Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ

Նոյեմբեր 07,2008 00:00

Չնայած տրանսպորտի եւ կապի նախարարությունը չի հասցրել տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրել՝ պահանջում է դեղին պետհամարանիշներով երթեւեկել:

«Դուք գիտե՞ք, որ առանց դեղին պետհամարանիշի չի թույլատրվում տաքսի վարել, իսկ քանի որ դա չունեք, նշանակում է՝ այս պահին կատարում եք անօրինական փոխադրում, որի համար էլ մենք տեղում ակտ կկազմենք եւ ձեզ տուգանքի կենթարկենք»,- մայրաքաղաքի տաքսու վարորդներից մեկին երեկ ասաց ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանը: «Բայց ես ոչ մի խախտում չեմ արել, նորմալ քշել եմ: Իսկ դեղին համարների մասին առաջին անգամ եմ լսում: Ով որ պետք ա, թող մեր սերվիսի տնօրենին զգուշացներ էդ մասին: Ես ընդամենը վարորդ եմ, դա իմ գործը չի»,- ի պատասխան ասաց վարորդը:

Երեկ մայրաքաղաքի տարբեր հատվածներում կարելի էր ականատես լինել տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակցի եւ տաքսու վարորդների նման խոսակցությանը: Ճանապարհային ոստիկանության եւ տրանսպորտային տեսչության աշխատակիցները համատեղ կազմակերպած միջոցառման ժամանակ կանգնեցնում էին տաքսու նշանով այն բոլոր մեքենաները, որոնք դեղինի փոխարեն սպիտակ համարանիշներով էին: Ըստ տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանի, միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ առ այսօր տաքսիների վերահսկողությունը կատարվել է հիմնականում իրենց տեսչության աշխատակիցների ջանքերով, բայց ելնելով նրանից, որ տաքսիները հիմնականում գտնվում են շարժման մեջ, իսկ իրենք մեքենաները ընթացքի մեջ կանգնեցնելու իրավասություն չունեն, ապա անհրաժեշտ է եղել նաեւ ճանապարհային ոստիկանների աջակցությունը:

Միջոցառմանը մեր ներկա լինելու պահին ստուգման ենթարկվեց մոտ մեկ տասնյակ տաքսի: Պարզվեց, որ դեղին համարանիշեր չունենալը վարորդների միակ խախտումը չէր: Օրինակ, «Կառուզո» տաքսի ծառայության վարորդը, որը ներկայացավ Տիգրան անունով, մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի: «Ինչպե՞ս եք ուղեւոր փոխադրում առանց վարորդական իրավունքի, գոնե անձը հաստատող որեւէ փաստաթուղթ ունե՞ք»,- Հ. Մաթեւոսյանի այս հարցին ի պատասխան՝ վարորդը ասաց. «Դակումենտացիաս վերցրել են, որ քսերոքս անեն: Եթե ուզում եք՝ սպասեք, հիմա կզանգեմ, ինչ փաստաթուղթ որ պետք ա՝ կբերեն»: Որոշ ժամանակ անց ոստիկաններին մոտեցավ «փաստաթուղթ բերողը» եւ սկսեց դժգոհել, որ բոլոր պահանջներն իրենց ներկայացվում են անհիմն ու անտեղի. «Մենք վաղուց ենք բոլոր փաստաթղթերը ներկայացրել ու 200 հազար դրամը մուծել՝ լիցենզիայի ու դեղին համարանիշ վերցնելու համար: Բայց մինչեւ էսօր ձգձգում են ու չեն տալիս, մեր մեղքը ո՞րն է»: Սակայն ոստիկաններն այս արդարացմանը ոչ մի ուշադրություն չդարձրին, եւ մեքենան տարվեց տուգանային հրապարակ: Հ. Մաթեւոսյանի ներկայացմամբ. «Կներկայացնեն վարորդական իրավունքը՝ կկազմենք համապատասխան արձանագրություն, որից հետո մեքենան դուրս կհանվի տուգանային հրապարակից»: Իսկ «Երեւանյան տաքսի» ծառայության վարորդն էլ պատճառաբանեց. «Այ, հենց էսօր գնում եմ դեղին համարները վերցնելու»: Մեկ այլ օրինախախտ տաքսու վարորդ տուգանվեց 20 հազար դրամով: Ուշագրավ էր նաեւ, որ տաքսիների «տուժած» վարորդները, ոստիկանների աչքից հեռու, զանգում էին իրենց օֆիս կամ էլ ծանոթ վարորդներին, որ զգուշանան:

Հ. Մարտիրոսյանի տեղեկացմամբ, իրենց տեսչության կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքների արդյունքում, այս տարվա ապրիլի 1-ից մինչ օրս տաքսի ծառայություն իրականացնողների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 511 արձանագրություն, որի արդյունքում պետբյուջե է փոխանցվել շուրջ 8 մլն 235 հազար դրամ: Հ. Մարտիրոսյանը հավաստիացրեց նաեւ, որ միջոցառումը շարունակական է լինելու. «Ստուգումները կատարվելու են ամբողջ հանրապետությունով մեկ: Այսօր առավոտյան ստուգումը սկսվել է Արագածոտնի մարզում, վաղը կլինի Արարատի մարզում: Նախնական տվյալներով, միջոցառումը կշարունակվի առաջիկա մեկուկես ամիսների ընթացքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել