Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ

Նոյեմբեր 07,2008 00:00

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների անցած շաբաթավերջին կայացած հանդիպումը զգուշավոր լավատեսության առիթ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ըստ ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ համանախագահողներն այդ մասին հայտարարել են երեկ Վիեննայում կայացած ասուլիսում: Ավելի ստույգ՝ այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան. «Կան անձնական ու օբյեկտիվ գործոններ տարածաշրջանում, որոնք մեզ՝ համանախագահողներիս որոշ զգուշավոր կամ իրատեսական լավատեսության հիմք են տալիս»: Որպես անձնական գործոն՝ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն առանձնացրել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի «կառուցողական ոգին», որը դրսեւորվել է նաեւ անցած տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում նրանց առաջին հանդիպման ժամանակ. «Այդ կառուցողական ոգին հնարավորություն ընձեռեց նրանց ստորագրել առաջին հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ»: Ըստ նրա՝ Երեւանի եւ Անկարայի միջեւ քննարկումները նույնպես դրական գործոններ են: Իսկ օբյեկտիվ գործոնների շարքում նշվել են այն ակնհայտ փոփոխությունները, որոնք հետեւեցին վրացական ճգնաժամին:

Ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվայի հանդիպումը թեեւ երկկողմանի պայմանավորվածությունների արդյունք էր, սակայն այն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է: Ասուլիսում ազդարարվել է, որ Մինսկի խմբի համանախագահողները ծրագրում են տարածաշրջան այցելել ԵԱՀԿ նախարարների կոմիտեի նիստից մեկ շաբաթ առաջ. այն նախատեսվում է անցկացնել Հելսինկիում՝ դեկտեմբերի 4-5-ին:

Հ.Գ. Մեթյու Բրայզան նաեւ հայտարարել է, թե Մոսկովյան հռչակագրով մադրիդյան սկզբունքների շուրջ մոտ 1 տարի շարունակված բանավեճը կարելի է համարել ավարտված. «Այսպիսով մադրիդյան սկզբունքների ուժի մեջ լինել-չլինելու հարցը օրակարգից դուրս է գալիս: Այս հարցի լուծմանն ուղղված բոլոր համատեղ ջանքերն այսուհետեւ հիմնված են լինելու հենց այդ հիմնարար սկզբունքների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել