Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-Ի՞, ԹԵ՞ ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾ

Նոյեմբեր 07,2008 00:00

Հատուկ քննչական ծառայությունը կես տարի շարունակ իրականացրել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին առաջադրված

մեղադրանքների հետ կապ չունեցող քննություն:

Փորձեք գուշակել՝ քննիչը ի՞նչ գործով կարող էր նման հարց տալ վկային. «Ձեզ է ներկայացվում 2007թ. ապրիլի 1-ի ամսաթվով կազմված պայմանագիր, որի համաձայն՝ Ձեր եւ «Անուշ» ՏԱՄ ՍՊԸ-ի տնօրեն Շմավոն Գալստյանի միջեւ տարածքի վարձակալման պայմանագիր է կազմվել: Նշված պայմանագրի վերջնամասում, աջ հատվածում, Ձեր անվան տակ առկա է ստորագրություն: Ո՞ւմ կողմից է այն թողնվել, ի՞նչ կասեք նշված պայմանագիրը կազմելու մասին: Միաժամանակ Ձեզ է ներկայացվում նմանատիպ մեկ այլ պայմանագիր, որը կազմված է 2008-ի փետրվարի 1-ի ամսաթվով, որտեղ նույնպես Ձեր անվան տակ առկա է ստորագրություն. ո՞ւմ կողմից է այն թողնվել, ի՞նչ է Ձեզ հայտնի այդ պայմանագիրը կազմելու մասին»: Սա մի դրվագ է հարցաքննությունից, որը վարվել է հետեւյալ պաշտոնական անվանումը կրող քրգործով. «Սահմանադրության խախտմամբ իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ կատարելու, Երեւանում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված»:

Մայիսի 6-ին գերազանցապես նման հարցեր են ուղղվել «Անուշ» ընկերության տարածքում գործող ոսկու շուկայի 16 աշխատակիցներին՝ «Ձեր աշխատած ժամանակահատվածում ամսական գումարները մուծելիս Ձեզ կտրոններ տվե՞լ են, թե՞ ոչ», «Դուք անհատ ձեռներեցի վկայական երբվանի՞ց եք ունեցել» եւ այլն: Միակ հարցը, որը գոնե ինչ-որ կապ ունի մարտի 1-ի դեպքերի հետ՝ սա է, որ նաեւ հետաքրքրվել են, թե արդյոք ոսկու շուկայի աշխատակիցներին կազմակերպե՞լ են, որ գնան հանրահավաքների: Ներկայացնենք այս կապակցությամբ տրված պատասխաններից մեկը. «Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ով է մեզ կազմակերպել հանրահավաքի գնալու համար, կարող եմ ասել, որ ինձ կոնկրետ ոչ մեկը չի դիմել եւ առաջարկ չի արել, որպեսզի ես գնամ հավաքի, սակայն պարզ էր, որ այն կազմակերպվում էր Հակոբ Հակոբյանի կողմից, սակայն կոնկրետ ես նրան չեմ տեսել ո՛չ հանրահավաքի վայրում, ո՛չ էլ նրանց տան մոտ»:

Մայիսին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, թե ինչպես էին հարցաքննության տարել ոսկու շուկայի աշխատակիցներին՝ ոստիկանները նրանց բռնի ուժով բերման էին ենթարկել աշխատավայրից ու տարել անհայտ ուղղությամբ՝ անգամ հարազատները չգիտեին նրանց գտնվելու վայրը:

Դրանից հետո մամուլն այս հարցին այլեւս չանդրադարձավ: Սակայն դատելով «Մարտի 1»-ի գործի նյութերից՝ հաջորդող ամիսներին էլ նախաքննության մարմինն ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի մասով հիմնական վկաներ է համարել ոսկու շուկայի աշխատակիցներին: Չենք զլանա ու կմեջբերենք այս հարցաքննությունների ողջ վիճակագրությունը: Մայիսի 14-ին հարցաքննել են ոսկու շուկայի 20 աշխատակիցների, հունիսի 11-ին՝ 11-ի, հուլիսի 2-ին՝ եւս 2-ի, հուլիսի 7-ին՝ 1 հոգու, հուլիսի 8-ին՝ 5-ի, հուլիսի 9-ին՝ 1 հոգու, հուլիսի 14-ին՝ 15 հոգու, հուլիսի 15-ին՝ 8-ի, հուլիսի 16-ին՝ 9 հոգու, հուլիսի 17-ին՝ 4-ի, հուլիսի 18-ին՝ 11 հոգու, հուլիսի 21-ին՝ 11-ի, հուլիսի 22-ին՝ 5 հոգու, հուլիսի 23-ին՝ 6-ի, հուլիսի 24-ին՝ 7 հոգու, հուլիսի 25-ին՝ 7-ի, հուլիսի 28-ին՝ 6 հոգու, եւ վերջապես՝ հուլիսի 29-ին՝ 3 աշխատակցի: Տպավորությունն այն է, որ ուղղակի միտում է եղել կաթվածահար անել ոսկու շուկայի գործունեությունը՝ ամիսներ շարունակ անընդհատ հարցաքննությունների տանելով դրա վաճառականներին: Եվ նման

ցանկության պատճառն էլ այն է, որ «Անուշ» ՍՊԸ-ն փաստացի համարվել է Հակոբ Հակոբյանի սեփականությունը, թեեւ հենց գործում կա պայմանագիրը, որ դեռ 2003-ի հոկտեմբերին «Անուշը» անհատույց օգտագործման էր տրված Շմավոն Գալստյանին:

Այնուամենայնիվ, ոսկու շուկայի աշխատակիցների հարցաքննություններն ավարտելուց հետո սկսել են հարցաքննել «Անուշ» ՍՊԸ տարածքում պահեստ վարձակալած պտուղ-բանջարեղեն վաճառողներին: Հարցադրումների բովանդակությունն էլի նույնն է՝ իրականում ինչքա՞ն եք վճարել եւ ինչո՞ւ այդ գումարը չի համապատասխանում պայմանագրում նշվածին, կտրոն ստացե՞լ եք, թե՞ ոչ: Մենք չենք վիճարկում, որ իհարկե՝ հարկային չարաշահումների քննությունը շատ կարեւոր է: Բայց գործի շուրջ 3 հատորները կազմող նման մանրակրկիտ քննությունը (ընդհանուր առմամբ, հարցաքննվել են «Անուշ» ՍՊԸ-ի տարածքում գործունեություն ծավալած շուրջ 160 ձեռներեց) ի՞նչ կապ ունի մարտի 1-ի հետ: Ի վերջո՝ օգոստոսի 13-ին «Անուշ» ՍՊԸ-ի վերաբերյալ նյութերն առանձնացվել են առանձին վարույթ, ու հարուցվել է նոր գործ:

Այս համատեքստում ուշագրավ է, որ մարտի 1-ին կատարվածի վերաբերյալ Հակոբ Հակոբյանի վկայությունները քննիչներին հետաքրքրել են նախաքննության ավարտից միայն 1 ամիս առաջ: Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱԺ նիստերի դահլիճում Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, թե ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը կարող է վկայել, որ երբ Ֆրանսիական դեսպանատան մոտ զրահամեքենայի ապակիներն էին ջարդում եւ ուզում էին հրդեհել՝ ինքն է կանխել ու մի կերպ ճանապարհ է բացել, որ դուրս գա մեքենան: Ու թեեւ իրավապահները վստահեցնում են, թե իրականացվում է համակողմանի քննություն, ու քննվում են նաեւ մեղադրյալների անմեղությունը հաստատող ապացույցները՝ այդ գնդապետին հարցաքննել են միայն օգոստոսին (նա էլ հաստատել է Հակոբյանի ասածը): Մինչդեռ պատգամավորի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը դեռ ապրիլին էր միջնորդել հարցաքննել բոլոր այն անձանց, որոնց անուններն իր ելույթում տվել էր Հակոբ Հակոբյանը: Ի դեպ, նաեւ տեսագրություն կա, որը հաստատում է այս զրահամեքենայի վերաբերյալ պնդումները: «Ու փոխանակ այդ ապացույցին առավելություն տրվի ու գնահատական տան մարդու գործողություններին՝ փորձել են ստեղծել արհեստական ապացույցներ»,- այս կապակցությամբ մեզ ասաց Մելանյա Առուստամյանը:

ԱԺ-ում Հակոբ Հակոբյանը նաեւ հայտարարեց. «Խնդիր չկա, թող քննությունը կատարվի, իմ համար էլ է դա ձեռնտու, որպեսզի ապացուցվի։ Եթե կգտնվի մեկը, որ կասի՝ Հակոբ, դու հրահրել ես, ասել ես՝ շիշ վերցրու կամ այս մեքենային կամ որեւէ մեկին վիրավորի, հարց չկա, ես պատասխանատու եմ գլխով»: Բայց այդ ժամանակ ո՛չ նա, ո՛չ էլ որեւէ մեկը չէր կարող անգամ կռահել, թե մարտի 1-ի դեպքերը քննելու փոխարեն՝ նախաքննության մարմինը կենտրոնանալու է ոսկու շուկայի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել