Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնես+բյուջե=ախպերություն

Նոյեմբեր 07,2008 00:00

Բավական է նույնիսկ թռուցիկ հայացքով հետեւել բյուջետային քննարկումներին եւ որոշ պատգամավորների կողմից արվող առաջարկներին, որպեսզի հասկանանք, որ պետական միջոցների իրական շռայլումը եւ չարաշահումը տեղի է ունենում հենց այս օրերին:

Ըստ էության, բյուջեն դեռ չընդունած, այն արդեն ծախսված է լինում: Կոնկրետ անուններ առայժմ չենք հրապարակի, սակայն պատգամավորների ճնշող մեծամասնությունը պետական բյուջեի քննարկումների ընթացքում զբաղված է իր կամ իր հարազատի, եղբոր, քրոջ, աներձագի կամ այլ ազգականի մեծ կամ փոքր բիզնեսին, տարբեր խուճուճ-մուճուճ անուններով սեփական հ/կ-ներին եւ այլ կառույցների բյուջեից մի բան հատկացնելով: Բյուջետային հատկացումների վերաբերյալ գրեթե բոլոր պատգամավորներն առաջարկություններ են անում ոչ թե շարքային քաղաքացիների դարդն ու ցավը հոգալու նպատակով, այլ առաջնորդվում են «սեփական ծառը ջրելու» տրամաբանությամբ: Պատգամավորների մի խումբ էլ զբաղված է այս կամ այն ծրագրի համար բյուջեից «փող պոկելով»՝ նախապես պայմանավորվելով, որ տվյալ ծրագրի «տերն» այդ «պոկածից» իրեն եւս բաժին կհանի: Փաստորեն, օրենսդրական գործունեությանը զուգահեռ, մարդիկ մտնում են խորհրդարան՝ նաեւ «քյաշ» փող աշխատելու նպատակով: Նրանք, ովքեր կարողանում են այսպես աշխատել, իրենց «չաղ ու բախտավոր» են զգում, իսկ ովքեր դեռ չեն կարողանում բյուջեն այս ձեւով թալանել՝ մտքում նախանձում են իրենց ճարպիկ գործընկերներին: Մինչ այլ մանրամասների անդրադառնալը, ուզում եմ խոսել մի խնդրի մասին: Երեկ փորձեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանից տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչ առաջարկություններ են արել պատգամավորները բյուջետային քննարկումների ժամանակ: Ապարդյուն: Ի դեպ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ օրենքով սահմանված կարգով պարոն Սողոմոնյանից տեղեկություն ենք խնդրում եւ նա մերժում է տրամադրել այն՝ դրանով իսկ խախտելով օրենքը: Մինչդեռ, Ազգային ժողովի կայք-էջում բարեխղճորեն տեղադրվում է բյուջետային քննարկումների լուսաբանումը: Հենց այդտեղից էլ ճշտեցինք, որ մեր բանավոր տեղեկությունները իրականության հետ ամենաանմիջական կապ ունեն: Մինչ այդ պարզել էինք, որ ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կողմից բյուջեում եղել է ընդամենը մեկ առաջարկ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահպանման ծախսերի համար հանձնաժողովը խնդրել է նախատեսել 167 954 900 դրամ: Սակայն հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը մեկ այլ՝ առողջապահության հարցերի հանձնաժողովում բյուջեի քննարկումների ժամանակ իր անձնական սեփականություն հանդիսացող Կարմիր խաչի «Գրացիա» վերականգնողական կենտրոնի համար խնդրել է նախատեսել ոչ ավել, ոչ պակաս՝ 42 միլիոն դրամ: Նրանից ետ չի մնացել նաեւ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով մանկական բուժօգնության համար առաջարկել է նախատեսել լրացուցիչ 549 միլիոն դրամ; Ի դեպ, պարոն Բաբլոյանին է պատկանում Հայաստանի մանկական բժշկական կենտրոններից մեկը: Իսկ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանն իր հոր անվան արյունաբանական կենտրոնի համար հասցրել է բյուջեից խնդրել, եւ, ամենայն հավանականությամբ, նա եւս իր ուզածը կստանա, բյուջետային 18 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել