Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ երեխան էլ չկապեց»

Նոյեմբեր 07,2008 00:00

Հոգեբանի կարծիքով, ամուսինները շատ դեպքերում բաժանվում են, քանի որ մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ չեն ունենում եւ իրար լավ չեն ճանաչում:

«Երբ ամուսնացանք, երկուսս էլ շատ սիրում էինք իրար: Համատեղ կյանքի առաջին տարին շատ լավ, շատ խաղաղ անցավ, բայց մեկ տարի անց՝ երեխայի լույս աշխարհ գալու հետ մեկտեղ, ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Թվում էր, թե պետք է հակառակը լիներ, երեխան պետք է նորություն հաղորդեր հարաբերություններին, բայց մեր պարագայում այդպես չեղավ: Կենցաղային խնդիրներն այնքան շատացան, որ զգացմունքներից այլեւս ոչինչ չմնաց»,- մեզ հետ զրույցում ասաց 23-ամյա Լիլիթը: Նա արդեն 8 ամիս է՝ ամուսնալուծված է եւ 2 տարեկան դստեր հետ ապրում է ծնողների տանը: Լիլիթի ներկայացմամբ՝ նոր ընտանիք կազմելու մասին չի էլ մտածում:

28-ամյա Հայկն էլ ամուսնալուծվել է երկու տարի առաջ: Չորսամյա դստերն ու երեքամյա որդուն տեսնում է շաբաթը 2 անգամ: Երկրորդ անգամ ամուսնանալու մասին դեռ չի մտածում. «Առաջին ամուսնությունից ունեցածս հիասթափությունն այնքան մեծ է, որ երկրորդ անգամ նման քայլ անելու մասին դեռ ի վիճակի չեմ մտածել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա:

33-ամյա Հասմիկն էլ, իմանալով ամուսնու դավաճանության մասին, առանց երկմտելու վերցրել է 10-ամյա որդուն եւ հեռացել. «Ամեն ինչի հետ գուցե հաշտվեի, ամեն ինչ կարող էի ներել, բայց ոչ դավաճանությունը»:

Վերջին տարիներին Հայաստանում ամուսնալուծությունների թիվը կտրուկ աճել է. այդ մասին փաստում է նաեւ ազգային վիճծառայությունը: Ըստ վիճակագրական տվյալների, այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում հանրապետությունում ամուսնալուծվել է 2195 զույգ, իսկ անցյալ տարվա միայն վերջին 5 ամիսներին գրանցվել է 1341 ամուսնալուծություն, մինչդեռ ողջ 2006-ի ընթացքում բաժանվել է 1398 զույգ:

«Առավոտի» հետ զրույցում հոգեբան Նարե Գրիգորյանն ամուսնալուծությունների աճը պայմանավորեց անցումային ժամանակաշրջանով. «Մեր հասարակությունը ճգնաժամային վիճակում է, այժմ մենք գտնվում ենք 2 տարբեր մշակույթների՝ հնի ու նորի՝ հայկականի եւ արեւմտյանի արանքում: Իսկ դրանից բխում են մի շարք խնդիրներ, որոնք էլ հիմնականում ամուսնալուծությունների պատճառ են դառնում: Ամենաառաջնային եւ, թերեւս, ամենամեծ խնդիրը մեր հասարակությունում սեռական դաստիարակության բացակայությունն է եւ միաժամանակ արեւմուտքից արագ ներխուժող սեռական ազատությունը: Հին կարծրատիպերը շարունակում են գոյություն ունենալ եւ ճնշել, իսկ նորին հետեւողներն էլ հաճախ մյուս ծայրահեղության մեջ են հայտնվում»:

Ըստ հոգեբանի՝ մեր հասարակությունը չի ընդունում մինչամուսնական սեռական հարաբերությունները, ինչի հետեւանքով էլ այդքան տարածված են ամուսնական դավաճանությունները. «Անհատներն, ունենալով տարբեր գիտելիքներ, տարբեր կուլտուրաներ սեռական կյանքի վերաբերյալ, առանց միմյանց այդ առումով ճանաչելու եւ փորձ ունենալու, մտնում են ամուսնական կյանք եւ հենց այստեղից էլ սկսվում են ընտանեկան խնդիրները: Ամուսնալուծությունների պատճառ է դառնում նաեւ այն, որ հասարակությունն, անընդհատ ճնշում գործադրելով երիտասարդների վրա, միեւնույն ժամանակ չի կարողանում ձեւավորել հասուն մարդ, անհատ, ով կարող է պատասխանատվություն կրել, կարող է ընդունել դիմացինին, հանդուրժող լինել»:

Այսօր Հայաստանում գործող աշխարհիկ օրենքի համաձայն, ամուսնալուծության գործընթացը բավականին հեշտ է. անհրաժեշտ է միայն ամուսնալուծվողների փոխհամաձայնությունը: Սակայն այս նախապայմանը բավական չէ պսակի լուծարման եկեղեցական կանոններում: Այս առնչությամբ, Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը մեզ հետ զրույցում ասաց. «Երբ Աստված Ադամին ստեղծելուց հետո ստեղծեց Եվային, ասաց, որ սա այժմ ոսկորն է իր ոսկորից եւ մարմինն է իր մարմնից: Եվ սա պիտի կոչվի կին, քանզի իր տղամարդու կողից ստեղծվեց: Եվ այն, ինչ որ Աստված միացրեց՝ մարդը թող չբաժանի: Հետագայում, մեղքի աշխարհ գալու հետ մեկտեղ, աշխարհ եկան նաեւ դրա հետեւանքները եւ ինչ-ինչ պատճառներով ամուսնալուծությունը դարձավ անխուսափելի երեւույթ»:

Այժմ Հայ առաքելական եկեղեցին որոշակի նախապայմաններ է սահմանել ամուսնալուծությունների համար: Դրանք են՝ ամուսնական դավաճանությունները, ամուսիններից մեկի մահը, յոթ տարի անհայտ գտնվելը, որոշակի հիվանդությունները, ամուսիններից մեկի դավանափոխ լինելու հանգամանքը: Քահանայի խոսքերով՝ մահվան պարագայում տղամարդը եւ կինն այլեւս ազատ են երկրորդ անգամ ամուսնանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել