Լրահոս
Օրվա լրահոսը

«Մելտեքսին» փոխհատուցում տվեցին

Նոյեմբեր 07,2008 00:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով իր վարույթում գտնվող «Մելտեքս ՍՊԸ եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 32283/04 բողոքը՝ դեռ հունիսի 17-ին իր կայացրած վճռով արձանագրել էր, որ «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու ազատությանը միջամտելը, մասնավորապես, յոթ անգամ մերժելով նրան հեռարձակման լիցենզիայի տրամադրումը, չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայով սահմանված պահանջներին եւ 10-րդ հոդվածի խախտում է»: Դատարանի որոշմամբ, ՀՀ կառավարությունը «Մելտեքս» ՍՊԸ-ին պետք է վճարեր 30 հազար եվրո, որից 20 հազար եվրոն պետք է վճարվի 2002թ. ապրիլից եթերազրկված «Ա1+»-ին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ «Մելտեքսին» 10 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: Այդ գումարն, ի դեպ, «Մելտեքսը» պետք է փոխանցի ԵԴ-ում իր շահերը պաշտպանած բրիտանացի փաստաբաններին: ԵԴ-ի կայացրած որոշմամբ, Հայաստանը՝ որպես ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու պարտավորություն ստանձնած երկիր, պետք է ԵԴ որոշումը կատարեր նշված վերջնաժամկետի սահմաններում՝ մինչեւ ս.թ. դեկտեմբերի 17-ը:

Ահավասիկ երեկ ՀՀ կառավարությունն՝ ի կատարումն ԵԴ վճռի, հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը եւ որոշել է պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել 30 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ «Մելտեքսին» փոխանցելու համար:

Իհարկե, «Ա1+»-ի փաստաբանների համոզմամբ, Եվրոպական դատարանի վճռի կատարումը միայն այդ փոխհատուցումը տրամադրելը չէ, այլեւ այն, որ ՀՀ կառավարությունը պետք է նաեւ միջոցներ ձեռնարկի «Ա1+»-ի ոտնահարված իրավունքը վերականգնելու, ասել է թե՝ հեռուստաընկերությանը եթեր վերադարձնելու համար: Այս մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված իր հարցազրույցում պնդել է նաեւ «Մելտեքս»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:

Նա համարում է, որ «Ա1+»-ի եթերազրկումից հետո անցած 6 տարիների ընկերության կրած նյութական վնասները շատ ավելի մեծ էին, քան նշանակված փոխհատուցումը: Այդուհանդերձ, նա առավել կարեւորել է ընկերության իրավունքների վերականգնումը: «Մեր ուշադրությունը պետք է սեւեռենք դատարանի որոշման մնացած բոլոր կետերի կատարման վրա, որոնցից ամենակարեւորը մեր իրավունքների վերականգնումն ու թափանցիկ մրցույթ անցկացնելն է»,- հայտարարել է Մ. Մովսեսյանը:

Այն, որ նման թափանցիկ մրցույթ մոտ ապագայում չի լինի, վկայում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ խորհրդարանի կողմից այս տարվա սեպտեմբերին ընդունված օրենքը, որով փաստացի եւ առնվազն երկու տարով կասեցվել է հեռարձակման արտոնագիր ստանալու համար մրցույթների անցկացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել