեց, որ նախաքննական մարմնին վկան ասել է, որ Լ. Պողոսյանին բերման են ենթարկել «ոստիկաններին դիմադրություն ցույց տալու կասկածանքով»: Ռ. Կայֆաջյանն էլ նախաքննական ցուցմունքում ասել է, որ Գ. Ջհանգիրյանի օգնական, իր համակուրսեցի Կարեն Հովհաննիսյանին բերման են ենթարկել «դիմադրություն ցույց տալու համար», մինչդեռ դատարանում ժպտալով ասաց, որ իր ասածն իրականությանը չի համապատասխանում եւ այդ հարցում սխալվել է:

Երեկվա դատը մերթընդմերթ ընդհատվում էր դատավոր Ժորա Վարդանյանի եւ Գ. Ջհանգիրյանի, մեղադրող Կորյուն Փիլոյանի եւ պաշտպանական կողմի հայտարարություններով, որոնք հիմնականում վերածվում էին լեզվակռվի: Ի դեպ, Գ. Ջհանգիրյանը դատապարտեց օրեր առաջ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սմբատ Այվազյանի գործով մեղադրող Հովսեփ Սարգսյանի միջնորդությունը, համաձայն որի՝ վերջինս պահանջում է երկուսուկես տարվա ազատազրկման դատապարտել նախկին նախարարին. «Սմբատ Այվազյանը Արցախի ու Հայաստանի համար ամեն ինչ անող մարդ է: Հ. Սարգսյանին տված դիպլոմն անվավեր եմ համարում, որը ես եմ տվել: Այդպիսի իրավաբան չպետք է լինի»:

Գ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել