Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՐԵՑԻՆ

Նոյեմբեր 07,2008 00:00

Երեկ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, թե՝ «ժողովրդի վստահության քվեն չստացած, բռնությամբ եւ արյունով իշխանության եկած, հայության հետ հոգեւոր եւ բարոյական առումով որեւէ կապ չունեցող հանցագործ վարչախմբի պարագլուխ Սերժիկ Սարգսյանը Մոսկվայում վավերացրեց մի փաստաթուղթ, որի իրավունքը նա չուներ»: Նախաձեռնության անդամների պնդմամբ՝ «ՀՀ այսօրվա ռեժիմի պարտվողական քաղաքականության գործնական քայլերի սկիզբը դրվեց Մոսկվայում, այն շարունակվում է եվրոպաներում եւ վերջակետը դրվելու է Վաշինգտոնում: Իրականացվել է հանցագործ վարչախմբի պարտվողական քաղաքականության՝ կապիտուլյացիայի առաջին փուլը»: Նախաձեռնության անդամները կոչ են անում հասարակությանը կանխարգելել եւ վիժեցնել այդ քաղաքականությունն այսօր, «որ վաղը ուշ չլինի», եւ անթույլատրելի են համարում ազատագրված տարածքների վերադարձն ու այդ տարածքներում միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը՝ համոզված լինելով, որ «Արցախի ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը սահմանում կանգնած Հայ զինվորն է: Որեւէ այլ երաշխիք՝ տրված միջազգային հանրության, կազմակերպությունների, տարածաշրջանում շահեր ունեցող տերությունների կողմից՝ խաղաղապահ ուժերի միջոցով հակամարտության գոտում հաստատել խաղաղություն, դատապարտված է ձախողման»:

Հայտարարության մեջ կոչ է արվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կազմակերպություններին, միջազգային հանրությանը՝ գիտակցելու, որ «իրենք բանակցում են մի մարդու հետ, որը չի ներկայացնում ո՛չ հայությունը եւ ո՛չ էլ Հայաստանը», եւ զգուշացվում, որ գործող չընտրված նախագահը վաղ թե ուշ լքելու է Հայաստանը, իսկ միջազգային հանրությունը եւ հակամարտությամբ զբաղվող կազմակերպությունները ստիպված են լինելու «հակամարտության կարգավորումը սկսել սկզբից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել